Home / Armenia  / «Սասնա ծռերը» նախապատրաստում են ընդվզման նոր ալիք, բայց խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քայլեր չեն ձեռնարկում

«Սասնա ծռերը» նախապատրաստում են ընդվզման նոր ալիք, բայց խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քայլեր չեն ձեռնարկում

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Երևան (Նորանոր) — «Սասնա ծռեր» խմբավորման անդամներն ու ընդհատակում գտնվող նրանց համախոհները հերթական կոչ-հայտարարությունով են դիմել Հայաստանի բնակչությանը՝ կոչ անելով պայքարի ու ընդվզման, դարձյալ հայտարարելով, որ իրենք շարունակելու են գործող ռեժիմի դեմ պայքարը:

 

Ի՞նչ է նշանակում պայքարել ընդհատակից, արդյո՞ք 2017 թվականին սպասվող խորհրդարանական ընտրությունները որևէ հնարավորություն ընձեռելու են Հիմնադիր խորհրդարանի անդամներին գործողություններ իրականացնելու և ի՞նչ առաջիկա ծրագրեր են մշակել: Noranor.ca-ին այս մասին հարցազրույց է տվել Հիմնադիր խորհրդարանի անդամ Հարություն Աղլամազյանը:

 

Երիտասարդ ակտիվիստը, ով նախկինում ընդգրկված է եղել իշխանության գործողությունների ու մի շարք օրինագծերի դեմ պայքարի խմբերում, մասնագիտությամբ ծրագրավորող է, որպես ինժեներ աշխատել է Երևանի «Մաքուր երկաթ» գործարանում և «Սինոփսիս Արմենիա» ընկերությունում:

 

Դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ, Հիմնադիր խորհրդարանը նախատեսում է Երևանում դարձյալ հավաք-երթ անցկացնել: Ազատության հրապարակում կմեկնարկի հավաքը, կհնչեն Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչների ելույթները, քաղբանտարկյալների վերաբերյալ հայտարարություններ կլինեն, կներկայացվեն հետագա պլանները, որոնք նաև Հիմնադիր խորհրդարանի Ճանապարհային քարտեզում են ներկայացված, որին կհաջորդի երթը:

 

Հարցին, թե արդյոք ժողովուրդը պատրաստ է հուլիսին Խորենացի փողոցում տեղի ունեցած դեպքերից ու դրան հաջորդող գործողություններից հետո մասնակցել նմանատիպ միջոցառման, և մասնակցության ինչպիսի ծավալներ են ակնկալում, Հարություն Աղլամազյանը պատասխանում է.  

 

«Քաղաքացիները բոլորն էլ համակրում են և շարժման հետ են:Մմարդկային թվաքանակ կապահովվի այնքան, որքան պետք է, թեև բոլորը, անկախ մասնակցության թվից, մեզ հետ են: Վերջին դեպքերը ցույց տվեցին, որ ժողովուրդն ամեն ինչի պատրաստ է, որպեսզի ազատվի այս իշխանությունից»:

 

ԸՆԴՎԶՄԱՆ ՆՈՐ ԱԼԻՔ

Իսկ նոր ընդվզման ալիք նախապատրաստում են, հենց այդ մասին է կոչ-հայտարարությունը, որը հրապարակվել է «Սասնա ծռերի» մոտ 4 տասնյակ անդամների ՝ Ժիրայր Սեֆիլյանի, Պավել Մանուկյանի և մյուսների ստորագրությամբ:

 

«Ընդվզումը կբերի նրան, որ ժողովուրդը պարտադրի իր կամքը, և իշխանությունները հրաժարական տան: Եթե չեն տալիս, ժողովուրդը իր կամքի համաձայն դուրս է շպրտում»,– վստահ է Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչը, ով Հանրապետական կուսակցությանը մեղադրում է իշխանությունը զավթելու և երկրի ղեկավարումից օրինական ճանապարհով չհրաժարվելու մեջ: Հետևաբար, նրա համոզմամբ, պետք է ազատագրական պայքարի տրամաբանությամբ դուրս գալ իշխանության դեմ: «Համակարգը ներսից փոխել հնարավոր չի, իշխանությունները դա ապացուցել են: Եթե մի մակարդակի վրա խնդիր է առաջանում, այս իշխանությունների պարագայում նույն մակարդակի վրա հնարավոր չի լուծում գտնել. այլ մակարդակում է գտնվում լուծումը»,– համոզված է «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախկին աշխատակիցը:

 

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ ՔԱՅԼԵՐ ՉԵՆ ՁԵՌՆԱՐԿՈՒՄ

 

Նա նշում է, որ ընտրությունները միայն կարող են օգտագործվել ժողովրդին սթափեցնելու հարցում: Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ որևէ քայլ չեն ձեռնարկում:

 

Իշխանությունը ցույց է տվել, որ ընտրություններով բան չի փոխվում

 

«Ընտրությունները պետք է օգտագործել ժողովրդին հասունացնելու և նոր ընդվզման պատրաստելու նպատակով, որովհետև իշխանությունը ցույց է տվել, որ ընտրություններով բան չի փոխվում: Ժողովուրդը ուզել է, ընդվզել է, բայց իշխանությունը բռնությամբ ցույց է տվել, որ պատրաստ չէ օրինականորեն ժողովրդի կամքը կատարել: Անկախությունից ի վեր ժողովուրդը ըմբոստացել է՝ մարտի 1 և այլն, բայց իշխանությունը եսակենտրոն քաղաքականություն է վարում` իր ռեսուրսները մեծացնելու համար»,– ներկայացնում է գործազուրկ ծրագրավորողը:

 

Հարություն Աղլամազյանը օրինակ է բերում, թե գործող իշխանությունը քայքայել է տնտեսությունը՝ արտաքին պարտքը հասցնելով 6 մլրդ դրամի, որը կազմում է ՀՆԱ-ի 60 %-ը:

 

 

Նշենք, որ վերջերս Ազգային ժողովում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտարարել էր, որ պետական պարտք, ՀՆԱ անվանական ցուցանիշներով, Հայաստանը կունենա 5 մլրդ 849 մլն դրամ, և ըստ նրա՝ 2017-ին շոկ, ինչպես նաև տնտեսական անկում չեն ակնկալում, որովհետև նախորդ տարիներին վերցրած պարտքերով հակազդել են շոկերին:

 

ՍՓՅՈՒՌՔԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Ինչ վերաբերում է Սփյուռքի մասնակցությանն ու ազդեցությանը իրենց գործողություններին, ապա Հարություն Աղլամազյանը նշում է, որ արտաքին ուժերի հետ հույսեր չեն կապում, միայն ակնկալում են նրանց խթանիչ ազդեցությունը, իսկ հիմնական հույսը Հայաստանի բնակչությունն է: