6 բան, որ պետք է իմանալ այս շաբաթավերջին

 

ՇՈՂ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆ

 

Noranor.ca-ն ձեր ուշադրությանն է ներկայացնում 6 բան, որ պետք է իմանալ այս շաբաթավերջին:

 

1) Շաբաթվա, թերևս, կարևորագույն նորությունը ժամային փոփոխությունն է: Կիրակի՝ նոյեմբերի 6-ին, Կանադայում ժամացույցի սլաքները 1 ժամով հետ տալու ժամանակն է:

 

2) Կանադացիները քննարկում են, թե ինչպիսին կլինեն նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքները։ Նոր հրապարակված հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ ամեն 5 կանադացուց 4-ը սարսափում է հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հնարավոր հաղթանակից։

 

3) Նոյեմբերի 15-ից Տորոնտոյի Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) նախագահի պաշտոնը Քնար Բասմաջյանի փոխարեն կզբաղեցնի Միհրան Եգավյանը, իսկ Քվեբեկի Հայ Համայնքի Միացյալ Մարմնի համար շաբաթվա բարի լուրը 10,000 դոլարի նվիրատվությունն է: Տորոնտոյում ավելի քան 20 տարի իրենց մասնագիտական պարտքը կատարած ուսուցիչներին գնահատագրեր են հանձնվել, եւ սիրիահայ երեխաների հավաքական մկրտություն է իրականացվել։

 

4) Կանադական The Hill Times շաբաթաթերթի կայքի Letter to the Editor բաժնում հրապարակվել է Կանադայում ՀՀ հյուպատոս Սասուն Հովհաննիսյանի պատասխան հոդվածը Կանադայում Ադրբեջանի գործերի հավատարմատար Ռամիլ Հուսեյնլիի հայտարարությանը, թե «Կանադան անվերապահորեն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի և շրջակա 7 շրջանների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը»: 

 

5) Կանադայի դաշնային կառավարությունը, կարծես թե, քայլեր է ձեռնարկում ավիաուղևորություններն ավելի մատչելի դարձնելու և օդանավակայանների անվտանգության անցակետերում կուտակումները թեթևացնելու համար: Տորոնտոյի TD բանկը, իր հերթին, բարձրացրել է փոփոխական տոկոսադրույքով հիփոթեքային վարկերի տոկոսադրույքը՝ դարձնելով այն 2.85%, իսկ Մեծ Տորոնտոյի շրջանում հոկտեմբերին ռեկորդային ցուցանիշ է սահմանել տների վաճառքը: Տորոնտոյում վաճառվել է 9,768 սեփականություն, ինչը 11.5%-ով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշից:

 

6) Մոնրեալաբնակները այսօր՝ նոյեմբերի 4-ին՝ 21:00-ին, կարող են Թեքեյան մշակութային միությունում ներկա գտնվել Ալցգեյմեր հիվանդության վերաբերյալ համաժողովին, իսկ թատրոնի սիրահարները նոյեմբերի 5-ին և 6-ին կարող են վայելել «Իտալական ծղոտե գլխարկը» ներկայացումը:

 

Հաճելի հանգստյան օրեր ենք մաղթում: Չմոռանա՛ք ժամային փոփոխության մասին:

[facebook_like url=”” width=”” layout=”button_count” action=”like” faces=”true” share=”true”]