Home / Armenia  / Տոն պատերազմից հետո. Հալեպի հայկական թաղամասում 5 տարվա դադարից հետո տոնածառ կդնեն ու փողեր կփչեն

Տոն պատերազմից հետո. Հալեպի հայկական թաղամասում 5 տարվա դադարից հետո տոնածառ կդնեն ու փողեր կփչեն

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Հալեպ (Նորանոր) — Օրեր առաջ ազատագրված սիրիական երկրորդ քաղաքը՝ Հալեպը, վերջապես հանգիստ շունչ է քաշել։ Թեև սիրիական պատերազմը չի ավարտվել, սակայն Հալեպի ու այնտեղ գտնվող սիրիահայերի գլխին կախված վտանգը վերացել է:

 

Չնայած պատերազմի թողած վնասներն ու հետևանքները չափազանց ծանր են, սակայն այնտեղ գտնվող մոտ 8,000 հալեպահայերը չեն ընկճվում, ավելին, առաջիկայում պատրաստվում են աշխարհին ցույց տալ, որ հալեպահայությունն ու քրիստոնյա ժողովուրդը դեռ ներկա է Հալեպում: Ամանորին ընդառաջ հայկական թաղամասերից մեկում կտեղադրվի մեծ տոնածառ, իսկ փողային նվագախումբը, շրջելով թաղից թաղ, տոնական երգեր կկատարի:

 

Այս միջոցառման, ներկա իրավիճակի և առաջիկա անելիքների մասին Noranor.ca կայքին պատմել է Հալեպի շտապօգնության գործադիր մարմնի անդամ, ՍԴՀԿ ներկայացուցիչ Շահե Մինասյանը:

 

ՏՈՆ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ

Շահե Մինասյանի ընտանիքը ևս Հալեպում է, ու պատրաստվում են դեկտեմբերի 20-ին մասնակից դառնալ տոնածառի բացման արարողությանը, որը կխորհրդանշի դժվարին ու երկարատև պայքարից ու տագնապներից հետո Հալեպում կյանքը շարունակելու ձգտումը:

 

Առաջիկա օրերուն պարզ կըլի, որ Հալեպը տակավին կապրի, եւ երիտասարդությունը տակավին Հալեպի մեջ ներկա է

 

«Առաջիկա օրերուն պարզ կըլի, որ Հալեպը տակավին կապրի, եւ երիտասարդությունը տակավին Հալեպի մեջ ներկա է: Արդեն Հալեպի ազատագրության առթիվ ՍԴՀԿ Հալեպի շրջանի վարիչի հրահանգով Հ.Մ.Մ. (Homenmen)-ի սկաուտությունը առաջիկա օրերուն մեծ տոնածառ պիտի դնե հայաշատ թաղամասերե մեկու մեջ: Ծառին բացումը պիտի ըլլա ամսի 20-ին, իսկ 24-ի իրիկունը ՀՄՄ-ի նվագախումբը Կաղանդ պապայի հագուստներով պիտի դառնա հայաշատ թաղերուն մեջ՝ նվագելով Կաղանդի երգեր»,– պատմեց Շահե Մինասյանը:

 

Տոնածառի բացմանը ներկա կգտնվեն նահանգապետը, քաղաքապետը, կուսակցապետը, կառավարական այլ անձինք, եկեղեցականներ և քաղաքացիներ:

 

Ավանդական դարձած այս միջոցառումը վերջին անգամ տեղի էր ունեցել 2010 թվականին

 

7e60b8e235d27a790d2f58f9551f2b06b7e3e92aefc1c2c456pimgpsh_fullsize_distr

Ավանդական դարձած այս միջոցառումը վերջին անգամ տեղի էր ունեցել 2010 թվականին: Այդ ժամանակ արված լուսանկարները, որ ցույց է տալիս Շահե Մինասյանը, պատմում են կանգուն Հալեպի ու երեխաների անհոգ կյանքի մասին: Հիմա ևս կփորձեն փոքր-ինչ ուրախություն մտցնել այնտեղ մնացած ու պատերազմ տեսած երեխաների առօրյայի մեջ:

 

ԴԵՌ ՉՈՒՆԵՆ ՋՈՒՐ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իսկ իրականում քաղաքի նախկին վիճակին վերադառնալու մասին խոսելը գոնե հիմա ավելորդ է: Քանի դեռ պատերազմը շարունակվում է, ստիպված են մտածել առօրյա հարցերի լուծման մասին՝ օրինակ ջրի և էլեկտրականության վերականգնման խնդրի մասին, որը ևս լուրջ խնդիր է:

 

«Էլեկտրականություն երբեք չկա, իսկ ջուրի պարագան մի քանի օր կա, մի քանի օր չկա։ Ջուրի ընկերությունը, որ զինյալներու ձեռքն էր, տակավին ազատագրվեցավ, եւ կառավարությունը կջանա շինել, որպեսզի կարենա ջուր ապահովել»,– իրավիճակը ներկայացրեց Շտապօգնության գործադիր մարմնի անդամը:

 

ԿԱՏԱՐՎՈՒՄ ԵՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Այլ աշխատանքներ ևս կատարվում են։ Ներկայում յուրաքանչյուրն ուսումնասիրում ու հաշվարկում է իր կրած վնասները, իրենք ևս՝ իրենց պատկանող կառույցները: Առաջին հերթին ծանոթացել են Կիլիկյան ճեմարանի վիճակին, որն ավերված է, իսկ այրված Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու լուսանկարները պատմում են իսլամիստ զինյալների կատարած վայրագությունների մասին: 

9fe4f9f40f76b81443ec5afbee0e68bd4ff204d4b0587b888apimgpsh_fullsize_distr

 

Մինասյանի խոսքով՝ ամբողջովին քանդված ու ավերակների վերածված Հալեպում վնասները հաշվարկելու համար ուսումնասիրություններ է կատարում նաև կառավարությունը։ Հայկական կազմակերպությունները ևս իրենց հերթին առանձին աշխատանք են տանում, բայց վերականգնման մասին խոսելը շատ վաղ է, թեև այդ ուղղությամբ ևս մտածում են:

 

«Ամեն մեկ կազմակերպություն իր կարգին վնասները վերականգնելու մասին կմտածե, նույնպես ընդհանուր ծրագիր պիտի ըլլա Շտապօգնության մարմնի կողմե, թե առաջիկա տարին ինչպես պիտի կրնանք վերականգնել կամ ինչ պիտի ընենք, ինչ ձեւով կրնանք օգտակար դառնալ գաղութին»,– ասաց ՍԴՀԿ ներկայացուցիչը:

 

Այս պահին որևէ հալեպահայ չի վերադարձել Սիրիա

 

Շահե Մինասյանը նշեց նաև, որ մշտական կապ են հաստատում Հալեպը լքած սիրիահայերի հետ, որոնց մի մասը երազում է վերադառնալ, սակայն դեռևս չի համարձակվում նման քայլի գնալ: Այս պահին որևէ հալեպահայ չի վերադարձել Սիրիա:

 

Նշենք, որ այս պահի դրությամբ Հայաստանում ապրում է շուրջ 19,000 սիրիահայ, իսկ վերջին երկու տարվա ընթացքում Կանադայի Տորոնտո և Մոնրեալ քաղաքներ է ժամանել 4,000 սիրիահայ:

 

[facebook_like url=”” width=”” layout=”button_count” action=”like” faces=”true” share=”true”]