Home / Armenia  / 1988-ի երկրաշարժից հաշմանդամ դարձած կինը մնացել է առանց տանիքի. Նելլի Չարչյանի համար անակնկալ բարեգործական համերգ է կազմակերպվել

1988-ի երկրաշարժից հաշմանդամ դարձած կինը մնացել է առանց տանիքի. Նելլի Չարչյանի համար անակնկալ բարեգործական համերգ է կազմակերպվել

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Երևան (Նորանոր) — 1988 թվականին տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժի էպիկենտրոնը Նալբանդ գյուղն էր, որտեղ երկրաշարժի ուժգնությունն ամենաբարձրն էր: 14-ամյա Նելլի Չարչյանը, կամ ինչպես ծնողներն էին կոչում, Նելանը, գյուղի 7-րդ դասարանի աշակերտուհի էր, երբ աղետը ցնցեց դպրոցը, ու գլխին ստացած ուժգին հարվածից կորցրեց գիտակցությունը:

 

Չի հիշում տեղի ունեցածը, բայց պատմում է, որ հարազատների և օգնության հասած խմբերի օգնությամբ դուրս է բերվել դպրոցից, տեղափոխվել Վանաձոր, իսկ այնուհետև` Երևան: Աղջիկն այն ժամանակ կորցրել էր կենդանի մնալու հույսը, ստացել էր ողնաշարի կոտրվածք, արնահոսել էր: Իսկ արդեն բուժումից հետո բժիշկը իր զարմանքն էր արտահայտել, որ նման վնասվածքներից հետո ողջ է մնացել: Թեև Նելլին մնաց անվասայլակին գամված, բայց համարում է, որ Աստված իրեն երկրորդ կյանք է տվել:

 

«Դա ճակատագիր էր, Աստված էր ինձ պահում, որ ես բալիկ ունենայի, ու հիմա ես իրենով եմ ուրախանում: Դուք մենակ պետք է տեսնեք՝ ոնց են մարդիկ իրեն սիրում. անպայման Աստված պահեց, որ ես իմ բալիկին ունենամ ու ապրեմ»,– Noranor.ca-ի հետ զրույցում ուրախությամբ պատմում է մայրը, ում տղան՝ Նարեկը, արդեն 3 տարեկան է:

 

Նելլի Չարչյանը, ով 25 տարի է՝ հաշմանդամության սայլակին է, երկար տարիներ երգել է «Փարոս» երգչախմբում, իսկ 2012 թվականից աշխատում է Արտակարգ իրավիճակների նախարարության 911 ծառայությունում: Նա երկրաշարժից հետո գյուղում տնակ է ստացել, բայց այժմ իր փոքրիկի հետ Երևանում վարձով է բնակվում:

 

Դեկտեմբերի 7-ին կլրանա Հայաստանում Սպիտակի երկրաշարժի 28-րդ տարելիցը: Աղետից մոտ 3 տասնամյակ անց էլ աղետի գոտու բազմաթիվ ընտանիքների բնակարանների խնդիրը դեռևս լուծված չէ: Մի մասը, անօթևանի կարգավիճակ ունենալով, բնակարան է ստացել, բայց դեռ կան բազմաթիվ ընտանիքներ, ովքեր ինչ-ինչ պատճառներով դեռևս անտուն են: Մի մասը տնակներում է ապրում, մյուսները՝ վարձով բնակարաններում:

 

ՀԱՇՄԱՆԴԱՄ ՄԱՅՐԸ ԶՐԿՎԵԼ Է ՏՆԱԿԻՑ

Երկրաշարժից հետո Գերմանիայի Կարմիր խաչը հաշմանդամներին և ծնողազուրկ երեխաներին Նալբանդում տնակներ հատկացրեց: Դրանցից մեկն էլ բաժին հասավ Նելլիին: Չարչյանների ընտանիքը որոշ ժամանակ ապրեց այնտեղ. այն հարմար էր սայլակի տեղաշարժման համար: Կարճ ժամանակ անց Նելլիի ծնողները մեկնեցին Ռուսաստանի Դաշնություն, իսկ ինքը գտնվում էր Կարմիր խաչում, որտեղ գորգագործությամբ էր զբաղվում:

 

Այս ընթացքում Նալբանդ համայնքի նախկին ղեկավարը, ով այժմ ողջ չէ, Նելլիի տնակը հատկացրել է մեկ այլ անձի՝ հաշմանդամ կնոջը թողնելով առանց տանիքի:

 

«Այս ընթացքում գյուղապետն ինքը տնօրինել է իմ տնակը, ուրիշին է տվել, թեև այդ իրավունքը չուներ: Այսօրվա գյուղապետն ասում է՝ դա քո նվերն էր, տվել է մեկին, ով տուն ուներ, բայց որտեղից դուրս էր եկել՝ քրոջ հետ կռվելով: Դա հարմար ձև էր պետությունից երկրորդ տունը կորզելու: Այդ մարդը տեղյակ է, որ իրեն գյուղապետարանն իմ տունն է տվել, սակայն ոչ մի կերպ չի ուզում իմ տնակը վերադարձնի: Նախկին գյուղապետին կաշառել, իմ տնակը վերցրել է, հիմա չի ուզում բաժանվի իմ տնակից»,– պատմում է անօթևան մնացած հաշմանդամը, ով այժմ իր զավակի հետ վարձով բնակարանում է ապրում՝ ստիպված լինելով ծանր աշխատանքից ստացած եկամտի մի մասը հատկացնել բնակարանի վարձավճարին:

 

Նա դիմել է ինչպես համայնքային ու մարզային իշխանություններին, այնպես էլ նորանշանակ վարչապետին, սակայն վերջինս էլ հարցը չի լուծել՝ դիմումը վերահասցեագրելով դարձյալ մարզային ղեկավարներին:

 

ԱՆԱԿՆԿԱԼ ԱՆԾԱՆՈԹ ԲԱՐԵԳՈՐԾՆԵՐԻՑ

Նելանի համար բոլորովին անսպասելի նրան է զանգահարել մի երիտասարդ՝ հայտնելով, որ պատրաստվում են բարեգործական համերգ կազմակերպել և ամբողջ հասույթը հատկացնել նրան՝ իր խնդիրները լուծելու համար: Անսպասելի այս նորությունից հուզվել է, զարմացել, քանի որ բոլորովին չի ճանաչել նախաձեռնության հեղինակներին:

 

Ասում է, որ որևէ օգնություն չի խնդրել որևէ մեկից, իր միակ նպատակը տնակը վերադարձնելն ու բնակարանի հարցը լուծելն է եղել: Պատրաստ է իր աշխատանքով վաստակել և պահել փոքրիկին, իսկ այս նախաձեռնության համար միայն երջանիկ է: 

 

Միայն մտահղացման համար արդեն իսկ շնորհակալ եմ

 

«Միայն մտահղացման համար արդեն իսկ շնորհակալ եմ: Շնորհակալ եմ, որ որոշել են օգնել, չեմ մտածում՝ ինչ օգնություն կլինի, ես իրենց չեմ էլ ճանաչում: Նոր տարվանից հետո էլ վարչապետը որոշել է հիփոթեքն առանց կանխավճարի դարձնի, եթե այդպես լինի, ես ավելի լավ է հիփոթեք վերցնեմ: Այն վարձը, որ տալիս եմ չգիտեմ ինչի համար, կտամ հիփոթեքի համար»,– ներկայացնում է իր նպատակները Նելլին, ով արդեն իսկ շնորհակալ է նախաձեռնության հեղինակներին:

 

Իսկ այն նախաձեռնել է Հակոբ Գաբոյանը՝ 18-ամյա մի երիտասարդ, ով 10 տարի է՝ զբաղվում է պրոֆեսիոնալ պարերով, տիրապետում բոլոր ոճերին, մասնակցել ու նաև կազմակերպել է բազմաթիվ համերգներ: Նա պատմեց.

 

«Շատ պատահական է եղել իմ որոշումը: Ես ուզում էի համերգ կազմակերպել Նոր տարվան ընդառաջ, հետո մտածեցի, որ կարելի է բարեգործական համերգ կազմակերպել: Ես այդ կնոջը անձամբ չեմ ճանաչում: Երբ զանգեցինք և ասացինք, կինը հուզվեց և ասաց՝ առաջինն եք, որ նման օգնություն եք առաջարկում, մենք ավելի ոգևորվեցինք: Այս շաբաթվա մեջ գնալու ենք ծանոթանանք նրա հետ»:

 

Նա վստահեցնում է, որ համերգի ամբողջ հասույթը կնոջն են փոխանցելու: Թեպետ չեն կարող վստահ լինել, որ բնակարանի խնդիր կլուծի, բայց գոնե կկարողանան փոքր-ինչ օգտակար լինել միայնակ կնոջը:

 

ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Երկրաշարժից երկու ամիս անց Նելլիին տեղափոխում են ԱՄՆ, որտեղ վերականգնողական թերապիայի ընթացքում նա ինքնուրույն անգլերեն է սովորում, ինչը նրան հետագայում շատ է օգնում. նոր ծանոթություններ է կարողանում հաստատել, երեխաների հետ մասնավոր անգլերեն է պարապում, բայց ավելի շատ օգնում է ԱԻՆ-ում աշխատանքի անցնելու հարցում:

 

2012 թվականին, երբ նախարարությունը հաշմանդամների համար աշխատատեղեր է ստեղծում, Նելլիի ռեզյումեն ուղարկում է ՊԵԿ նախագահ Արմեն Ալավերդյանը, նրան ընդունում են: Աշխատանքը կինը սիրով է կատարում, թեև ոչ թե ֆիզիկապես, այլ հոգեբանորեն դժվար է նրա համար նմանատիպ աշխատանք կատարելը. «Վիրավորված, մահացած մարդկանց ենք հանում և այլ նման դեպքեր, որն ինձ համար ծանր է»,–նշում է երկրաշարժ տեսած կինը, ով, անկախ դժվարություններից, պատրաստ է շարունակել աշխատանքը:

 

Նելլին չի երկմտել նաև, երբ, ինչպես ինքն է ասում՝ լսել է Աստծո կամքով զավակ ունենալու մասին լուրը: Երկրաշարժից հետո երեխա ունենալը նրա համար անիրականանալի երազանք էր թվում, բայց այն իրականություն դարձավ, ու հիմա հոգատար մայր է մի զավակի, ում համար ինքն ամենալիարժեք մարդն է, ասում է Նելլին, ով հանուն զավակի ապագայի պատրաստ է պայքարել, լավատես է ու էներգիայով լի, որպեսզի կարողանա լուծել տանիք ունենալու խնդիրը:

[facebook_like url=”” width=”” layout=”button_count” action=”like” faces=”true” share=”true”]