Home / Armenia  / Սիրիահայ գործարարը համալսարանում մարքեթինգ էր դասավանդում, հետո՝ տաքսի քշում. Շանթ Խայալյանը Հայաստանում ապագա է կառուցում

Սիրիահայ գործարարը համալսարանում մարքեթինգ էր դասավանդում, հետո՝ տաքսի քշում. Շանթ Խայալյանը Հայաստանում ապագա է կառուցում

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Երևան (Նորանոր) — Սիրիահայ Շանթ Խայալյանը երեքուկես տարի առաջ՝ 2013 թվականի փետրվարին, հեռացավ Սիրիայից և հաստատվեց հայրենիքում: Եկավ Հայաստան ոչ թե նրա համար, որ իրեն մեծ հայրենասեր է համարում, ինչպես շատերն են նշում, այլ նրա համար, որ ուներ հիմնավորված մի քանի դրդապատճառ:

 

Ուներ ինչպես եվրոպական երկրներ, այնպես էլ Կանադա մեկնելու հնարավորություն: Նրա հարազատներից ոմանք որոշեցին մեկնել Կանադա, բայց ինքը նախընտրեց Հայաստանը: Noranor.ca-ի հետ զրույցում Շանթը կիսվել է Հայաստան գալու դրդապատճառների, Սիրիական պատերազմի, բիզնեսի և այլ հարցերի շուրջ: 

 

Պատճառներից առաջինն այն էր, որ չէր ցանկանում աշխատել, ինչպես ինքն է ասում, ուրիշի ձեռքի տակ: Որպես երկրորդ պատճառ նշում է այն, որ այլ երկրներում քաղաքացիություն ձեռք բերելը կտևեր 3 տարի, իսկ Հայաստանում սեփական գործն էր որոշել հիմնել ու իր հաշվարկներով այդ երեք տարում բավական առաջընթաց կունենար: Երրորդ դրդապատճառը ներկայացնում է հետևյալ կերպ.

 

«Չեմ մտածում միայն ֆինանսականի մասին. այն, ինչ որ ես գտնում եմ Հայաստանում, այսինքն՝ ցանկացած պահի կարող եմ ընկերոջս հետ կոֆե խմել, խորոված անել, հանդիպել ընկերների հետ: Եվրոպայում կամ Կանադայում դա չեմ կարող անել, որովհետև այնտեղ ամեն մարդ զբաղված է իր գործով, իր առօրյա կյանքով: Ես այդ կյանքը չեմ ուզում: Ավելի լավ է ֆինանսով մի քիչ տկար լինեմ, բայց իմանամ, որ եթե անգամ փող չունեմ, կգնամ ընկերոջս մոտ, կասեմ սոված եմ, միասին մի պատառ հաց կուտենք: Այն միջավայրը, որ Սիրիայում ունեի, գտնում եմ միայն Հայաստանում»:

 

ՀԱՅՐԵՆԻՔԸ ՍԻՐԻԱՆ Է

Երկու երկրներում մարդկային հարաբերությունները մոտ են, իսկ իր հայրենիքը համարում է Սիրիան: Համոզված է, որ հայրենիքը այն երկիրն է, որտեղ ծնվել ու մեծացել է, թեև Քառօրյա պատերազմի օրերին պատրաստ էր մեկնել Լեռնային Ղարաբաղ ու կռվել նաև Արցախի համար: 

 

Սիրիայում պատերազմ եղավ, մենք չմասնակցեցինք, որովհետև մենք անելիք չունեինք, բայց այստեղ մեր գործն էր

 

«Իհարկե, վերջիվերջո մենք ունենք Հայաստան: Պատերազմից հետո եկանք այստեղ, չեմ կարող ասել, որ հայրենասիրությունից մղված, բայց պատրաստ էինք գնալ կռվի, քանի որ վտանգը տեսել էինք և չուզեցինք, որ կրկնվի նույնը, ինչ տեսել էինք Սիրիայում: Սիրիայում պատերազմ եղավ, մենք չմասնակցեցինք, որովհետև մենք անելիք չունեինք, բայց այստեղ մեր գործն էր»,– բացատրում է նա:

 

Շուշիում ապրող իր ընկերոջը դիմել էր պատերազմին մասնակցության համար: Տիրապետում է թուրքերենին, առաջարկել էր իր ծառայությունը գոնե այդ հարցում, սակայն անհրաժեշտությունը չեղավ: Փոխարենը, նա Հայաստանում անելիքներ ուներ, որտեղ թեև միջոցներն ու հնարավորությունները սահմանափակ էին, բայց իր աշխատելու ու ստեղծելու ձգտումն էր մեծ:

 

ԲԻԶՆԵՍԸ ԾԱՂԿՈՒՄ Է

Դեռ 2013-ին, երբ Շանթը նոր էր վերադարձել Հայաստան, արդեն իսկ ձեռնամուխ էր եղել նոր գործի հիմնման: Գործ, որը զուտ իր մասնագիտական հմտությունների ու ամուր կամքի շնորհիվ այսօր ընդլայնում է իր ծավալներն ու ավելացնում գործարարի եկամուտները:

 

Փոքր ու միջին ձեռնարկատիրությունների զարգացման ծրագրից օգտվելով՝ ցածր տոկոսադրույքով վարկ է վերցրել և սկսել օճառի արտադրություն: Օճառը միայն բնական հումքերով է պատրաստվում, իսկ տեխնոլոգիային տիրապետում էր դեռ Սիրիայում:

 

40-ամյա Շանթ Խայալյանը ունի մարքեթոլոգի մասնագիտական որակավորում: Սիրիայում զբաղվել է գործարարությամբ մի քանի ոլորտներում, արտադրել է զեյթունի ձեթ: Մի օր էլ քիմիկոս ընկերոջ օգնությամբ այդ նույն ձեթից ստացել է օճառ: Օճառի պատրաստումը եղել է նրա հայաստանյան բիզնեսի սկզբնական ուղղվածությունը:

 

Հայաստանում դեղաբույսերի ու օգտակար բնական բուսատեսակների պակաս չկա: Տարածքը վարձակալելուց հետո ինքն իր ձեռքով է կատարում հիմնական աշխատանքը: «Ամեն ինչ ես մենակ եմ անում՝ ծաղիկ հավաքելուց սկսած մինչև մարքեթինգ, հաշվապահություն, հյուրերին սուրճ հյուրասիրել, իրավաբանական հարցեր… ամենը մենակ եմ անում: Ես տեխնոլոգիային տիրապետում եմ»,– պատմում է սիրիահայ գործարարը:

 

Վարկ վերցնելուց հետո ձեռք է բերում նաև մեքենա ու ինքնուրույն առաքում արտադրանքը, որպեսզի ճանաչում ձեռք բերի: «Beauty production» արտադրանքը, ասում է, այսօր բերնեբերան փոխանցվելով, ճանաչելի է դարձել շատերի համար: Միայն բնական միջոցներից պատրաստված օճառների, շամպունների ու յուղերի տեսականին մեծացրել է պահանջարկը՝ շնորհիվ նրա կամքի ու աշխատասիրության:

 

ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄ ԷՐ, ՀԵՏՈ՝ ՏԱՔՍԻ ՔՇՈՒՄ

Չի հիասթափվել անգամ այն ժամանակ, երբ ձմռան ցրտից արտադրամասը չէր կարողանում գործարկել: Սկսել է մեքենա վարելով գումար վաստակել, դիմել է տարբեր բուհեր՝ դասավանդելու առաջարկով և արձագանք ստացել Եվրասիա համալսարանից: 

 

«Մագիստրատուրայի բաժնում անգլերեն լեզվով սկսեցի մարքեթինգ սովորեցնել օտարերկրացի ուսանողներին և տեղացիներին: Դասախոսություններից հետո իջնում էի, տաքսի քշում:Որոշ ժամանակ անց սկսեցի հետաքրքրվել հնագույն եկեղեցական պատմական հուշարձաններով: Զուգահեռաբար մարդկանց էի տեղափոխում, անգլերենով տուրեր կազմակերպում: Այդպես մինչև փետրվար ամիսը»,– նշում է աշխատասեր տղամարդը՝ անդրադառնալով դարձյալ այն բիզնեսին, որը իրականացնելիս աշխատանքից հաճույք է ստանում: Գործի համար դարձյալ ծաղկուն ժամանակաշրջան եկավ, երբ գովազդի շնորհիվ իր ստեղծած ապրանքատեսականու պահանջարկը մեծացավ: ««Պանարմենիա» ընկերությունը սկսեց սիրիահայերի համար լավ գովազդ անել անվճար, դրանից ոգևորվեցի ու սկսեցի լավ աշխատել, գովազդը ազդեց. ես չորս օճառով եմ սկսել, հիմա արդեն մի քանի տասնյակ տեսակի ապրանքներ ունեմ»,– ներկայացնում է սիրիահայը:

 

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿՅԱՆՔԻ ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄ

Ասում է՝ գործնական դժվարությունները փորձաշրջան եղան նաև իր ընտանեկան կյանքի խնդիրները ճիշտ գնահատելու համար: Այս ընթացքում ծնունդով երևանցի նրա կինը 12 և 2 տարեկան երեխաների հետ որոշել է բաժանվել՝ Շանթից պահանջելով և ստանալով Երևանում գտնվող նրա տունը: Այն նվիրել է կնոջն ու երեխաներին և հիմա ինքը վարձով է բնակվում: Բայց սա ևս չի հիասթափեցնում, պատրաստվում է նոր կյանք սկսել այն ժամանակ, երբ կկարողանա աշխատանքը թեթևացնել և զբաղվել անձնական կյանքով:

 

«Ես մտածել եմ նորից ամուսնանալու, նորից ընտանիք ունենալու, գործս շարունակելու մասին:Պետք է նորից կարողանամ տուն առնել, կահավորել: Ես հուսահատվող մարդ չեմ, որ նեղվեմ, թե աշխարհը փուլ կգա, տակը կմնամ: Ինչքան էլ փլվի, ես վերևն եմ, միշտ էլ սարքող մարդ եմ եղել, ու կսարքեմ»,– իր մասին պատմում է սիրիահայ «փեսացուն» և սպասում խելացի կնոջ, ում հետ հնարավոր կլինի Երևանում ապագա կառուցել, իսկ այն, որ իր ապագան միայն Հայաստանում է պատկերացնում, դա այլևս նրա համար քննարկման թեմա չէ:

 

Երեք տարիների ընթացքում գործարար Խայալյանը մասնակցել է բազմաթիվ էքսպո-ցուցահանդեսների, ներկայացրել իր ապրանքատեսականին: Ասում է՝ պրպտուն բնավորություն ունի ու բաց չի թողնում առաջանալու որևէ հնարավորություն: Դա էլ օգնել է առաջընթացին: Հիմա ակնկալում է առանց վարձակալության տարածք ձեռք բերել: Նման մի առաջարկություն եղել է և ակնկալիքներ ունի:

 

«Տարածքներ կան, որոնք ուզում ենք վերցնել սիրիահայերի համար: Անվճար հիմունքներով պետք է տրամադրեն, բայց այս նախաձեռնությունը ինչ-որ նախարարությունների կողմից հաստատման է սպասում: Մեկուկես տարի է՝ պայքարում ենք դրա համար, հույս ունեմ մինչև տարեվերջ կհաջողվի»,– ասում է Խայալյանը, ով հիմա նաև զբաղվում է սիրիահայերի աշխատանքի ապահովման հարցերով:

 

Որպես հաջողակ գործարար՝ ՓՄՁ Զակ-ի կողմից ընտրվել է սիրիահայերի պատասխանատու և զբաղվում է նաև նրանց առաջարկների ներկայացմամբ ու քննարկմամբ: Բայց սրանով չի սահմանափակվում, միաժամանակ փորձում է լուծել սահմանամերձ համայնքների բնակիչների աշխատանքի ապահովման խնդիրները: 

 

«Գնացել եմ Տավուշի մարզ, սահմանամերձ գյուղերն եմ ուզում տեղափոխվել, որ մարդկանց գործ տամ, սահմանը պետք է ուժեղացնենք մարդկանց գործ տալով, որ չասեն՝ հերիք չէ սահմանը պահում ենք, մի հատ էլ գործ չկա: Հարցը միայն սիրիահայերը չեն»,– վստահ է նա և կարծիք է հայտնում, որ երկիրն ուժեղացնելու համար նաև սահմանապահ բնակիչների մտածելակերպը պետք է փոխել ու ամրացնել սահմանները: