Home / Canada  / Մինչև 2036 թվականը ներգաղթյալները կկազմեն Կանադայի բնակչության կեսը

Մինչև 2036 թվականը ներգաղթյալները կկազմեն Կանադայի բնակչության կեսը

 

Օտտավա (Նորանոր) — Չնայած Միացյալ Նահանգներում և Եվրոպայում աճող հականերգաղթային տրամադրություններին՝ Կանադան մտադիր է ոչ միայն պահպանել իր բազմամշակութայնությունը, այլև խթանել այն, ասվում է Կանադայի վիճակագրական գործակալության նոր ուսումնասիրության մեջ: Այս մասին հաղորդում է CTV News-ը:

 

Կառավարամերձ գործակալությունը հաշվարկել է, որ մինչև 2036 թվականը Կանադայի ամեն երկրորդ բնակիչը կամ բնակչության 44.2-49.9%-ը կլինեն ներգաղթյալները և ներգաղթյալների երեխաները: Համեմատության համար նշենք, որ 2011 թվականին ներգաղթյալները և երկրորդ սերնդի ներգաղթյալները կազմում էին Կանադայի բնակչության 38.2%-ը:

 

Կանադայի վիճակագրական ծառայությունը ներգաղթյալների թվի աճը էլ ավելի պատկերավոր ներկայացնելու համար նշում է, որ մինչև 2036 թվականը Կանադայի ներգաղթյալների թիվը կրկնակի շատ կլինի, քան 1871 թվականին Կանադայում առաջին անգամ անցկացված մարդահամարի տվյալներով:

 

Հաղորդվում է, որ ներգաղթյալները կշարունակեն Կանադայի մեծ քաղաքներում բնակություն հաստատելու ավանդույթը: Մինչև 2036 թվականը ներգաղթյալների 90%-ը կհիմնավորվի Տորոնտոյում, Մոնրեալում և Վանկուվերում:

 

Վիճակագրությունը կանխատեսում է, որ մոտ 20 տարվա ընթացքում Կանադայի ներգաղթյալների 60%-ը ասիական ծագում կունենա: 2011 թվականի մարդահամարի տվյալներով՝ ասիական ծագում են ունեցել կանադաբնակ ներգաղթյալների 44%-ը:

 

Կանխատեսվում է նաև, որ մինչև 2036 թվականը Կանադայի բնակչության աշխատունակ զանգվածի (15-64 տարեկան) մեկ երրորդը կկազմեն ներգաղթյալները:

 

Ինչ վերաբերում է կրոնական պատկանելիությանը, ապա կանխատեսվում է, որ մինչև 2036 թվականը Կանադայի բնակչության ոչ քրիստոնյա զանգվածը կկրկնապատկվի. կտրուկ կաճեն մահմեդականություն, հինդուիզմ և սիքհիզմ դավանողների թիվը՝ պայմանավորված մեծաթիվ ներգաղթյալների ասիական ծագմամբ: Որևէ կրոն չդավանող կանադաբնակները կկազմեն ընդհանուր բնակչության 28.2-34.6%-ը:

 

Ի դեպ, մինչև 2036 թվականը Կանադայում 10.7-13.8 մլն մարդու կամ բնակչության 30%-ի առաջին լեզուն չի լինի անգլերենը կամ ֆրանսերենը: