Home / Canadahye  / Edmontonahye  / ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահը վստահ է, որ իրենց հայաստանյան գործընկերները ճիշտ քաղաքականություն են վարում. Հակոբ Տեր-Խաչատուրյանի հարցազրույցը

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահը վստահ է, որ իրենց հայաստանյան գործընկերները ճիշտ քաղաքականություն են վարում. Հակոբ Տեր-Խաչատուրյանի հարցազրույցը

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Մոնրեալ (Նորանոր) — Հայ դատի հանձնախմբերի ուշադրության կենտրոնում գտնվող Հայոց ցեղասպանության ճանաչման ու 2007 թվականից նաև նոր թափ ստացած պահանջատիրության հարցերը հասել էին մի հանգրվանի, երբ անհրաժեշտություն էր զգացվում իրավական մակարդակում գործունեության նոր դաշտ բացել: Այդ նպատակով Հայաստանում երկու ամիս առաջ բացվեց Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը, որը զբաղվելու է նաև Ղարաբաղյան հիմնախնդրի շրջանակներում իրավունքների խախտման և այլ նմանատիպ դեպքերով:

 

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, ով բնակվում է Կանադայի Մոնրեալ քաղաքում, ներկայացնելու է ոչ այնքան կանադական կողմը, որքան համազգային նշանակության ռազմավարական հարցեր: Վերջինս այս հարցի, ՀՅԴ հայաստանյան կուսակիցների գործունեության, ինչպես նաև Հայ դատի կենտրոնական խորհրդի առջև ծառացած գլխավոր մարտահրավերների շուրջ հարցազրույց է տվել Noranor.ca կայքին:

 

Կենտրոնի օրակարգում կլինեն Հայոց ցեղասպանության պահանջատիրության հարցում իրավական գործընթացներն ու Արցախի ճանաչման միջազգային իրավունքի խնդիրների քննումը: Իսկ քաղաքական բաժնում Հայ դատի աշխատանքն ընթանում է չորս հիմնական ուղղություններով, որոնք էլ ներկայացնում է Տեր-Խաչատուրյանը.

 

«Հայրենի պետականության ամրապնդման խնդիրն է, որ Հայաստանի միջազգային հեղինակության հարցը պահվի և ազգի ինքնորոշման ճանաչման հարցը, երկրորդը հայապատկան հողերու վերադարձման հարցն է՝ ըլլա Ջավախք, ըլլա Արևմտյան Հայաստան, երրորդը պահանջատիրության հարցն է և չորրորդը Սփյուռքի մեր տարբեր երկրների հայրենակիցների զարգացման խնդիրն է, որ քաղաքական կյանքին մասնակցությամբ օժանդակեն այդ առաջին երեք հիմնական նպատակներին»:

 

ԻՐԱՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Նա վստահ է, որ իրավական կենտրոնը պետք է շարունակի այն գործընթացը, որը վաղուց են սկսել, դատական ատյանների միջոցով, օրինական ճանապարհներով իրենց օրակարգում եղած հայցերը քննության կառնեն: Տեր-Խաչատուրյանը իր մասնակցությունը տեսնում է թե՛ հայ ազգային ներքին խնդիրների լուծման, թե՛ արտաքին քաղաքական ռազմավարական ուղղություններով: Համաշխարհային մակարդակով տարած իրենց քաղաքականությունը ընդհանուր է նաև Կանադայի համար, որն արդեն բավական առաջընթաց ունի:

 

«Նախ ցեղասպանության վերաբերյալ գործընթացը թե՛ օրենսդիր մարմինների, թե՛ դատավարության գործընթացների մակարդակով հաջողած է: Աշխատանքները կշարունակին Արցախյան հարցի կապակցությամբ, իսկ քաղաքական կյանքի մասնակցության առումով բավական լուրջ հաջողության հասած ենք՝ ունինք պատգամավոր Դաշնակցության մակարդակով, ունինք բավականին լավ երիտասարդություն, որ քաղաքական հարթակին են և կհուսանք, որ լավ պիտի գործեն»,– ներկայացնում է իրավիճակը Կանադայում:

 

Հոս որոշ աշխատանքը կհամադրվի դեսպանատան հետ, իսկ նույն պայքարը ամենուրեք կտարվի թե՛ նյութական օժանդակության իմաստով, թե՛ այդ ամուր կապը ստեղծելու ներազգային իմաստով

 

ՀՅԴ Բյուրոյի անդամը առանձնապես կարևորում է Հայաստանին օժանդակելու հարցը՝ ընդգծելով, որ փորձում են Հայաստանի և Կանադայի միջև խաղալ այդ կարևոր դերը, որով կզարգանա հայրենի պետությունը:

 

«Բնականաբար հոս որոշ աշխատանքը կհամադրվի դեսպանատան հետ, իսկ նույն պայքարը ամենուրեք կտարվի թե՛ նյութական օժանդակության իմաստով, թե՛ այդ ամուր կապը ստեղծելու ներազգային իմաստով»,– ավելացնում է նա:

 

ԳՆԱՀԱՏԱԿԱՆ 126-ԱՄՅԱ ՀՅԴ-Ի ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ

Ավանդական կուսակցությունը, որ անցել է 126-ամյա ճանապարհ, ինչի առիթով Սփյուռքի տարբեր գաղութներում միջոցառումներ են տեղի ունենում, նաև փորձում է վերագնահատել անցած ուղին: Հայաստանում և Սփյուռքի գաղութներում գործառույթները տարբերվում են, և Հակոբ Տեր-Խաչատուրյանը դա բնական է համարում: Սփյուռքում առաջնային են համազգային խնդիրները, իսկ Հայաստանում իրենց գործընկերները ներգրավված են ներքաղաքական կյանքում և այս հարթակում են փորձում գաղափարներ ներդնել:

 

«Հայաստանի մեջ քաղաքական կուսակցություն է. գոյություն ունին ներքաղաքական խնդիրներ: Սփյուռքի մեջ կարիք չունի ատոր, կզբաղվի հայկական հարցերով, ազգային գաղափարախոսության քաղաքական հարցերով, մինչդեռ Հայաստանի մեջ բնական է, որ պիտի մասնակցի երկրի կառավարմանը՝ տնտեսական հարցերու իմաստով»,– նշում է Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահը:

 

Իսկ Հայաստանում ՀՅԴ ներկայացուցիչների քաղաքականությունը ճիշտ է գնահատում և նշում է, որ հայտնի են խնդիրները, որոնց շուրջ աշխատում են: Դրանց ուղղությամբ աշխատանքներից նաև իրենք երբեմն զերծ չեն մնում: Օրինակ է բերում խորհրդարանական կառավարման համակարգին անցման գործընթացը, որի համար Դաշնակցությունը վաղուց էր պայքարում: «Այդ իմաստով էլ նաև մենք աշխատում ենք, որ այդ չարիքը վերանա, համակարգային նոր սիստեմի անցումը տեղի ունենա, խորհրդային սիստեմը ժառանգած այդ հոռի երևույթեն աստիճանաբար, քայլ առ քայլ ձերբազատվինք»,– ասում է ՀՅԴ բյուրոյի անդամը:

 

Հայաստանում ՀՅԴ-ն 2016 թվականի փետրվարից փոխեց իր դիրքորոշումը՝ ընդդիմադիր դաշտից տեղափոխվելով իշխանական հարթակ և կոալիցիա կազմելով ՀՀԿ-ի հետ: Մինչ այդ ԱԺ-ում ձևավորված ընդդիմադիր քառյակի մաս էր կազմում նաև ՀՅԴ-ն (մյուս ուժերը ներկայացնում էին ՀԱԿ-ը, Ժառանգությունը և ԲՀԿ-ն): Ավանդական կուսակցական ուժի հետ տարաձայնությունները սկսվեցին սահմանադրական փոփոխությունների շուրջ անհամաձայնություններից, իսկ արդեն սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից հետո ՀՅԴ-ն իշխանության մաս կազմեց:

 

ՀՅԴ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Արդյո՞ք նման քաղաքականությունը չի ազդում ավանդական կուսակցության վարկանիշի վրա, ինչպե՞ս է գնահատում հայաստանյան գործընկերների քաղաքականությունը Հակոբ Տեր-Խաչատուրյանը: Արդյո՞ք տեղին է կարծիքը, թե Հայաստանում սփյուռքահայ ղեկավարներ ունենալու դեպքում ՀՅԴ-ն նման քաղաքականություն չէր վարի: ՀՅԴ ղեկավար մարմնի ներկայացուցիչը պատասխանում է հետևյալ կերպ. 

 

«Սա սխալ տպավորություն է: Նկատի առեք, որ Դաշնակցությունը ներկայացված է որպես մեկ կուսակցություն և չունի սփյուռքյան կամ այսպես ասած հայաստանյան թև: Բարեբախտաբար, իր տեղում է, շրջանները տարբեր են, և Դաշնակցությունն իր ձայնը կբարձրացնե յուրաքանչյուր շրջանի կարիքներու համար: Հայաստանի մեջ շատ ավելի մեծ են, ու ավելի հորիզոնական, քան Սփյուռքի մեջ, որ ավելի նեղ շրջանակի մեջ է, ու խնդրահարույց հարցեր չկան, եթե Սփյուռքի մասին է խոսքը, շատ հեշտ է այդ աշխատանքը ծրագրով տանիլ, և ես վստահ եմ, որ Հայաստանի մեջ մեր ընկերները ճիշտ քաղաքականություն որդեգրած են ու կտանին»:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

Ինչ վերաբերում է ՀՅԴ կենտրոնական խորհրդի առաջիկա անելիքներին, բացի Հայոց ցեղասպանության պահանջատիրության հարցից, մի շարք առաջնահերթություններ ունեն, որոնցից մեր զրուցակիցը կարևորում է Արցախյան հիմնահարցի լուծումն ու Հայաստանի վիճակի բարելավումը:

 

Արցախի հարցում նա վստահ է, որ կգործադրեն բոլոր ջանքերը հայանպաստ ու հայկական կողմի պահանջած դիրքորոշմանը համապատասխան իրավական լուծման հասնելու ուղղությամբ, իսկ ինչ վերաբերում է Հայաստանի ներքին վիճակի բարելավմանը, ապա սա շատ ավելի բարդ աշխատանք է համարում:

 

«Այդ ուղղությամբ հիմնականին մեջ Հայաստանի կազմակերպությունը կաշխատի, որպեսզի նոր կառավարությունը, որ կազմված է, հույս ներշնչե: Կկարծենք, որ այս առիթը պետք չէ փախցնել, և որովհետև անցյալեն եկած կուտակված այդ խնդիրները պետք է թեթևացնել ու հեռացնել, այդ ուղղությամբ տարվող աշխատանքն է, որ երկարաշունչ է և մաշեցնող, բայց սկսած ենք. սա էլ շատ կարևոր ուղղություն է: Հայաստանի վիճակն է պատճառը, որուն վրա չենք կրնար հենվիլ, մինչդեռ Հայաստանը այն հենարանն է, որուն վրա պետք է հենվիլ»,– եզրափակում է ազգային կուսակցության ներկայացուցիչը: