Home / Canada  / Քվեբեկի ներգաղթի փաստաբանները ցանկանում են, որպեսզի Կանադան դուրս գա Անվտանգ երրորդ երկրի համաձայնագրից

Քվեբեկի ներգաղթի փաստաբանները ցանկանում են, որպեսզի Կանադան դուրս գա Անվտանգ երրորդ երկրի համաձայնագրից

 

Մոնրեալ (Նորանոր) — Քվեբեկի Ներգաղթի հարցերով զբաղվող փաստաբանների միությունը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից՝ ներգաղթի վերաբերյալ ստորագրած մի շարք հրամանագրերի ֆոնին, Կանադային կոչ է անում դուրս գալ Անվտանգ երրորդ երկրի համաձայնագրից: Այս մասին տեղեկացնում է Montreal Gazette-ը:

 

Հրամանագրերի թվում է նաև ԱՄՆ մուտք գործելու 90-օրյա արգելքի սահմանումը նրանց համար, ովքեր լքում են մահմեդական 7 խոշոր երկիր՝ Իրաքը, Սիրիան, Իրանը, Լիբիան, Սոմալին, Սուդանը և Եմենը:

 

Կանադայի և ԱՄՆ-ի միջև ստորագրված Անվտանգ երրորդ երկրի համաձայնագրով նախատեսվում է, որ փախստականի կարգավիճակ ստանալ ցանկացող յուրաքանչյուր անձ պետք է դա անի առաջինը մուտք գործած երկրում:

 

Քվեբեկի Ներգաղթի հարցերով զբաղվող փաստաբանների միության նախագահ Ժան Սեբաստիան Բուդրոն երկուշաբթի հայտնել է, որ եթե ինչ-որ մեկը փախստականի կարգավիճակ է ցանկանում ստանալ՝ գալով ԱՄՆ-ից, չի կարող ապաստան ստանալ Կանադայի սահմանին՝ բացառությամբ որոշ հանգամանքների, որոնցից առավել հատկանշական է այս երկրում ընտանիքի անդամներ ունենալը:

 

Բուդրոն նշել է, որ 2002 թվականին, երբ համաձայնագիրը ստորագրվել է, Կանադան և ԱՄՆ-ն միանման միգրացիոն քաղաքականություն են վարել, սակայն Թրամփի հրամանագրերից հետո Կանադան պետք է դուրս գա այդ համաձայնագրից:

 

«Շատ մարդիկ մտածում են, որ այդ համաձայնագիրը երբևէ չպետք է ստորագրվեր»,– ասել է նա:

 

Միությունը հարցի վերաբերյալ դիմել է վարչապետ Ջասթին Թրյուդոյին և ներգաղթի հարցերով նախարար Ահմեդ Հուսենին՝ նշելով, որ համաձայնագիրը պետք է ժամանակավորապես չեղարկվի՝ մինչև երկու միգրացիոն համակարգերը «կրկին միանման կդառնան». այդ ժամանակ համաձայնագիրը կարող է կրկին ուժի մեջ մտնել:

 

Բուդրոն նշել է, որ Թրյուդոյի՝ հանգստյան օրերին արված հայտարարությունը, որ Կանադան շարունակելու է ընդունել այս երկրում ապաստան ստանալ ցանկացող յուրաքանչյուր անձի՝ անկախ կրոնից և ծագումից, անտեղի էր:

 

«Մենք խաղում ենք մարդկանց կյանքերի հետ: Խաղում ենք մարդկանց իրավունքների հետ և ստեղծում ենք երկու տիպի ապաստան հայցողներ»,– ասել է նա: