Home / Armenia  / Հայաստանում ապրող նախկին տորոնտոհայը չի հասկանում այն հայերին, ովքեր լքում են Հայաստանը. Լարա Չոլաքյանը Կանադա վերադառնալու ցանկություն այլևս չունի

Հայաստանում ապրող նախկին տորոնտոհայը չի հասկանում այն հայերին, ովքեր լքում են Հայաստանը. Լարա Չոլաքյանը Կանադա վերադառնալու ցանկություն այլևս չունի

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Երևան (Նորանոր) — Տորոնտոյում ծնված և մեծացած Լարա Չոլաքյանի առօրյան Երևանում ծանրաբեռնված է: 3 երեխաների մայրը որքան հոգատարությամբ զավակների խնամքն է ապահովում, նույնքան խնամքով վերաբերում է աշխատանքին, որով զբաղվում է արդեն 9 տարի: Նա «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության մարդկային ռեսուրսների վարչության պետն է:

 

Ամուսնու՝ Րաֆֆի Դուդաքլյանի նախաձեռնությամբ ընտանիքը 12 տարի առաջ տեղափոխվեց Հայաստան: Օտար միջավայրում մեծացած Լարան հիմա իր կյանքը չի պատկերացնում առանց Հայաստանի:

 

Երևանը հյուրընկալել ու լավ ապրելու հնարավորություն է տվել բոլոր այն կանադահայերին, ովքեր ձգտել են վերադառնալ հայրենիք: Շատերն այստեղ ապրում են երկար տարիներ, ու հիմա, երբ հայ ընտանիքները լքում են Հայաստանը, հայրենադարձների մոտ դա առնվազն զարմանք է առաջացնում՝ ինչպե՞ս կարող են թողնել հայրենիքն ու ապահովություն փնտրել օտար հողում: Noranor.ca կայքը զրուցել է Լարա Չոլաքյանի հետ հայրենադարձության, օտար հողում ապրելու դժվարությունների և այլ հարցերի շուրջ: 

 

Այլ երկրներում կարելի է ձեռք բերել միայն սոցիալական բարեկեցություն, բայց հոգեկան հանգստությունը, ընտանիքի ու ընկերների միջավայրը վայելելու բերկրանքը միայն կարելի է ունենալ Հայաստանում, համոզվել են Դուդաքլյան ամուսինները: Լարան հիացմունքով է խոսում ամուսնու հայրենասիրության մասին: Մինչ նրա հետ ծանոթանալը նրա համար Հայաստանը հեռավոր հայրենիք էր, որտեղ ապրելու մասին անգամ չէր մտածել, աշխատելու համար գուցե այցելեր Հայաստան:

 

Ժողովուրդ մը չի կարա գոյատևել, եթե իր հողի վրա չապրի

 

«Ասում է՝ ժողովուրդ մը չի կարա գոյատևել, եթե իր հողի վրա չապրի: Ես որ Կանադա ծնվել, մեծացել եմ, ու իմ կյանքը եղել է շատ օտարաշունչ, ինքը շատ հեշտությամբ ինձ համոզեց, որ մեր կյանքը հայրենիքում կազմակերպենք»,– պատմում է Լարան, ով Կանադայում ապրած իր տարիները բնութագրում է որպես դժվար, երբ ստիպված է եղել օտար միջավայրում պահպանել հայեցիությունը: Ծնողները, որ հայ համայնքի ակտիվ ներկայացուցիչներ են, իրենց փորձել են հայեցի մեծացնել, այնինչ հոգեբանորեն դժվար է եղել օտարության մեջ պայքարել ինքնության պահպանման համար, ներկայացնում է կինը:

 

ՕՏԱՐԱՇՈՒՆՉ ՄԻՋԱՎԱՅՐԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԱԾ…

«Այստեղ չկա մեկը, որ ինձ ստիպի հայերեն խոսել, ամեն ինչը հայերեն է: Մեկը չկա, որ ստիպի օտար ընկեր չունենամ, բայց Կանադայում ամենքը օտար էին, այսինքն՝ հակասական է, երբ որ քո ինքնությունը ուզում ես պահել օտար երկրի մեջ»,– համոզվել է նա:

 

Ամուսնու առաջարկը հոգեհարազատ էր այնքան, որ անմիջապես ընդունեց: Այն ժամանակ աշխատում էր միջազգային զարգացման ծրագրերում և հերթական ծրագիրը ներկայացրեց Հայաստանի համար: Հաջողվեց ինչպես իր, այնպես էլ ամուսնու աշխատանքը: Րաֆֆի Դուդաքլյանը աշխատանքի անցավ «Թուֆենկյան» հիմնադրամում՝ որպես գործադիր տնօրեն, իսկ ինքը` Լարան, նախ աշխատեց «Եվրասիա» հիմնադրամում՝ որպես տարածաշրջանային տնօրեն, իսկ հետո տեղափոխվեց «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերություն:

 

Աշխատասիրության շնորհիվ ամուսիններին հաջողվում է երեխաների համար սոցիալական նորմալ պայմաններ ապահովել, իսկ առաջնայինը նրանց համար Հայաստանում ապրելու ցանկությունն ու հնարավորությունն էր: 

 

ՉԵՆՔ ՓՆՏՐՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ ՄԻԱՅՆ

«Ես մի րոպե չեմ փոշմանում, որ տեղափոխվել եմ Հայաստան, որովհետև ընտանիքիս կյանքի որակը, կյանքի արժեքը, զարգացնելու հնարավորությունը փոխվել է. Հայաստանը տվել է այն, ինչ Կանադան չի տվել: Ես չեմ ասում՝ Կանադան վատ երկիր է. Կանադան տվել է տնտեսական հնարավորություններ, որ կարող է այստեղ դժվար լինի, բայց մենք չենք փնտրում տնտեսական արժեքներ միայն»,– պատմում է երիտասարդ կինը, ում ծնողները ապրում են Կանադայում: Նրանց այցելելիս էլ ձգտում է հնարավորինս շուտ վերադառնալ տուն, իսկ երբ այստեղ արդեն լսում է, որ իր գործընկերները ձգտում են լքել Հայաստանը, չի կարողանում հասկանալ նրանց որոշումը: 

 

Ինչու է ժողովուրդը գնում, հատկապես այն մարդիկ, ովքեր լավ եկամուտ ունեն

 

«Ինչու է ժողովուրդը գնում, հատկապես այն մարդիկ, ովքեր լավ եկամուտ ունեն: Չեմ խոսում աշխատանք չունեցողների մասին, այլ լավ եկամուտ ունեցող մեր գործընկերների մասին: Իրենք ասում են՝ մեր երեխաների ապագայի մասին ենք մտածում, իսկ ես հակառակն եմ տեսնում, որ էստեղ ինչ էլ որ անես, կարաս ապագան իրականացնես, կարաս հանգիստ, ապահով երեխա պահել»,– նշում է 3 զավակների մայրը, ով նախկինում որոշ թերահավատ վերաբերմունք ուներ Հայաստանի նկատմամբ:

 

Օրինակ առողջապահական հաստատությունների վերաբերյալ այդ թերահավատությունը պատճառ եղավ, որ իր առաջին զավակը 11 տարի առաջ ծնվեց Կանադայում: Հիմա արդեն բոլորովին այլ կարծիքի է.

 

«Այն ժամանակ վախեցա այստեղ ծննդաբերեմ, ասացի՝ էստեղի պայմանները կարող է լավ չլինեն, մասնագետները չկարողանան օգնել, հղի վիճակով վերադարձա Կանադա ու էնտեղ ծննդաբերեցի: Շատ փոշմանեցի, որովհետև էնտեղի մասնագետներն ավելի լավ չէին, քան մեր էստեղի մասնագետները: դրա համար մյուս երկու երեխաներս ծնվեցին այստեղ»:

 

Իսկ այդ երեխաների համար հիմա ապահով կյանք, հետագայում էլ ապահով ապագա է ցանկանում տեսնել, թեև ասում է՝ նրանց փոխարեն չեն որոշի, բայց քանի դեռ Հայաստանում ապրելու պայմաններ ունեն, չեն մտածի հայրենիքը լքելու մասին:

 

ԿԱՆԱԴԱ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՉԵՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ

«Աստված չանի, որ ստիպված լինենք Կանադա վերադառնալ: Այսինքն՝ ոչ մի կոնկրետ եկամուտ չկարողանանք ապահովել, ոչ մի հնարավորություն չունենանք, որ ապրենք: Չեմ կարծում, որ էդ աստիճանի կհասնենք, որովհետև մենք աշխատասեր ենք, և ինչ էլ լինի, ձևը կգտնենք, որ այստեղ մնանք»,– համոզված է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության աշխատակիցը, ով շնորհակալ է ճակատագրին նրա համար, որ հանդիպել է իր ամուսնուն ու վերադարձել Հայաստան: Եթե այդ հնարավորությունը չլիներ, չէր բացառվում, որ օտարերկրացու հետ ամուսնանար, անկեղծանում է Լարան։

 

«Երախտապարտ եմ, որ նա օգնեց այդ որոշումը կայացնել: Եվրոպա որ ապրել եմ, չեմ պատկերացրել կյանքս ուրիշ տեղ: Մենք ազատ էինք և հանգիստ էինք զգում: Մեր ինքնությունը զարգացել է շնորհիվ մեր հայրենիքի»,– ասում է ինքնության համար 29 տարի պայքարած կինը, ում երազանքները ևս, ամուսնու նման, հիմա միայն հայրենի հողի հետ են կապված: