Home / Armenia  / ՀՌԱԿ-ը Հայաստանում ձգտում է Սփյուռքի դիրքերի ամրապնդման. ինչպե՞ս կմասնակցեն ընտրություններին ՌԱԿ-ը և ՎՍԴՀԿ-ն

ՀՌԱԿ-ը Հայաստանում ձգտում է Սփյուռքի դիրքերի ամրապնդման. ինչպե՞ս կմասնակցեն ընտրություններին ՌԱԿ-ը և ՎՍԴՀԿ-ն

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Երևան (Նորանոր) — ՀՀ ԱԺ-ում իշխանությունը ներկայացնող ավանդական կուսակցություններից ՀՅԴ-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցության վերաբերյալ պարբերաբար տեղեկություններ լինում են, ըստ այդմ, վերջինս ընտրություններին կմասնակցի միայնակ՝ առանց դաշինքի: Այս մասին օրեր առաջ հայտարարել էր ԱԺ-ում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

 

Սակայն, ավելի քիչ տեղեկություններ են հայտնի մյուս երկու ավանդական կուսակցությունների՝ ՀՌԱԿ-ի և ՍԴՀԿ-ի մասնակցության վերաբերյալ: 2017 թվականի ապրիլի խորհրդարանական ընտրություններին նրանց մասնակցության վերաբերյալ պարզաբանումներ փորձեց ստանալ Noranor.ca կայքը:

 

Զրուցել ենք ՀՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանի և Վերակազմյալ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության (ՎՍԴՀԿ) ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի հետ, իսկ ՍԴՀԿ ղեկավար Նարեկ Գալստյանը առայժմ տեղեկություններ չփոխանցեց իրենց անելիքների վերաբերյալ:

 

ՀՌԱԿ-Ը ԵՎ ՍԴՀԿ-Ն ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ

Մոտ երկու ամիս առաջ Հայաստանի ռամկավար ազատական և Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունները համատեղ ժողով են անցկացրել։ Ստեղծվել է երկու կուսակցությունների ներկայացուցիչներից բաղկացած հանձնախումբ, որի նպատակն է շարունակել քաղաքական երկխոսությունը: Այսինքն՝ չի բացառվում, որ երկու կուսակցությունները միասնաբար մասնակցեն ընտրություններին, թեև դաշինք կազմելը նոր իրավիճակի առջև կկանգնեցնի։Ներկայացնում է Հակոբ Ավետիքյանը. «Դաշինքով հանդես գալու պարագայում 7 % պետք է հավաքել, իսկ միայնակ՝ 5 %»:

 

Առայժմ կուսակցությունը նախապատրաստական աշխատանքների մեջ է, գնահատում է հնարավորությունները։ Ավետիքյանը պարզաբանում է՝ չմոռանալով նշել, որ իրենց հնարավորությունները մասամբ հայտնի են. այս տարի տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին մասնակցել են 11 թեկնածուով, 10-ը հաջողության են հասել։ Նշված տվյալները կարող են հիմք հանդիսանալ հետագա շանսերը գնահատելու առումով, թեև չի բացառում, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրավիճակը բոլորովին փոխվում է:

 

Հարուստ խաղացողներ են մտնում ընտրական դաշտ, նյութապես հարուստ, և դա պիտի հաշվի առնել

 

«Այսպես ասած, հարուստ խաղացողներ են մտնում ընտրական դաշտ, նյութապես հարուստ, և դա պիտի հաշվի առնել, որովհետև ընտրական գործընթացները, խոսքը ընտրակաշառքի մասին չէ։ Ընտրություններն իրենք ծախսատար են՝ գրասենյակների վարձակալություն, աշխատողների, վստահված անձանց ծախսեր և այլն։ Այս բոլորը, որ գումարում ենք, հսկայական միջոցներ են կազմում: Երբ ասում են ռեյտինգային քվեարկություն, ըստ իս, գնալու է վարչական ռեսուրսների և փողի տիրապետության տակ»,– նշում է ՀՌԱԿ ատենապետը:

 

Անկախ իր նշած հանգամանքներից՝ պատրաստ են պայքարի մեջ մտնել, քանի որ ունեն նպատակային ծրագրեր, որոնք ուզում են իրականացնել:

 

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՐԿՈՒ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Իսկ կուսակցությունը երկու նպատակ ունի դրված իր առջև՝ առաջինը վերաբերում է իշխանափոխությանը, այսինքն՝ նպատակ ունեն ձևավորել իշխանություն, որը կկարողանա, ինչպես Ավետիքյանն է ասում, «այս համատարած կաշառակերությանն ու հափշտակություններին վերջ տալ»:

 

Իսկ ավանդական կուսակցության երկրորդ նպատակը Սփյուռքի դիրքերի ամրապնդմանն ու թուլացած վիճակից դուրս բերելուն է ուղղված: Կուսակցության ղեկավարն այսպես է ներկայացնում.

 

Պատասխանատվություն ենք կրում նաև Սփյուռքի համար, և այսօր այն գտնվում է շատ թուլացած վիճակում, տեղ-տեղ ոչ մի աշխատանք չի կատարվում

 

«Սփյուռքի 12 երկրներում և մոտ 42 քաղաքներում մենք կառույցներն ունենք, պատասխանատվություն ենք կրում նաև Սփյուռքի համար, և այսօր այն գտնվում է շատ թուլացած վիճակում, տեղ-տեղ ոչ մի աշխատանք չի կատարվում, հատկապես նկատի ունեմ Ռուսաստանը և նորաստեղծ գաղութները: Եվ քանի որ մեր իշխանությունները համապատասխան աշխատանք չեն տանում, սփյուռքահայության մեծ մասը անտերության են մատնված, և սա մեր գլխավոր խնդիրն է»:

 

Եթե ընտրություններին հաջողության հասնեն, այս ուղղությամբ աշխատանքն ավելի դյուրին կլինի, սակայն նաև խորհրդարան չմտնելու դեպքում ՌԱԿ-ը պատրաստվում է ջանքեր գործադրել այս ուղղությամբ: «Սա մի գիծ է, որ տանելու ենք առաջ: Ո՞վ է ասել, որ Սփյուռքը պետք է Դաշնակցության տիրապետության տակ լինի, անկեղծ դաշնակցականները ևս կծիծաղեին դրա վրա, և այն մարդիկ, որոնք դաշնակցական շրջանակից չեն, շատ հուսախաբ են»,– շեշտում է «Ազգ» օրաթերթի խմբագիրը, ում համոզմամբ՝ Սփյուռքի միայն 5 % է կուսակցական, 20%-ը կուսակցությունների ազդեցության գոտիներում են գտնվում, իսկ մեծամասնությունը դուրս է կուսակցական շրջանակներից. ըստ նրա՝ պետք է զբաղվել այդ մեծամասնության խնդիրներով:

 

Ավետիքյանը նշում է, որ Սփյուռքի ուժեղացումը պետք է նաև հանուն Հայաստանի, իսկ այն, որ ընտրությունները նրանք պատրաստվում են վերահսկել, դրական, բայց ոչ արդյունավետ քայլ է։ Ավետիքյանը կարծում է․« դրա մեջ անբնական բան չկա, ոչ մի անբնական բան չկա, որ Հայաստանի ճակատագրով մտահոգված մարդիկ վերահսկողություն անեն, քանի որ, եթե օտարազգի կազմակերպություններին թույլատրվում է, ինչո՞ւ մեր հայերին չթույլատրվի»:

 

ՍԴՀԿ-Ն ՓՈՐՁՈՒՄ Է ԳՆԱՀԱՏԵԼ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Այլ է իրավիճակը Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության դեպքում: Վերջինս նախորդ ընտրություններին մասնակցություն չի ունեցել և նոր է փորձում գնահատել իր հնարավորությունները։ Կուսակցության ատենապետից դեռևս չհաջողվեց մանրամասներ ճշտել, փոխարենը ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը ներկայացրեց իրենց անելիքները:

 

Նշենք, որ Լյուդմիլա Սարգսյանը, ով հինգերորդ գումարման ԱԺ-ում պատգամավոր է ընտրվել ՀԱԿ կուսակցությունից, ՍԴՀԿ նախկին ատենապետն էր, սակայն տեղի ունեցած պառակտումների հետևանքով լքեց այն և հիմնեց ՎՍԴՀԿ-ն: Վստահեցնում է, որ նախկին ՍԴՀԿ հիմնական անդամներն իր հետ են, սակայն հրաժարվում է տեղեկություններ հայտնել կուսակցության անդամների թվի ու առաջիկա ընտրություններին ունենալիք հաջողության մասին՝ նշելով. «Ձեր կարծիքով նստում, հաշվո՞ւմ եմ ամեն օր անդամների քանակը: Ես ձեզ կարող եմ մի բան ասել, որ հիմնական մասնաճյուղինը մեզ հետ են մնացել, այնպես որ մենք խնդիր չունենք»:

 

Միայնակ մասնակցելու դեպքում հաղթանակի շանսեր չունեն

 

Բայց խնդիր կունենան, եթե միայնակ մասնակցեն ընտրություններին՝ առանց դաշինք կազմելու, սրանում վստահ է նաև Լյուդմիլա Սարգսյանը, ով դեռ չի որոշել, թե առաջիկայում ում հետ դաշինք կկազմեն։ Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացրած ՀԱԿ-ի հետ միասնաբար մասնակցության մասին դեռևս խոսք չկա:

 

«Ոչ միայն մերը, ամբողջ քաղաքական դաշտի, նույնիսկ ավելի ֆինանսներով և ռեսուրսներով հարուստ քաղաքական ուժերը միայնակ մասնակցության հնարավորություն չունեն, հետևաբար գնում են բանակցությունների։ Քաղաքական ուժերը հասկանում են, որ դաշինքներ կազմելով՝ կարող են մասնակցություն ապահովել և արդյունք ակնկալել 2017-ի ընտրություններին»,– համոզված է պատգամավորը:

 

Իսկ նրանք, ովքեր վստահություն են հայտնում իրենց հաջողության հարցում, անկեղծ չեն, նշում է Սարգսյանը՝ հավելելով. «Եթե կարող են, թող միայնակ մասնակցեն, ինչո՞ւ են դաշինքներ կազմում: Արդեն հայտարարել են դաշինքների մասին, եթե կարողանային, կհայտարարեին, որ առանձին մասնակցությունն իրենց համար նախապատվելի է»:

 

Առաջին անգամ է փորձարկվում ընտրական նոր օրենսգիրքը, նրա կարծիքով ռեյտինգային քվերակությունը դեռ խնդիրներ կստեղծի, երբ յուրաքանչյուր կուսակցություն դեռ պիտի փորձի հասկանալ, թե ռեյտինգային ինչ թեկնածուներ կարող է առաջադրել և ինչ արդյունքներ կարող է ակնկալել:

 

[facebook_like url=”” width=”” layout=”button_count” action=”like” faces=”true” share=”true”]