Home / Canada  / Առանց ներգաղթի՝ Կանադայի բնակչության աճը կկազմի 0%

Առանց ներգաղթի՝ Կանադայի բնակչության աճը կկազմի 0%

 

Տորոնտո (Նորանոր) — Քսան տարի անց Կանադայի բնակչության աճը կարող է կազմել 0%, եթե չլինի ներգաղթը: Պատճառը ծնելիության չափազանց ցածր մակարդակն է: Այս մասին գրում է Toronto Star-ը:

 

Կանադայի վիճակագրական վարչության կողմից այսօր հրապարակված մարդահամարի տվյալներով, որն անցկացվել է 2016 թվականին՝ Կանադայում յուրաքանչյուր կնոջը բաժին է ընկնում 1.6 երեխա: Այս ցուցանիշը շատ քիչ է բարձր երեք տարի առաջ գրանցված թվից՝ 1.59: Այս թիվն արտացոլում է 15-49 տարեկան կանանց բաժին ընկնող երեխաների միջին քանակը:

 

Կանադայում ծնելիության մակարդակն արդեն մի քանի տասնամյակ է, ինչ կայուն անկում է գրանցում: Վերջին անգամ 1971 թվականին է գրանցվել 2.1 երեխա՝ յուրաքանչյուր կնոջ համար, ինչն անհրաժեշտ է առանց ներգաղթի բնակչության վերարտադրման համար:

 

1999 թվականից Կանադայի բնակչության աճը հիմնականում ապահովում են ներգաղթյալները: Համաձայն 2016 թվականի մարդահամարի տվյալների՝ Կանադայի բնակչության թիվն աճել է 5%-ով՝ կազմելով 35,151,728 մարդ: Աճի 2/3-րդ մասը պայմանավորված է Կանադայում փախստականների և ներգաղթյալների ժամանումով, մինչդեռ մնացածը՝ բնական աճի հետևանք է:

 

Ըստ կանխատեսումների 2031 թվականի սկզբին Կանադայի բնակչության աճի 80%-ը կապահովեն ներգաղթյալները:

 

Հիմք ընդունելով ներկայիս ցուցանիշը՝ կանխատեսվում է նաև, որ առանց ներգաղթի շարունակականության՝ 20 տարում Կանադայի բնակչությունը աճ չի գրանցի, քանի որ բնակչությունը ծերանում է: