Home / Armenia  / Կանադացի քաղաքական գործիչ Ջիմ Կարիջիանիսը կմեկնի Արցախ

Կանադացի քաղաքական գործիչ Ջիմ Կարիջիանիսը կմեկնի Արցախ

 

Օտտավա (Նորանոր) — Թեև Ադրբեջանի իշխանությունները մշտապես ջանքեր են գործադրում, որպեսզի օտարերկրյա դիվանագետները, խորհրդարանականները և դիտորդները չայցելեն Արցախի Հանրապետություն, կանադացի նախկին խորհրդարանական Ջիմ Կարիջիանիսը գալիք շաբաթ կժամանի Արցախ: Այս մասին ասված է Հայ դատի Կանադայի հանձնախմբի պաշտոնական հաղորդագրության մեջ:

 

Կանադացի քաղաքական գործիչը՝ որպես միջազգային դիտորդ, կմասնակցի փետրվարի 20-ին նախատեսված սահմանադրական հանրաքվեին:

 

Արցախի անկախության և արցախցիների ինքնորոշման իրավունքի վաղեմի աջակից պրն. Կարիջիանիսը Արցախ կմեկնի Հայ դատի Կանադայի հանձնախմբի առաջարկով: Սա կանադացի քաղաքական գործչի առաջին այցը չէ: 2012 թվականին Ջիմ Կարիջիանիսը գլխավորել էր կանադացի դիտորդների թիմը Արցախի Հանրապետության նախագահական ընտրություններում:

 

Ավելի վաղ Noranor.ca-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը հայտնել էր կանադացի քաղաքական գործչի՝ Արցախ կատարելիք այցի մասին: Վերջինս նշել էր, որ Ջիմ Կարիջիանիսի այցը կապացուցի, որ Ադրբեջանին չի հաջողվի վախեցնել Կանադայի քաղաքացիներին և քաղաքական գործիչներին՝ նրանց Ադրբեջանի «սև ցուցակում» ներառելով:

 

Նշենք, որ փետրվարի 7-ին Բելառուսն Ադրբեջանին արտահանձնեց Բլոգեր Ալեքսանդր Լապշինին: Վերջինս տարիներ առաջ երկու անգամ այցելել է Արցախ, իսկ ամիսներ առաջ քննադատել է Իլհամ Ալիևին, ինչից հետո էլ պաշտոնական Բաքուն բլոգերի դեմ մի քանի քրեական գործ է հարուցել և միջազգային հետախուզում հայտարարել: Ադրբեջանում նրան մի քանի հոդվածներով մեղադրանքներ են ներկայացվել: Լապշինին 5 տարվա ազատազրկում է սպառնում: