Home / Armenia  / Հայաստանի դիվանագետներն այցելել են Արցախ

Հայաստանի դիվանագետներն այցելել են Արցախ

 

Ստեփանակերտ (Նորանոր) — Մարտի 1-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմի և արտերկրում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանների, միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցիչների, գլխավոր հյուպատոսների հերթական հավաքի մասնակիցներն այցելել են Արցախ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության կայքը:

 

Դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները տեղում ծանոթացել են հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից հերթական ռազմական արկածախնդրությունների արդյունքում տիրող իրավիճակին:

 

Նույն օրը Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները՝ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ, Ստեփանակերտում հանդիպել են Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը:

 

Հանգամանալից քննարկվել են 2016 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակը, անցնող տարվա ընթացքում ագրեսիայի հետևանքները հաղթահարելուն ուղղված ջանքերը:

 

Շեշտվել է Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հաստատված օրինակելի և սերտ փոխգործակցությունը:

 

Արցախի նախագահը ներկայացրել է սահմանադրական բարեփոխումներից հետո ձեռնարկվելիք քայլերը, պետականաշինության գործում ձեռքբերումները:

 

Իրականացվել է մտքերի փոխանակում տարբեր ոլորտներում Արցախի զարգացման հեռանկարների շուրջ: Նախագահ Բակո Սահակյանը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին։

 

Արցախի նախագահը շնորհակալություն է հայտնել այն համալիր ջանքերի համար, որ Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ իրականացնում է Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը՝ կենտրոնական ապարատը և դիվանագիտական ներկայացուցչությունները՝ ուղղված հիմնահարցի խաղաղ կարգավորմանը:

 

Նախագահ Սահակյանը Արցախի պետական պարգևներ է հանձնել Հայաստանի մի խումբ դիվանագետների։

 

Նշենք, որ հավաքին նաև մասնակցում է Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Եգանյանը: Վերջինս իր ֆեյսբուքյան էջում Արցախից լուսանկարներ է հրապարակել: