Home / Armenia  / Սիրիայից տեղահանված երեխաները Հայաստան են գալիս հոգեբանական ու լեզվական լուրջ խնդիրներով

Սիրիայից տեղահանված երեխաները Հայաստան են գալիս հոգեբանական ու լեզվական լուրջ խնդիրներով

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Երևան (Նորանոր) – Սիրիական պատերազմի հետևանքով տեղահանված երեխաները Հայաստանում բախվում են լուրջ խնդիրների, որոնցից առաջնայինը ինտեգրումն է: Այն բանից բացի, որ նրանք Հայաստան են մեկնում արդեն հոգեբանական լուրջ խնդիրներով, հայրենիքում էլ առաջ են գալիս լեզվի, մտածողության և այլ դժվարություններ, որոնք դժվարացնում են ինտեգրումը հասակակիցների շրջանում:

 

Հայաստանում գործող կազմակերպությունները, որոնք զբաղվում են սիրիահայ և այլ երկրներից փախստական երեխաների խնդիրներով, փորձում են տարբեր եղանակներով լուծում տալ նրանց խնդիրներին: «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի սիրիահայերի խնդիրների համակարգող ծրագրերի ղեկավար Մարինե Թունյանը Noranor.ca կայքին ներկայացրել է հոգեբանական այն իրավիճակը, որում գտնվում են երեխաները: Աշխատում են ոչ միայն սիրիահայ երեխաների, այլև ապաստանի կարիք ունեցող և փախստական ընտանիքների երեխաների հետ:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՎ՝ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԴԵՌ ԿՐՈՒՄ ԵՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՎԱԽԵՐԸ

Նրանք, ովքեր պատերազմական գոտուց են տեղահանվել և եկել Հայաստան, նկատելիորեն հոգեբանական լուրջ բարդություններ են ունենում: Դա ակնհայտ է դառնում ոչ միայն նրանց հետ զրույցների, այլև տարբեր եղանակներով տարվող աշխատանքների ընթացքում: Ցնցումներից երեխաները մեկուսացած են լինում, և նույնիսկ գտնվելով Հայաստանում՝ դեռ կրում են պատերազմի հետևանքով առաջացած վախերը:

 

«Մենք հոգեբանական աջակցություն ենք ցուցաբերում: Օրինակ ավազով նկարչություն անելն այլընտրանքային մեթոդ է, որն իրականացվում է հոգեբանի անմիջական մասնակցությամբ՝ խաղի միջոցով: Երեխաները դրանից հետո ուրիշ մտածելակերպ ու հայացքներ են ունենում: Դրական արդյունքները պատկերների տեսքով են. սկզբնական շրջանում, երբ երեխան նկարում է, գույները շատ ավելի մռայլ են, ավելի վախեցնող, արդեն վերջում պատկերների ընկալումն ու գույները փոխվում են, նկատելի է լինում տարբերությունը»,– նշում է Մարինե Թունյանը: 

 

Խաղաղ Հայաստանում ծանր հիշողությունը վերացնելու համար նաև պատմամշակութային վայրեր են ուղեկցում երեխաներին

 

Երեխայի կատարած աշխատանքն արդեն դիտարկում են որպես դրական արդյունք: Խաղաղ Հայաստանում ծանր հիշողությունը վերացնելու համար նաև պատմամշակութային վայրեր են ուղեկցում երեխաներին, ինչը ևս դրական է ազդում: Նույն աշխատանքներն այլ խմբերի հետ իրականացնում են նաև այլ կազմակերպություններ:

 

«Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ» («Save The Children International») կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը երեխաների ինտեգրման գործընթացը մեծամասամբ դպրոցների հետ համագործակցության ճանապարհով է իրականացնում: Ընտրվել են Երևանի այն 5 դպրոցները, որտեղ ամենամեծ թվով սիրիահայ երեխաներն են սովորում: Դրանք թիվ 1, 14, 21, 67 և 71 դպրոցներն են, որոնք մեծամասամբ տեղակայված են կենտրոնում, որտեղ էլ բնակություն են հաստատում սիրիահայերը:

 

«Եթե մյուս դպրոցներում կա 2-3 սիրիահայ երեխա, ապա մեր ընտրած դպրոցներում 30-ից ավելի տեղահանված երեխաներ են հաճախում, և այս առումով ընտրվել են այն կրթօջախները, որոնցում աշխատանքն ավելի արդյունավետ կլինի, ավելի մեծ ծավալներ կընդգրկի»,– նշում է կազմակերպության «Սիրիահայ տեղահանված երեխաների և նրանց ընտանիքների ինտեգրման խթանումը Հայաստանում» ծրագրի համակարգող Նոննա Մարգարյանը:

 

Մասնագետը հիմնական խնդիրներից է համարում սոցիալական և լեզվական դժվարությունները: «Սոցիալական խնդիրն է ստեղծում պրոբլեմներ, երբ ընտանիքը չի ունենում աշխատանք, բնակարանի վարձի խնդիրներ են առաջանում, որոնք էլ, քիչ թե շատ, անդրադառնում են երեխայի վրա»,– աշխատանքի ընթացքում համոզվել է Մարգարյանը, իսկ երեխաները միայն սկզբնական փուլում են դժվարություններ ունենում: Երեխաների արագ ինտեգրման համար իրենք նախապատրաստական աշխատանքներ են տանում դպրոցներում: 

 

ԼԵԶՎԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐՆ ԱՐՏԱԴԱՍԱՐԱՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ

«Երբ սիրիահայ երեխան մտնում է դպրոց, արդեն իսկ նրա և մանկավարժական կոլեկտիվի հետ աշխատանք է տարված լինում: Նախապես ասվում է՝ ինչպես դիմավորել, ինչպես ընդունել, ինչպես լինել հանդուրժող: Իրենք արդեն պատրաստ են լինում ընդունել սիրիահայ երեխաներին՝ որպես իրենց ընկերների: Մեր ընտրած դպրոցներում, որպես այդպիսին, խնդիր չենք ունեցել»,– պատմում է մասնագիտությամբ իրավաբան Նոննան, ով արդեն երկար տարիներ աշխատում է միգրացիայի և փախստականների խնդիրների համակարգման ոլորտում:

 

Այն երեխաները, ովքեր լեզվական խնդիրներ են ունենում, արտադասարանական պարապմունքների հնարավորություն ունեն, որոնք ևս կազմակերպվում են ինտեգրման ծրագրի շրջանակներում:

 

«Աշխատում ենք նաև երիտասարդների հետ: Պրակտիկա ենք անցկացրել, իսկ ընտանիքներին էլ հանձնել ենք 650 հզր դրամի չափով դրամաշնորհներ՝ իրենց համար փոքր բիզնես ստեղծելու և աշխատելու համար`լինի արհեստագործություն, ոսկերչություն, տնայնագործություն, ասեղնագործություն, սննդի կազմակերպում, վարսահարդարում»,– ասում է Նոննան: 

 

35 ընտանիքների տրամադրել են դրամաշնորհներ, ովքեր հիմնել են իրենց բիզնեսը, իսկ երեխաներին «Սեյվ դը չիլդրեն» ընկերությունն ինտեգրում է պատմամշակութային վայրեր այցելությունների շնորհիվ ևս: 

 

Փամբակի ճամբարում 12 օր ինտերակտիվ հանգստացել են, այդ ընթացքում հետաքրքիր միջոցառումներ անցկացրել

 

«Ծրագրերում ընդգրկվում են սիրիահայ և տեղացի երեխաներ՝ ապահովելու համար իրենց ինտեգրումը,շփումը, մտքերի փոխանակումը համայնքից, դպրոցից դուրս: Կազմակերպել ենք ամառային ճամբար. Փամբակի ճամբարում 12 օր ինտերակտիվ հանգստացել են, այդ ընթացքում հետաքրքիր միջոցառումներ անցկացրել»,– ներկայացնում է PFCS (Professionals For Civil Society NGO) հիմնադիր Նոննա Մարգարյանը:

 

Նույնատիպ ծրագիր է ներկայացնում նաև «ԿԱԶԱ» ընկերության ներկայացուցիչը՝ շեշտելով, որ մշակութային վայրեր այցելություններ են կազմակերպում. «Շեշտը դրված էր համայնքը հզորացնելու վրա: Այդ պահին հատուկ կացարանը, որտեղ ապրում էին տարբեր ազգերի ներկայացուցիչներ, տրամադրել էր միգրացիոն ծառայությունը, ու իրենք իրար հետ պետք է ավելի համերաշխ, ավելի տոլերանտ լինեին»:

 

«Սեյվ դը չիլդրեն» ընկերության ծրագիրը սկսվել է 2014 թվականից և այս տարեվերջին կավարտվի, իսկ շարունակություն կունենա, թե ոչ, ծրագրի ներկայացուցչին հայտնի չէ: Բայց նշում է, որ անհրաժեշտությունը կա այնքան ժամանակ, քանի դեռ շարունակվում է սիրիահայերի հոսքը Հայաստան: