Home / Canada  / Մարդահամար 2016. Կանադան 35 մլն 151 հզր 728 բնակիչ ունի

Մարդահամար 2016. Կանադան 35 մլն 151 հզր 728 բնակիչ ունի

 

Օտտավա (Նորանոր) — Համաձայն Կանադայի Վիճակագրական վարչության կողմից փետրվարի 8-ին հրապարակված 2016 թվականի մարդահամարի տվյալների՝ Կանադայի բնակչության թիվն աճել է՝ դառնալով 35,151,728 մարդ: Այս մասին հաղորդում է CBC News-ը:  

 

2011 թվականին իրականացված մարդահամարից ի վեր երկրի բնակչության թիվն աճել է 5 %-ով: Այն ժամանակ Կանադայում բնակվում էր 33.5 մլն մարդ: Աճի ցուցանիշը, սակայն, նվազել է: 2011 թվականին այն կազմել էր 5.9 %:

 

2016-ին գրանցված բնակչության թվի աճի 2/3-րդը ներգաղթի շնորհիվ է, իսկ մյուս մասը՝ նորածինների:  

 

Բնակչության թվի աճ է գրանցվել հատկապես Արևմտյան Կանադայում: Աճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Ալբերտա նահանգում՝ 11.6 %, այնուհետև Սասկաչևանում՝ 6.3 %, և Մանիտոբայում՝ 5.8 %:

 

2006 և 2011 թվականներին անցկացված մարդահամարների տվյալներով՝ Ալբերտան ամենաարագ աճող նահանգն է եղել:

 

Հատկանշական է, որ մարդահամարն իրականացվել է 2016 թվականի մայիսին, այսինքն՝ դրանում ներառված չէ Ալբերտայի տնտեսական անկումը:

 

Երկրում ամենաքիչ աճ գրանցած նահանգներ են Փրինս Էդվարդ Այլընդը՝ 1,9 %-ով, Նյուֆաունդլենդ և Լաբրադորը՝ 1 %-ով, և Նոր Շոտլանդիան՝  0.2 %-ով: Նյու Բրանսուիքում բնակչության թիվը նվազել է 0.5 %-ով: Սա միակ նահանգն է, որտեղ 2011 թվականից ի վեր բնակչության թիվը նվազել է:

 

Օնտարիոն շարունակում է համարվել Կանադայի ամենաբնակեցված նահանգը՝ 13.4 մլն բնակչությամբ՝ 2011 թվականից ի վեր գրանցած 4.6 % աճով:

 

Քվեբեկի բնակչության թիվն աճել է 3.3 %-ով՝ դառնալով 8.2 մլն:

 

Տորոնտոյում բնակչության թիվը 2011 թվականից ի վեր աճել է 6.2 %-ով՝ դառնալով 5.9 մլն: Մոնրեալի բնակչության թիվը հատել է 4 մլն սահմանը՝ քաղաքի բնակչության թիվը հասնում է 4.1 մլն, իսկ Վանկուվերում բնակվում է 2.5 մլն մարդ, գրանցվել է բնակչության թվի 6.5 % աճ:

 

Կալգարին այժմ համարվում է Կանադայի 4-րդ խոշորագույն քաղաքը՝ 1.4 մլն բնակչությամբ՝ այսկերպ առաջ անցնելով Օտտավա-Գատինոյից, որի բնակչության թիվը կազմում է 1.3 մլն: Նույնքան բնակիչ ունի նաև Էդմոնտոնը: