Home / Armenia  / Հայաստանի քաղաքական դաշտում դեկտեմբերի 12-ին նոր դաշինք կձևավորվի. կմիավորվեն երեք կուսակցություններ

Հայաստանի քաղաքական դաշտում դեկտեմբերի 12-ին նոր դաշինք կձևավորվի. կմիավորվեն երեք կուսակցություններ

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Երևան (Նորանոր) — Դեկտեմբերի 12-ին Հայաստանի երեք քաղաքական ուժեր՝ «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները կստորագրեն առաջիկա ընտրություններում միասնաբար, այսինքն՝ դաշինքով հանդես գալու համաձայնագիր:

 

Հետևյալ կուսակցությունները ներկայացնում են ընդդիմադիր քաղաքական դաշտը և որպես կուսակցություն երկար ճանապարհ դեռ չեն անցել, սակայն դրանք ներկայացնող գործիչները գոնե վերջին տասնամյակում քաղաքական դաշտում են:

 

«Լուսավոր Հայաստան»-ը հիմնադրվել է ընթացիկ տարում՝ Հայաստանում ՏԻՄ ընտրությունների նախաշեմին, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից:

 

«Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և այլ գաղափարակիցների կողմից է ստեղծվել ՝ 2013 թվականին:

 

Այս երեքից, թերևս, ամենաերկար քաղաքական ուղին անցել է «Հանրապետություն» կուսակցությունը, որը հիմնադրվել է 2001 թվականին `Արամ Սարգսյանի՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր կողմից:

 

Այս երեք ուժերի միավորումը նպատակ ունի ձայների առավելագույն քանակ ապահովել 2017 թվականի ընտրություններին և պայքարել իշխանափոխության համար:

 

Քաղաքական նոր դաշինքի հետագա անելիքների մասին Noranor.ca-ը զրուցել է ՔՊ քաղաքական ուժը ներկայացնող, կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանի հետ:

 

ՀՀ բանակի փոխգնդապետ, ազատամարտիկ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը քաղաքական դաշտում է 1999-ից: Տարբեր տարիների եղել է ԱԺ պատգամավոր: Իսկ այս տարվա ապրիլին եղել է Հրազդան քաղաքի քաղաքապետի թեկնածու, սակայն պարտվել է ՀՀԿ-ն ներկայացնող մրցակցին:

 

ՏԱՐԲԵՐՎԵԼՈՒ ԵՆ ԱՅԼ ԴԱՇԻՆՔՆԵՐԻՑ

Սասուն Միքայելյանը վստահեցնում է, որ իրենց հիմնադրած դաշինքն ու դրա մասը կազմող ուժերի գործունեությունը բոլորովին տարբերվելու է մինչ այժմ եղածներից:

 

«Տարիների ընթացքում պարզ է դարձել, որ դաշինքներ կազմվել են ընտրության նախաշեմին, ու քաղաքական ուժերը գաղափարային, առանցքային հարցերի շուրջ են համաձայնության եկել: Հետագայում հաջողության չհասնելով՝ դաշինքները լուծարվել են, բաժանվել կամ իրար վրա բարդել ընտրություններում ձախողումները: Մենք նման ձևով չենք գործելու: Ի սկզբանե որոշել ենք, որ մեր դաշինքը պետք է տարբերվի բոլոր դաշինքներից»,– նշեց Միքայելյանը:

 

Նշենք, որ դաշինքի մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր»-ը և «Լուսավոր Հայաստան»-ը ներկայացնող ուժերի ղեկավարները՝ Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը ՏԻՄ ընտրությունների ժամանակ հակամարտության մեջ էին: Մարուքյանն առաջարկել էր ՀՀԿ-ի դեմ միավորվել և մեկ թեկնածուով հանդես գալ, իսկ Փաշինյանը հայտարարել, որ եթե Մարուքյանը հայտարարի, որ Սերժ Սարգսյանը անձամբ պատասխանատվություն է կրում Մարտի 1-ի ոճրագործության համար, որ Սերժ Սարգսյանն ընտրվել է կեղծված ընտրություններով, չի հանդիսանում լեգիտիմ նախագահ և Սերժ Սարգսյանին Իմպիչմենտի ենթարկելու նախագիծ ներկայացնի ԱԺ, ապա Վանաձորում իրենց թեկնածուն ինքնաբացարկ կհայտնի։

 

Հիմա անհամաձայնությունները հարթվել են, կուսակցությունները հաջողության հասնելու դեպքում պատրաստ են այլ գործողությունների անցնել: ՔՊ վարչության անդամը ներկայացնում է դրանք. 

 

Պատրաստ են ուղղորդել ժողովրդին և մինչև վերջ գնալ նրա հետ

 

«Շատ կուսակցություններ ցանկացել են հաջողության հասնել` ժողովրդին մեղադրելով, կիսատ են թողել ու ասել՝ ժողովուրդը դուրս չեկավ փողոց, սա չարեց, նա չարեց: Տարիները ցույց են տվել, որ ժողովուրդը պատրաստ է եղել, բայց ղեկավարները չեն ուղղորդել ժողովրդին, մնացել են փողոցում»: Իսկ իրենք պատրաստ են ուղղորդել և մինչև վերջ գնալ ժողովրդի հետ:

 

 

ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ

Ընտրություններում հաջողության հասնելու իրենց հնարավորությունները բարձր է գնահատում, թեև վստահ չէ, որ արդար ընտրություններ կարող են լինել. «Բոլորիս համար էլ պարզ է, որ Հանրապետականի այսօրվա ստեղծած իրավիճակով երբևիցե հնարավոր չի լինի արդար ընտրություններ անցկացնել, պետք է կարողանանք հետագայում ծրագրերով հանդես գալ, որպեսզի ժողովրդին հավատ ներշնչվի, ժողովուրդն էլ հասկանա՝ մենք ինչ ենք անելու: Անհրաժեշտ են հնարավորինս շատ ձայներ` 20-30 %, որ կարողանանք գնալ իշխանափոխության: Այսինքն՝ ժողովուրդն ուզում է, որ դաշինք լինի»:

 

ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԿԱԶՄՈՒՄ ՉԵՆ ԼԻՆԻ

Վստահեցնում է, որ իրենք քաղաքական դաշտի այն ուժերից չեն, որոնք իշխանության մաս կարող են դառնալ, բացառվում է, որ հետագայում իրենց կարելի է տեսնել իշխանության հետ կոալիցիայի կազմում, ավելին, Սասուն Միքայելյանը հարցն անգամ վիրավորական է համարում՝ ասելով.

 

«Միքայելյան Սասունին էդ հարցը պիտի չտայիք: Ո՞նց կարող է նորմալ մարդը, այսօրվա ներքին, արտաքին, ռազմավարական վիճակը տեսնելով, միանա իշխանություններին»:

 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՎԱԿԱՆ ԲՆՈՒՅԹ Է ԿՐԵԼ

«Արդարություն Հայաստանում» նախաձեռնության քայլերը ողջունում է՝ նշելով, որ ուրախ կլինեն, եթե վերահսկողություն իրականացնեն և օգնեն ընդդիմությանը, բայց նաև ցանկություն է հայտնում, որ այդ վերահսկողությունը արդյունավետ լինի, ինչը չի տեսնում եվրոպական կառույցների կողմից Հայաստանում ընտրությունների դիտարկումների դեպքում:

 

«Ես իրենց էլ եմ ասում, որ այս ամեն ինչի մեղքը նաև ձերն է, որ Հայաստանում չի լինում նորմալ ժողովրդավարություն, որովհետև ընտրություններին մասնակցում եք, դեռ ինքնաթիռի մեջ աշխարհով մեկ հայտարարում եք, որ ընտրությունները անցել են միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան»,–նշեց ՔՊ ներկայացուցիչը:

 

Ընտրությունների վերահսկողությունը միայն նույն օրը ընտրատեղամասերում ընտրություններին հետևելը չէ, այլև մինչ այդ և դրան հաջորդող շրջանում ընտրակեղծիքների դեպքերի բացահայտումն ու կանխումը:

[facebook_like url=”” width=”” layout=”button_count” action=”like” faces=”true” share=”true”]