Home / Armenia  / Ինքս ինձ հարց եմ տալիս՝ մի՞թե ես չեմ կարողանալու ինչ-որ բան փոխել. դերասանուհի Թամար Հովհաննիսյանի հարցազրույցը

Ինքս ինձ հարց եմ տալիս՝ մի՞թե ես չեմ կարողանալու ինչ-որ բան փոխել. դերասանուհի Թամար Հովհաննիսյանի հարցազրույցը

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Երևան (Նորանոր) — Առատորեն տեղացող ձյո՞ւնն էր պատճառը, թե՞ հայրենիքում ապրելու հաստատակամությունը կոտրել փորձող հերթական մարտահրավերը, որ տիկին Թամարի տրամադրությունը փոխվել էր: Դերասանուհին փոքր-ինչ զայրացած, փոքր-ինչ էլ անտրամադիր եկավ հանդիպման: Հարցազրույց տալու առավոտվա ցանկությունն անհետացել էր:

 

Թամար Հովհաննիսյանը՝ Մհեր Մկրտչյանի այրին, մոտ մեկուկես տասնամյակ ԱՄՆ-ում բնակվելուց հետո 2013-ին տեղափոխվեց Հայաստան։ Եկավ ու անարդարության դեմ պայքարող հոսանքի մեջ մտավ՝ իր դժգոհությունն արտահայտելով երկրում տիրող կարգերի, իշխանությունների գործողությունների ու դրա արդյունքում հասարակությունում արմատացած բացասական երևույթների նկատմամբ:

 

Հայտնի դերասանուհի և ռեժիսոր Թամար Հովհաննիսյանի ձայնը վերջին 3 տարիներին մշտապես լսելի է, բայց Noranor.ca-ի հետ զրույցում հանկարծ արտահայտվում է, թե «ի՞նչ խոսեմ, միևնույն է, ոչինչ չի փոխվելու»:

 

Արդյո՞ք շատերի նման հավատացած է, որ ոչինչ չի փոխվելու: Կարճ ժամանակ անց դերասանուհին խոստովանում է. «Մարդն ապրում է՝ անընդհատ ձգտելով կատարելության հասնել, եթե նա այդ բանը չի անում, ուրեմն Homo sapiens չի, մտածող տարր չի»:

 

Իսկ այդպիսին լինել չի կարող մի մարդ, ով հավատացած է, որ անհատներն ի վիճակի են փոխել պատմության ընթացքը: Չի կարծում, որ անձամբ կարող է այդպիսի դեր կատարել, բայց կարող է պայքարել: Ու տիկնոջ խոսքից դարձյալ փորձում ես հասկանալ՝ գոհ, թե՞ դժգոհ է հայաստանյան իրավիճակից:

 

«Բոլոր նրանք, ովքեր լռում են, գո՞հ են։ Եթե ես խոսում եմ, ուզում եմ, որ լավ լինի, եթե ես իմ մեջ ունեմ բողոքի ջիղ, ուզում եմ ինչ-որ բան փոխել դեպի լավը, վերացնել սխալները, պայքարել անարդարության դեմ, դա կնշանակի՝ ես դժգո՞հ եմ, իսկ որտե՞ղ են մարդիկ գոհ…»,– հարց է տալիս տիկին Հովհաննիսյանը՝ միևնույն ժամանակ պատասխանելով, եթե ստրկատիրական կարգեր չեն ու մարդն ունի գիտակցություն, ուրեմն պետք է պայքարի անարդարության դեմ:

 

Հակասական տրամադրություններն աստիճանաբար փոխվում են, զայրույթի քողը՝ անհետանում, դերասանուհու փոքրիկ բեմադրությունը՝ հաջողվում, մեր զրույցը` դառնում էլ ավելի անմիջական: Թամար Հովհաննիսյանը ժպտում է, պատրաստ է պատասխանել նաև այլ հարցերի:

 

Խոսել չի ուզում Հայաստան վերադառնալու պատճառների մասին, թեև այդ մասին խոսելու կարիք էլ չկա՝ ամեն ինչ ինքնին հասկանալի է: Երկար ու բեղուն ստեղծագործական կյանքով ապրած արտիստն ԱՄՆ-ում ամեն ինչ թողնել-վերադառնալուց հետո դժվարությամբ է հաղթահարում որդու ու թոռնիկի կարոտը, իսկ հայրենիքում բռնել է պայքարելու ու փոփոխությունների հասնելու ուղին:

 

Մտահոգություն է հայտնում, բայց չի հասկանում այն մարդկանց, ովքեր լքում են երկիրը՝ փոխարեն իրենց իրավունքներն ու ազգային արժանապատվությունը վերականգնելու փորձերի: Ասում է. «Դուք պետք է հերթով գնաք օդանավակայանում կանգնեք, հարցնեք՝ ո՞ւր եք գնում, մոտավորապես պատկերացնո՞ւմ եք, թե ուր եք գնում, ինչո՞ւ չեք փորձում փոխել ինչ-որ բան: Լավ չեն անում, որ գնում են, գուցե իրենք այդպես են հարմար տեսնում, դա յուրաքանչյուրի խնդիրն է»:

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Իսկ երկրում մնացած հասարակությունը , ցավով նկատում է տիկին Հովհաննիսյանը, դարձել է ընկճված, հոգեպես անառողջ :

 

«Քաղաքակիրթ աշխարհն այսօր հասել է այն մակարդակին, որ կացարանով է ապահովում շներին, կատուներին։ Իսկ մենք դեռ մարդիկ ունենք, որոնք տարրական կացարան չունեն: էդ տներն առել-նստել են դատարկ-դատարկ, հասարակության այս խավերին պիտի օգնել, ձեռք մեկնել: Դրանք պիտի լինեն բուժարաններ, առողջարաններ, անապահով երեխաների ու ծերերի կացարաններ»,– հարց է բարձրացնում երկքաղաքացիություն ունեցող հայուհին, ով լավ է տեսնում նման հասարակություն ձևավորելու արմատները:

 

«Երբ գողերն են իշխանության գլուխ, գողությունը դառնում է չափանիշ, երբ ստախոսներն են իշխանության գլուխ, սուտը դառնում է օրենք, բոլորն են սկսում ստել: Երբ Ջորջ Բուշ Ավագը նախագահ էր, կինը՝ Բարբարա Բուշը, մազերը չէր ներկում։ Այդ 4 տարիների ընթացքում համայն աշխարհի տարեց կանայք սկսեցին մազերը չներկել: Երբ մեկն անընդհատ մարդկանց աչքի առաջ է, սկսում են նրան ընդօրինակել: Հասարակությունը տեսնում է գողին, ավազակին, կամաց-կամաց մարդկանց ուղեղում ձևավորվում է մտածելակերպ, որ ճիշտը սա է»,– ասում է Մհեր Մկրտչյանի այրին:

 

Արդյունքում խախտվում են լավ ու վատի չափորոշիչներն ինչպես կյանքում, այնպես էլ արվեստում, մշակույթում, քաղաքական, սոցիալական ու բոլոր բնագավառներում: Ազգային արժեքների կորուստը կարող է անդառնալի լինել, եթե այս երևույթները արմատախիլ չարվեն:

 

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

«Հիմա այս սխալ Ընտրական օրենսգրքով, Սահմանադրությամբ ու այս կեղծ ընդդիմությամբ փորձում են գնալ ընտրությունների, որն էական բան չի փոխի, նույնիսկ եթե նախագահի հարցն էլ կարողանան ինչ-որ ձևով լուծել, նույնիսկ եթե ՀՀԿ-ի հարցն էլ կարողանան լուծել, միևնույն է, դրա նման մի ուրիշ խմբավորում (ոչ կուսակցություն, որովհետև դրանք կուսակցություն չեն), մի ուրիշ թիմ, թայֆա, բանդիտների ինչ-որ մի ուրիշ խումբ կվերցնի իշխանությունը։ Առանցքային բան չի փոխվի, և սա էր պատճառը, որ ես բացահայտ ձևով սատարում էի «Սասնա ծռեր»-ին, որովհետև նրանք նախ ազնիվ մարդիկ են իրենց նկարագրով, հետո իրենց գաղափարներն ինձ համար ընդունելի են»,– այսպես է արտահայտվում, երբ խոսք է գնում առաջիկա ընտրություններից ակնկալիքների մասին:

 

Անմտություն է ընտրությունների հետ հույս կապելը, բայց եթե ինքն ունենար մի փոքրիկ հնարավորություն, կաներ ամեն ինչ՝ դրական փոփոխություններ իրականացնելու համար: Ցանկությունները կապված են ինչպես երկրի կառավարման համակարգում տիրող իրավիճակի վերացման, այնպես էլ Սփյուռքի հայության ուժերն օգտագործելու հետ: Վերջինի դեպքում, օրինակ, կընդլայներ նրանց հնարավորությունները՝ հայկական անձնագրերի տրամադրման ու ընտրությունների մասնակցության իրավունքի ստեղծմամբ:

 

ՍՓՅՈՒՌՔԸ

«Անձամբ ես կուզեի, որ նրանք ունենան հայկական անձնագիր, կարողանան ընտրել՝ աշխարհի որ ծայրում էլ լինեն, կարողանան ազատ ելումուտ ունենալ Հայաստան՝ ապրելու, գործարարությամբ զբաղվելու, ուսանելու, տնավորվելու և ընտանիք կազմելու։ Ես դա կհամարեի փրկության ուղիներից մեկը՝ մի փոքրիկ, նեղ արահետ: Կամաց-կամաց գալով՝ հնարավոր է մի սերունդ գոյանար այստեղ՝ դրսում կրթված, որոնք կկարողանան առանցքային փոփոխություններ մտցնել երկրի կյանքում»,– նշում է դերասանուհին:

 

ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ԱՌՋԵՎ

Ըստ դերասանուհու՝ ստեղծվել է մի իրավիճակ, երբ պետք է ամեն ինչ սկսել զրոյական մակարդակից։ Հայաստանը կանգնած է պետականությունը կորցնելու վտանգի առաջ․ ներքին ու արտաքին վտանգները ստեղծված արտակարգ իրավիճակի մասին մտածելու տեղիք են տալիս: Թամար Հովհաննիսյանը կարծում է, որ նույնիսկ ԱԺ ընտրություններ անցկացնելն է ներկա իրավիճակում սխալ:

 

Եթե անգամ մեկ-երկու անձի փոփոխություն լինի, ըստ Թամար Հովհաննիսյանի, դրանից իրավիճակի փոփոխություն չի կարելի ակնկալել, պետք է հիմնովին փոխել ստեղծված համակարգը: Դրա փոխարեն կան անձինք, որոնք, ըստ նրա, բոլոր քայլերն անում են ազնվագույն նպատակներից ու գաղափարներից մղված. դրանք «Սասնա ծռեր» խմբավորման անդամներն են:

 

Եթե անգամ ամբողջ համակարգն արմատախիլ արվի, հնարավո՞ր է վերացնել հասարակության մեջ ձևավորված բացասական երևույթները, օրինակ՝ կոռուպցիան։ Տիկին Թամարը նշում է.

 

«Կոռուպցիան ձևավորվում է նրանց մեջ, ովքեր ունեն լծակներ, ովքեր ունեն իշխանություն, և դա արմատախիլ անելը բարդ բան չէ։ Պարզապես պետք է տանել-դնել ճաղերի ետևում և ասել՝ ինչ-որ թալանել ես, վերադարձրու պետական բյուջե,իսկ իրենց կառուցած այդ ամրոցները, տները պետք է վերցնել և տալ հասարակական շերտերին, որոնք դրա կարիքն ունեն»:

 

Կարիքավորները շատ են, սոցիալական բևեռացումը՝ ակնհայտ, իսկ իրավիճակը փոխելու համար ամեն մարդ իր մեջ պիտի ունենա պատասխանատվության զգացում, այդ թվում նաև Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները, որոնք ևս որոշել են մասնակից դառնալ Հայաստանի քաղաքական զարգացումներին:

 

Թերևս հենց այդ պատասխանատվության զգացումն էլ Հայաստան է բերել տիկին Թամարին, ով չի հանձնվում, թեև դրա համար պատճառներ կան.

 

Մի՞թե ես չեմ կարողանալու ինչ-որ բան փոխել

 

«Համառորեն չեմ ուզում հետ գնալ, չնայած կարող եմ, որովհետև ես երկքաղաքացի եմ։ Այնտեղ իմ տղան է, նաև, ինչ-որ տեղ, հետաքրքրություններս, բայց չեմ ուզում թողնել, ինքս ինձ հարց եմ տալիս՝ մի՞թե ես չեմ կարողանալու ինչ-որ բան փոխել…»