Home / Canada  / Վանկուվերի սիրիացի ընտանիքները փորձում են Իրաքի ճամբարներում գտնվող իրենց հարազատներին բերել Կանադա

Վանկուվերի սիրիացի ընտանիքները փորձում են Իրաքի ճամբարներում գտնվող իրենց հարազատներին բերել Կանադա

 

Վանկուվեր (Նորանոր) — Բրիտանական Կոլումբիայի բնակիչները նշում են սիրիացի փախստականների՝ Մետրո Վանկուվերում հաստատվելու 1-ամյակը: Փախստականների որոշ ընտանիքներ, սակայն, որոնք փորձում են իրենց բարեկամներին դուրս բերել Իրաքի հյուսիսում գտնվող փախստականների ճամբարից և վերամիավորվել Կանադայում, հայտնվել են բյուրոկրատական անորոշ իրավիճակում: Այս մասին հաղորդում է Metro News-ը:

 

Հյուսիսային Իրաքի փախստականների ճամբարներում այժմ առնվազն 100 սիրիացի է գտնվում, որոնք սպասում են Բրիտանական Կոլումբիայում հաստատված իրենց ընտանիքների անդամների հետ կրկին միավորվելուն: Այս փախստականներին աջակցության պատրաստակամություն են հայտնել մասնավոր հովանավորները, ովքեր դեռևս այս տարեսկզբին հովանավորության համար անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել:

 

Ալիսոն Դադլեյը մասնավոր հովանավորներից մեկն է, ով ութ երեխա ունեցող սիրիացի փախստականների երկու ընտանիքի հովանավորության համար համապատասխան դիմում է ներկայացրել դեռևս 2016 թվականի հունվարին:

 

Ութ երեխաների հորեղբայրը, ով Բուրնաբիի բնակիչ է, ապարդյուն կերպով փորձել է իր ընտանիքին Կանադա տեղափոխել Սիրիայում քաղաքացիական պատերազմի առաջին շրջանում՝ հինգ տարի առաջ: Երբ Կանադայի դաշնային կառավարությունը հայտարարեց, որ 25,000 սիրիացի փախստական է ընդունելու, նա հույս ուներ, որ իր ընտանիքը կլինի Կանադա տեղափոխվող հաջողակներից մեկը:

 

«Նրանք ծանր պայմաններում են ապրում, սպասում են, թե երբ հովանավորության դիմումին ընթացք կտրվի, սակայն գործընթացը շատ երկար է տևում: Այժմ ձմեռ է, նրանք ապրում են պատերազմի գոտում`վրանների մեջ»,- ասել է երեխաների հորեղբայրը:

 

Փախստականների վերաբնակեցման ծրագրի համակարգող Սալիմ Սպինդարին ասում է՝ գործընթացը ձգձգվում է Կանադայի ներգաղթի հարցերով զբաղվող վարչության թերացման պատճառով:

 

«Սովորաբար, լինում է մեկը, ով ճամբարներում հարցազրույցներ է անցկացնում փախստականների հետ, սակայն, Իրաքի Քուրդիստանում Կանադայի ներգաղթի հարցերով զբաղվող որևէ աշխատակից այս պահին չկա, ինչն ավելի է բարդացնում գործը»,- ասում է Սալիմը, ով Կանադա է տեղափոխվել 90-ական թվականներին:

 

Փախստականների ճամբարներում հարցազրուցավարները օգնում են փախստականներին լրացնել հայցադիմումները՝ կապված առողջության, նախկինում քրեական պատասխանատվության ենթարկված լինելու, ինչպես նաև անվտանգության վերաբերյալ:

 

Երեխաների հովանավորը հույս ունի, որ դաշնային կառավարությունը ավելի արագ կգործի, և ընտանիքները Կանադա կտեղափոխվեն 2017 թվականի սկզբին:

 

[facebook_like url=”” width=”” layout=”button_count” action=”like” faces=”true” share=”true”]