Home / Armenia  / Ավելի քան 100 միջազգային դիտորդներ նախընտրել են մեկ անգամ լինել Արցախում, քան շահել Ադրբեջանի համակրանքը

Ավելի քան 100 միջազգային դիտորդներ նախընտրել են մեկ անգամ լինել Արցախում, քան շահել Ադրբեջանի համակրանքը

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Ստեփանակերտ, Արցախ (Նորանոր) — Փետրվարի 20-ին՝ Արցախի Հանրապետության վերածննդի օրը, Արցախում կայացած Սահմանադրական հանրաքվեն բացառիկ հնարավորություն էր՝ արձագանքելու Ադրբեջանի կողմից օրեր առաջ կատարված քայլին: Կանադան առաջին երկրներից մեկն էր, որ հայտնի բլոգեր Լապշինի ձերբակալությանը հակահարված տվեց. Ադրբեջանի «սև ցուցակ»-ում հայտնված Ջիմ Կարիջիանիսը հայտարարեց Արցախ մեկնելու մասին:

 

ԱՄՆ-ԻՑ ՄԻՆՉԵՎ ՃԱՊՈՆԻԱ

Անցած օրը նա արդեն Արցախում էր՝ աշխարհի ավելի քան 30 երկրներից ժամանած միջազգային դիտորդների հետ միասին, իսկ այսօր Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ հանդիպման ընթացքում Կարիջիանիսը նշել է, որ Արցախի հանրաքվեն արտակարգ իդեալական էր: Noranor.ca-ի հետ զրույցում ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը ներկայացրել է Ադրբեջանի գործողությունների հետևանքները` նշելով.

 

«30 երկրներից դիտորդներ են ժամանել, սա աննախադեպ թիվ է, այսինքն՝ Լապշինի գործը, որով Ադրբեջանը ձգտում էր մեկուսացնել Արցախը, հակառակ էֆեկտն ունեցավ, և այս քվեարկությանը ավելի շատ երկրներից մասնակցեցին` ԱՄՆ-ից մինչև Ճապոնիա»:

 

Նախընտրել են մեկ անգամ լինել Արցախում, քան շահել Ադրբեջանի համակրանքը

 

Միջազգային դիտորդներն իրենց աչքերով եկել, տեսել են Արցախը, իսկ Ադրբեջանն արդեն իսկ հայտարարել է, որ բոլոր նրանք, ովքեր այցելել են Լեռնային Ղարաբաղ, կհամալրեն «սև ցուցակ»-ում հայտնված գործիչների շարքը. այսինքն՝ ևս 100 միջազգային դիտորդներ, ովքեր նախընտրել են մեկ անգամ լինել Արցախում, քան շահել Ադրբեջանի համակրանքը: Իսկ այս երկրի հետագա քայլերը դեռևս պարզ չեն:

 

«Ադրբեջանում ուղղակի պետք է եզրակացություն անեն, որ իրենց այդ քաղաքականությունը որևէ ազդեցություն չի ունենում: Այն, ինչ իրենք ակնկալում էին ստանալ, հակառակը եղավ. մարդիկ ավելի են հետաքրքրվում, ուզում են այցելել, տեսնել, թե այսօր ինչ զարգացումներ կան: Այցելելով պարզ է դարձել, որ դրական գնահատականներ են տվել»,– նշեց Մայիլյանը:

 

Տարբեր երկրների դիտորդները հանդես են եկել ասուլիսներով և բարձր գնահատել Արցախում գործարարության զարգացումը, հնարավոր համարել այս երկրի հետագա զարգացումը:

 

Դեռ հայտնի չէ, թե Ադրբեջանը ինչ նոր քայլեր կձեռնարկի, սակայն շատերի համար քմծիծաղի արժանի, բայց և սպասված դեպք տեղի ունեցավ այսօր, երբ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահը իր կնոջը՝ Մեհրիբան Ալիևային նշանակել է առաջին փոխնախագահ: Դիվանագետն այս մասին նշում է.

 

«Դա ակնհայտ էր, երբ անցած տարվա սեպտեմբերի 23-ին իրենք անցկացրեցին իրենց Սահմանադրության հանրաքվեն: Բոլոր փորձագետները գնահատել էին, որ Ալիևը փորձում է ամրացնել իր դիրքերը Ադրբեջանում, ինչն այսօրվա հրամանագրով ապացուցվեց: Սպասվում էր, որ նման քայլ պիտի կատարվեր, ոչ մի զարմանալի բան չեղավ»:

 

ՀԱՆՐԱՔՎԵՆ ԿԱՅԱՑԵԼ Է

Ինչ վերաբերում է հանրաքվեի անցկացման գործընթացին ու արդյունքներին, ապա այսօր իսկ պարզ է դարձել, որ նախնական արդյունքների համաձայն՝ այն համարվել է կայացած:

 

«Խիստ նախնական արդյունքներով՝ Սահմանադրական հանրաքվեին 76,5 % մասնակցություն է գրանցվել, ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներից 69,540 քաղաքացի «կողմ» է քվեարկել, ինչը կազմում է քվեարկությանը մասնակցած քաղաքացիների 87,6 %-ը: 7,686 քաղաքացի կամ ընտրողների ընդհանուր թվի 9,7 %-ը քվեարկել է «դեմ»: Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 2,202 կամ՝ 2,8 5 %-ը: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ հանրաքվեի դրված հարցը համարվել է ընդունված»,– նշել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը:

 

Նշենք, որ սահմանադրական փոփոխությունների ընդունման դեպքում երկիրը որդեգրում է նախագահական կառավարման համակարգ: Արցախցի պաշտոնյանների զգալի մասը նախ կողմ էր արտահայտվում խորհրդարանական մոդելին: Սակայն հետագայում սկսեցին խոսել նախագահական մոդելի առավելությունների մասին: Մինչ այդ շատերը պնդում էին, որ չպետք է տարբերվել Հայաստանի կառավարման ձևից: Ըստ ընդդիմադիր գործիչների՝ սրանով փորձ է արվում երկարաձգել Բակո Սահակյանի իշխանությունը: