6 բան, որ պետք է իմանալ այս շաբաթավերջին
ՇՈՂ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆ
Տորոնտո (Նորանոր) — Noranor.ca-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում 6 բան, որ պետք է իմանալ այս շաբաթավերջին:
(1) Օնտարիոյի խորհրդարանական ընտրություններում Պահպանողական կուսակցության նախընտրական թեկնածու կանադահայ Արիս Պապիկյանը Noranor.ca-ի հետ զրույցում նշել է, որ լուրջ մրցակցություն է սպասվում, քանի որ նույն կուսակցությունից առաջադրվելու ցանկություն հայտնողները շատ են:
(2) Օրեր առաջ փախստականների և Կանադայի վարչապետի միջև կայացած հանդիպման ժամանակ Թրյուդոյին հուզած սիրիահայ բժիշկ Վանիկ Կարապետյանը Noranor.ca-ի հետ զրույցում պատմել է, որ իր համար հեշտ չի եղել 16 տարի Հալեպում իր մասնագիտությամբ աշխատելուց հետո Կանադայում ամեն ինչ նորից սկսել:
(3) Հանգուցյալ Սուրեն և Արմինե Մաղաքյանները 328,000 դոլար են կտակել Մոնրեալի Սբ. Հակոբ առաջնորդանիստ մայր եկեղեցուն: Գումարով հիմնվելու է «Սուրեն և Արմինե Մաղաքյան» կրթական հիմնադրամը:
(4) Կանադան պատրաստվում է վիճակախաղի համակարգ ներդնել, որը կփոխարինի ծնողների, տատիկների և պապիկների հետ վերամիավորման ներգաղթային գործընթացին: Փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2017 թվականին:
(5) Հալեպի Շտապ օգնության գործադիր մարմնի անդամ Րաֆֆի Ավետիսյանը, ով իր ընտանիքը երկու տարի առաջ տեղափոխել է Հայաստան, Noranor.ca-ի հետ զրույցում համոզմունք է հայտնել, որ չնայած Հալեպի ազատագրմանը, Հայաստանում հաստատված սիրիահայերը լքված բնակավայրեր վերադառնալու ցանկություն մեծ մասամբ չունեն, իսկ ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը Noranor.ca-ին տված հարցազրույցում նշել է, որ վստահ է, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու դեպքում հաղթելու իրական շանսեր ունի:
(6) Մոնրեալահայերի համար. «Ատգեն Արմենիան» հիմնադրամը դեկտեմբերի 16-ին ներկայացնում է «Երաժշտական Սուրբ Ծնունդ» միջոցառումը՝ Ալին Գութանի հետ: Երեկոյի հատուկ հյուրերն են «ՀԱՅԿ» վոկալային քառյակը, ՀԲԸՄ Մոնրեալի մասնաճյուղի «Մաշտոց» երգչախումբը, ՄըԳիլի կոնսերվատորիայի երեխաների և երիտասարդների երգչախմբերը՝ «Ատգեն Արմենիան» հիմնադրամի համույթի ուղեկցությամբ:
Տորոնտոհայերի համար. դեկտեմբերի 17-ին, Տորոնտոյի Սբ. Աստվածածին Հայ Առաքելական եկեղեցում տեղի կունենա Ամանորի և Սուրբծննդյան համերգ՝ Գերաշնորհ Տ. Բաբկեն արք. Չարյանի հովանավորությամբ:
Հաճելի և խաղաղ հանգստյան օրեր ենք մաղթում:
[facebook_like url=”” width=”” layout=”button_count” action=”like” faces=”true” share=”true”]