Home / Armenia  / Երկիրը հրաշք երկիր է, ուղղակի մարդիկ դա չեն հասկանում. կանադահայ երաժիշտ ԴերՀովան իր կյանքն առանց Հայաստանի չի պատկերացնում

Երկիրը հրաշք երկիր է, ուղղակի մարդիկ դա չեն հասկանում. կանադահայ երաժիշտ ԴերՀովան իր կյանքն առանց Հայաստանի չի պատկերացնում

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Երևան (Նորանոր) — 1983 թվականին Հարություն Տեր-Հովակիմյանը մշակութային խմբի հետ առաջին անգամ այցելեց Հայաստան: 9-ամյա Հարությունի առաջին տպավորություններն անջնջելի էին: Կանադահայ պատանին, ով ծնվել էր Տորոնտոյում, բայց ստացել հայեցի դաստիարակություն, սովորել հայկական դպրոցում, երեք տարեկանից հաճախել ազգագրական խմբակ և մեծացել Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Խաչատուր Ավետիսյանի երաժշտությունների ներքո, որոշեց, որ անպայման վերադառնալու է:

 

2000 թվականին ևս մեկ այցը Հայաստան վերահաստատեց նրա որոշումը: Տեր-Հովակիմյանը, ով երաժշտական ասպարեզում հայտնի է ԴերՀովա անունով և բավական ճանաչված է իր յուրահատուկ ստեղծագործական ոճով, հայկական մշակույթին, միջավայրին ու բնավորությանը ծանոթանալուց հետո 2002-ին հաստատվեց հայրենիքում:

 

Երաժշտական կրթություն չէր ստացել, բայց 9-10 տարեկանից երգեր է գրել, իսկ 15 տարեկանում ստորագրել առաջին պայմանագիրը, մեկ տարի անց թողարկել է առաջին ձայնապնակը համաշխարհային շուկայի համար: Այլևս իր ուղին երաժշտական ասպարեզում պատկերացնող երաժիշտը գնահատում էր նաև Հայաստանում ստեղծագործելու, ինչու չէ, նաև բնակություն հաստատելու առավելությունները: 4 տարի պահանջվեց, որպեսզի ծանոթանար ու հաստատվեր այլ մշակույթ կրող նոր միջավայրում:

 

«Իմ մոտիկ հայաստանցի ընկերոջ՝ Արթուր Իսպիրյանի միջոցով ծանոթացա Շուշան Պետրոսյանի, Հասմիկ Կարապետյանի, Էմմիի, Սիրուշոյի հետ և սկսեցի աշխատել: Այն ժամանակ շատ էին լսում ռուսական փոփ երաժշտություն: Այնպես ստացվեց, որ առաջին գործը մեծ բում արեց, հաջողվեց և, դրա շնորհիվ շարունակեցի, դժվարություններ երբեք չեմ զգացել»,– Noranor.ca-ի հետ զրույցում հիշում է Տեր-Հովակիմյանը:

 

ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԳՈՐԾՈՒՄ

ԴերՀովան առանձնանում է երաժշտական ստեղծագործությունների գործիքավորման յուրահատուկ ոճով՝ յուրաքանչյուր աշխատանքում նոր մոտեցում ցուցաբերելով:

 

Ավելի շատ ուզում եմ ճանաչել մարդկանց ու հասկանալ՝ ինչ են ուզում, ու փորձել երաժշտության միջոցով թարգմանել այդ ամենը

 

«Շատ է լինում, որ երգիչները գալիս-ասում են՝ էն երգը, որ արել էի, դրա նման երգ եմ ուզում: Ես ասում եմ, որ հաստատ նման բան չեմ անի: Ավելի շատ ուզում եմ ճանաչել մարդկանց ու հասկանալ՝ ինչ են ուզում, ու փորձել երաժշտության միջոցով թարգմանել այդ ամենը»,– պատմում է երաժիշտը:

 

ՎԻՐԱՎՈՐԱՆՔ ԱԶԳԻ ՀԱՆԴԵՊ

 

^E49C01175C6F9C59CBD5A4F25E68E22C2D73C92B8C195D9323^pimgpsh_fullsize_distrՏարբեր երգիչների հետ աշխատելով՝ ցավով նկատել է, որ մեծ մասը բավական հեռու է արվեստից, հատկապես զայրանում է, երբ անճաշակ և թուրքական երաժտության հնչյունները կրող ռաբիս երաժշտության տարածումն արդարացնում են հասարակության պահանջով:

 

«Ռաբիս երաժշտություն են ստեղծում՝ ասելով, թե ազգը դա է պահանջում։ Դա իրոք մեծ վիրավորանք է ազգին, մեր ազգն այդքան ցածր ճաշակ ունի՞»,– հարց է տալիս կանադահայ երաժիշտը՝ վստահ լինելով, որ հասարակությունը գնահատում է բարձրաճաշակ երաժտությունը:

 

Բարձր է գնահատում հայկական ժողովրդական երաժշտությունը, թեև իրեն այդ ոճում չի պատկերացնում: «Երբ կարողացել եմ, փորձել եմ նորություն անել, դրսից լինելով էլ՝ փորձել եմ, որ հայկական ազդեցություն լինի, չնայած, որ ժողովրդական երաժշտությամբ չեմ զբաղվել»,– ասում է նա:

 

Տվյալ ոճում չի ստեղծագործում, բայց աշխատում է ժողովրդական երգիչների հետ՝ փորձելով իր հմտություններով օգտակար լինել նրանց: «Միշտ սիրել եմ օգտագործել հայկական երաժշտական գործիքներ։Աշխատում եմ Սևակ Ամրոյանի ու Արփիի հետ, ընկերներ ենք դարձել, օգնում եմ երգերում, որովհետև այդ երգերը հոգեհարազատ են, բայց իմ ոճը չէ, որ ստեղծագործեմ»,– նշում է 15 տարվա հայաստանցին:

 

^C9205F25E8B452EB03605C7DD92F612C6BA1FA7374B248F365^pimgpsh_fullsize_distrԱյն ամենը, ինչ ձեռք է բերել Հայաստանում, Կանադան դժվար թե կարողանար տալ իրեն, համոզված է Հարություն Տեր-Հովակիմյանը, ով Հայաստան տեղափոխվելիս մտածել է մշակույթին ու արվեստին մոտ լինելու մասին, ոչ թե սոցիալական բարեկեցության: Թեև այս հարցում ևս չի դժգոհում: 2008-ին ընկերների հետ որոշում են բիզնես հիմնել: «Չարենցի 28» ռեստորանը ապահովում է երաժշտի եկամտի մի մասը, մնացածը լրացնում է արվեստի միջոցով:

 

Ի՞ՆՉՆ Է ՆՊԱՏԱԿԸ

«Մարդիկ ասում են՝ ոնց եք թողել այդ երկիրը, եկել ստեղ, բայց ճիշտ չի լինի՞, որ հարցնեն, լավ, քո նպատակն ի՞նչ էր, հետո նոր հասկանան՝ արժե՞ր, որ գայի: Ինձ համար եկամուտը երկրորդական է եղել, ռեստորանը կա, ուստի կարող եմ հանգիստ ապրել, ինչպես նաև ծնողներիս շնորհիվ»,– ներկայացնում է ԴերՀովան, ում մայրը ևս վերջերս՝ ամուսնուն կորցնելուց հետո վերադարձել է Հայաստան:

 

Տեր-Հովակիմյանը պատմում է, որ մոր երազանքն է եղել Հայաստանում ապրելը: Մինչ նրա տեղափոխվելը ԴերՀովան հաճախ է մեկնել Կանադա՝ ծնողներին այցելության։ Հիմա իր ծննդավայր վերադառնալու պատճառ այլևս չունի: Այն, ինչ գտել է Հայաստանում, այնտեղ դժվար թե կարողանա ձեռք բերել, օրինակներ է բերում.

 

«Ավելի շատ եմ զարգացել իմ աշխատանքի մեջ: Այն երգիչները, ստուդիաները, որոնց հետ դրսում աշխատել եմ, մտածում եմ՝ ի՞նչ պետք է անեի, որ հետաքրքիր լիներ, կամ այն մարդիկ, որ մեծ հաջողության էին հասել, նայում եմ, հիմա չկան ասպարեզում, որպես բիզնես էլ՝ իրավիճակը փոխվել է: Որպես մարդ էլ՝ շատ առումներով փոխվել եմ՝ ավելի համբերատար եմ դարձել, ավելի շատ եմ գնահատում կյանքը, երբեք չեմ բողոքի, չեմ ասի, որ սխալ եմ արել»: 

 

ԵՐԿԻՐԸ ՀՐԱՇՔ ԵՐԿԻՐ Է

Տեր-Հովակիմյանը Հայաստանում գտել է իր արվեստի դրսևորման միջոցն ու կենսակերպը, որը չի փոխարինի ոչնչով, բայց նաև չի մեղադրում նրանց, ովքեր որոշում են լքել երկիրն ու տեղափոխվել այլ երկրներ ապրելու, եթե դա չեն անում հայրենիքը քարկոծելու ճանապարհով:

 

«Ցավում եմ, որ մարդիկ շատ վատ են խոսում երկրի մասին. այնպես են խոսում, որ իբր երկիրն է իրենց վատ բան արել։ Եթե կոնկրետ մեկից ես հիասթափվել, անունը նշի, ասա կառավարությունը կառավարություն չէ, ոչ թե երկիրը երկիր չէ։ Երկիրը հրա՜շք երկիր է, ուղղակի մարդիկ դա չեն հասկանում, ու այն մարդիկ, որ այդքան զզվանքով են գնում, իրենց չեմ հասկանում»,– մտահոգություն է հայտնում նախկին տորոնտոհայը:

 

^DAFD3A06CF2642ABF71F23A525F0B689B55B64EFC0F33D8170^pimgpsh_fullsize_distrԴեմ չէ, որպեսզի մարդիկ իրենց ապագան փորձեն Կանադայում կառուցել․ այդ երկիրը հնարավորություն կտա նորաստեղծ ընտանիքներին ապագա ստեղծել իրենց երեխաների համար, բայց դժվարություններ կլինեն նրանց համար, ովքեր ի վիճակի չեն լինի աշխատելու:

 

«Մարդիկ եթե նոր են ամուսնացել, ուզում են Կանադա գնալ, շատ լավ երկիր է, իսկ եթե թոշակի են անցել, շատ-շատ դժվար է, որովհետև կյանքը ահավոր թանկ է։ Ես էլ, երբ նոր էի տեղափոխվել էստեղ 15 տարի առաջ, ուրիշ էր, հիմա որ գնում եմ, տեսնում եմ, ահավոր թանկ է և կարծես միջին դասակարգը սկսել է աղքատանալ, ու կան շատ-շատ հարուստներ»,– նկատում է հայրենասեր երաժիշտը:

 

Իր ծնողները ևս, մոտ 50 տարի առաջ Հալեպից տեղափոխվելով Կանադա, ամեն ինչ արել են իրենց զավակների կյանքն ապահովելու համար։ Հայրը ամենօրյա աշխատանքի շնորհիվ կարողացել է հոգալ ընտանիքի հոգսերը և չմտածել կյանքը վայելելու մասին:

 

Հայաստանն այդ հնարավորությունը տալիս է, թեև սոցիալական խնդիրները, չի ժխտում, որ շատ են, և դժվարությունները շատերին հուսահատեցնում են: Թեև ինքն այդ խնդիրը չունի, բայց կիսում է այն կարծիքը, որ Հայաստանում հեռանկար չկա: 

 

Ես էլ ինչ-որ չափով հեռանկար չեմ տեսնում, չեմ կարող միայն Հայաստանին մեղադրել

 

«Ես էլ ինչ-որ չափով հեռանկար չեմ տեսնում, չեմ կարող միայն Հայաստանին մեղադրել, մեր թշնամիներով շրջապատված լինելը, Ռուսաստանի դերը, դրա համար եմ ասում, Կանադայում կամ այլ զարգացած երկրում գիտես, որ ավելի հանգիստ կլինես»,– նշում է ԴերՀովան:

 

Եթե հնարավորություն ունենա, ստեղծագործական նպատակներով պատրաստ է կարճ ժամանակով եվրոպական երկրներ մեկնել, բայց աշխարհի որ անկյունում էլ լինի, մտածելու է Հայաստան վերադառնալու ու ձեռք բերած հանգստությամբ ու ստեղծագործական միջավայրով ապրելու մասին: