Home / Canada  / Կանադայում մշտական բնակության հրավեր ստանալու համար անհրաժեշտ միավորների թիվը շարունակում է նվազել

Կանադայում մշտական բնակության հրավեր ստանալու համար անհրաժեշտ միավորների թիվը շարունակում է նվազել

 

Օտտավա (Նորանոր) — Կանադան մշտական բնակության համար դիմելու՝ երբևէ գրանցված ամենամեծ թվով հրավերներն է ուղարկել թեկնածուներին: Այս մասին հաղորդում է CIC News-ը:

 

Կանադայի Ներգաղթի, փախստականների և քաղաքացիության հարցերի նախարարությունը մշտական բնակության համար դիմելու հրավեր է ուղարկել ներգաղթային դիմում-հայտ լրացրած թվով 3,884 թեկնածուի:

 

Բացի այդ, շարունակում է նվազել Համապարփակ գնահատման համակարգով (CRS) հաշվարկվող միավորների անցողիկ շեմը: Եթե այս տարվա հունվարի սկզբին Կանադայի ներգաղթային դիմումը լրացնող դիմորդներից պահանջվում էր հավաքել 468 միավոր, ապա մարտին պահանջվող նվազագույն միավորը 434-ն է:

 

Միավորների այս զգալի կրճատումը նշանակում է, որ ավելի մեծ թվով թեկնածուներ՝ դիմում-հայտում նշված իրենց ընտանիքի անդամների հետ միասին, հնարավորություն են ստանում դիմելու Կանադայի Ներգաղթի, փախստականների և քաղաքացիության հարցերի նախարարությանը՝ Կանադայում մշտական բնակության իրավունքի համար:

 

Նշենք, որ նախորդ շաբաթ՝ փետրվարի 22-ի տվյալներով, Express Entry համակարգով մշտական բնակության համար դիմելու հրավեր է ուղարկվել այն թեկնածուներին, ովքեր հավաքել են 441 և ավելի բարձր միավորներ:

 

Հրավիրված թեկնածուները իրենց դիմում-հայտը լրացնելու և անհրաժեշտ փաստաթղթերը կցելու համար 90 օր ժամանակ ունեն: Կանադայի Ներգաղթի, փախստականների և քաղաքացիության հարցերի նախարարության կողմից դիմում-հայտի հաստատվելուց հետո Կանադայում մշտական բնակության իրավունք ստանալու գործընթացը տևում է սովորաբար մինչև 6 ամիս: Գործընթացի ավարտին դիմորդները՝ դիմում-հայտում նշված իրենց ընտանիքի անդամների հետ կարող են մշտական բնակություն հաստատել Կանադայում: