Home / Armenia  / Իշխանությո՞ւն, թե՞ ընդդիմություն. ո՞ւմ կտան իրենց ձայնը սիրիահայերը

Իշխանությո՞ւն, թե՞ ընդդիմություն. ո՞ւմ կտան իրենց ձայնը սիրիահայերը

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Երևան (Նորանոր) — Վաչե Անջօղլյանն իր ընտանիքի հետ Սիրիայից դեռ 5 տարի առաջ է ժամանել Հայաստան։ Որոշել էին հայրենիքում ժամանակավոր բնակություն հաստատել, մինչև Սիրիայում վիճակը հանդարտվեր: Պատերազմի երկարաձգվելու պատճառով ստիպված եղան շատ ավելի երկար մնալ:

 

Տպագրական բիզնեսով զբաղվող Անջօղլյանը Երևանում բնակարան գնեց, ձեռք բերեց ՀՀ քաղաքացիություն և ավելին՝ նաև հայաստանցուն բնորոշ մտածելակերպ ու քաղաքացիական դիրքորոշում:

ՇԻՆԾՈՒ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԻՆ ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ

 

^916E7DE2915F3A2C5C203ABCD8210BA01812D1F3ED7547DCF6^pimgpsh_fullsize_distr«Չեմ ընտրելու, ես այս շինծու դեմոկրատներին չեմ հավատում, ոչ թե որևէ քաղաքական ուժի, այլ սիստեմին չեմ վստահում, որովհետև ընտրություն ասվածը իրական ժողովրդի կամքը չէ»,– ասում է սիրիահայը, ով դեմ է ժողովրդավարական համակարգին, ավելին, կարծում է, որ Հայաստանի փրկությունը հայրենասեր դիկտատորի ձեռքերում կլինի, եթե այդպիսին կա, իսկ ներկա քաղաքական համակարգում որևէ մեկին չի տեսնում առաջնորդի դերում:

 

Կարելի է գնամ, բայց դատարկ թուղթ նետեմ

 

«Եթե ընտրելու առիթ պիտի տա, ոչ թե ընտրություններից մեկ ամիս առաջ լոզունգներով համոզեն, այլ արդեն ընտրվածները իրենց ղեկավարման շրջանում մի լավ բան անեին ժողովրդի համար։ Դրանով տպավորված՝ կգնայի իմ ձայնը կտայի»,– նշում է Անջօղլյանը, բայց նաև մտահոգվում է, որ կարող են իր ձայնը գողանալ, այդ պատճառով էլ մտածում է. «Կարելի է գնամ, բայց դատարկ թուղթ նետեմ»:

 

Անջօղլյանի նման ոչ բոլոր սիրիահայերն են պատկերացնում Հայաստանի քաղաքական դաշտում տիրող իրավիճակը, թերևս նրանց շրջանում Noranor.ca-ի կատարած հարցախույզը նման տպավորություն թողեց:

 

ՆՐԱՆՔ ՀԻՄԱ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐ ԵՆ 

Մինչ այդ հետաքրքրվեցինք նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին սիրիահայերի մասնակցության հնարավոր ծավալներով ու իրավունքներով: Պարզվում է՝ ինչպես Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, այնպես էլ ՀՀ Սփյուռքի նախարարությունը որևէ տեղեկություն չունեն ընտրելու իրավունք ունեցող սիրիահայերի թվի վերաբերյալ: Այս մասին մեր հարցին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը պատասխանեց.

 

«19,000-ը դարձել է ՀՀ քաղաքացի, 1,800-ը կացության կարգավիճակ է ձեռք բերել: Կացության կարգավիճակ ունեցողները չեն կարող մասնակցել ընտրություններին, բայց 19,000 –ից բոլոր նրանք, ովքեր ունեն ընտրական իրավունք, կմասնակցեն ընտրություններին, դա ամեն մեկի որոշելիքն է, մենք պարտադրել չենք կարող, ինչպես ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, իսկ նրանք հիմա ՀՀ քաղաքացիներ են, սիրիահայեր չեն, այլ՝ հայաստանցիներ»:

 

Հրանուշ Հակոբյանը կարծում է, որ նրանք դեռևս մեծ քաղաքական արենա դուրս չեն եկել, սակայն մասնակցություն կապահովեն ընտրությունների ժամանակ։ Իսկ թե որ քաղաքական ուժին կգերադասեն, վստահեցնում է, թե որևէ ուղղորդում չի լինելու և նրանք միայն իրենց ազատ կամքով կկատարեն իրենց քաղաքացիական պարտքը:

 

«Նրանք ազատ են իրենց ընտրության մեջ, իրենք են որոշելու, թե իրենց ձայնը, քվեն ինչպես տնօրինեն»,– ասաց նախարարը:

 

Կզբաղվեմ այնքանով, որքանով շտաբը կհանձնարարի

 

Ի դեպ, նշենք, որ գործող իշխանական ուժի ներկայացուցիչ՝ ՀՀԿ կուսակցության անդամ Հրանուշ Հակոբյանը պատրաստվում է զբաղվել քարոզարշավով՝ ըստ կուսակցության շտաբի հանձնարարության: Այս մասին ևս վերջինս հայտարարեց՝ ասելով. «Կզբաղվեմ այնքանով, որքանով շտաբը կհանձնարարի, այնքանով, որքանով իմ ժամանակը թույլ կտա»:

 

ԿԸՀ-ում ևս հաշվարկներ չունեն, թե ինչ թիվ են կազմում ընտրության մասնակցելու իրավունք ունեցող սիրիահայերը, իսկ նրանց հետ՝ որպես քաղաքական ու ընտրական համակարգին ոչ ամբողջովին տեղյակ զանգված, որևէ աշխատանք չի տարվելու: Noranor.ca-ին այս մասին հայտնեց ԿԸՀ անդամ Գեորգի Մարտիրոսյանը: 

 

Աշխատանք չի տարվում որևէ թիրախային խմբի մեջ

 

«Քվեարկության կարգը նոր է․ ոչ միայն ներգաղթյալները, այլև տեղի հայերն իրենք էլ լավ ծանոթ չեն։ Գովազդային հոլովակները պատրաստ են, թեև դրանք ուղղված չեն տարբեր թիրախային խմբերի. նման աշխատանք չի տարվում որևէ թիրախային խմբի մեջ: Բոլոր ՀՀ քաղաքացիներին ծանուցվում է նույն ձևով, և բոլորը նույն կերպ են քվեարկում»,– նշեց Մարտիրոսյանը:

 

Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնը, որն արդեն ավելի քան 5 տարի գործում է Հայաստանում, ծանոթ է այս բնակչության խնդիրներին, բայց ոչ քաղաքական կողմնորոշումներին, վստահեցնում է կենտրոնի փոխնախագահ Ջորջ Բարսեղյանը:

 

Իշխանամե՞տ, թե՞ ընդդիմադիր մասսա են սիրիահայերը

 

«Օրենքով նրանք ունեն իրավունք ընտրելու, բնականաբար պիտի ընտրեն, բայց թե ով որ ուղղությամբ պիտի ընտրե՝ իշխանամետ, թե ընդդիմադիր մասսա են սիրիահայերը, դժվար է ըսել, որովհետեւ մենք դեմոկրատ մարդիկ ենք, սիրիահայերի մեջ ալ կան իշխանական կողմնակիցներ, կան դժգոհներ, բնականաբար այնպես, ինչպես երկրի վիճակն է»,– ասաց Բարսեղյանը:

 

Իսկ անձամբ կարծում է, որ դժգոհելու առիթ երկրի ղեկավարությունից սիրիահայերը չպետք է ունենան, վստահ է, որ իրենց հարցում արվել է հնարավոր ամեն ինչ. «Անձամբ կկարծեմ, որ մեծ դժգոհելու տեղ մը չպիտի ունենան սիրիահայերը, որովհետեւ կառավարությունը ինչ-որ կարող էր տալ, տվավ, ես անձամբ գոնե համոզված եմ դրանում»,– ասում է իշխանություններից գոհ սիրիահայ պաշտոնյան:

 

ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄ ՉՈՒՆԵՆ

^8B191B9B4F1DC954EBB4C3693D7091457DD2F46997EDD46B3F^pimgpsh_fullsize_distrԻսկ սիրիահայերից շատերը պատկերացում չունեն քաղաքական համակարգի մասին. գոնե վերջին տարիներին ժամանածները հազիվ իրենց անձնական հոգսերն են հասցնում հոգալ: Օրինակ՝ Անի Շամլիյանը, որ մեկ տարի առաջ է եկել, շատ չի էլ հետաքրքրվել քաղաքականությամբ, ասում է. «Չեմ պատրաստվում մասնակցել, նոր եմ եկել, դեռ գաղափար չունեմ, տակավին ես իմ հարցերովս եմ զբաղված՝ ինչպես պիտի ապրիմ, ինչ պիտի ընեմ»:

 

Նրա քույրը շատ ավելի ակտիվ քաղաքացի է, թեև ինքն էլ լավ ծանոթ չէ ընտրություններում առաջադրված ուժերին՝ լսել է մեկ-երկուսի մասին միայն. մեկը, օրինակ, ավանդական քաղաքական ուժ ներկայացնող ՀՅԴ-ն է, մյուսը՝ նախկին սիրիահայ Օսկանյանը:

 

«Օսկանյանը ճանաչում եմ, մեր Հալեպից է, կրնա պատահի իրեն ընտրեմ: Եթե առիթը ընծայվի, անպայման կմասնակցեմ, ինչու չէ, ադիկա ալ իմ պարտականություններես մեկն է: Ընտրությունն էլ մեծ պատասխանատվություն է, ճիշտ ընտրությունը: Ճիշտը պետք է ընտրեմ, որ հանգիստ ապրինք, ճիշտ ընտրություն եւ շիտակ ձեւով ընտրություն»,– ասում է Լենա Շամլիյանը, ով բացասական կարծիքներ է լսել ընտրությունների մասին ու ասում է՝ ամեն մարդ պետք է իր չափով պայքարի, որ դրանք արդար անցնեն:

 

^4C60AE874DA47E6240B806FE6BB838F266074C4EAB79AFFE22^pimgpsh_fullsize_distrԹեկնածուներին ճանաչելու համար մեկ ամիսը քիչ ժամանակ է համարում, իսկ այդ ընթացքում նրանց տված խոստումներին չի վստահում: Փոխարենը երիտասարդ սերնդի ներկայացուցիչ Հովհաննես Բոյաջյանը հենց խոստումներով է փորձելու կողմնորոշվել: 

 

«Խոստումներուն պիտի նայենք, որ մարմիններն ինչ խոստումներ տալիս են, ըստ այդմ պիտի ձայն տանք: Անպայման նկատի կունենանք՝ որտեղից են՝ ավանդական ուժ են, թե չէ, պիտի նայենք՝ որ մարմիններն պիտի մասնակցեն ի շահ երկրի, իրենց կընտրենք»,– ասում է Հովհաննեսը:

 

ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆԱԼԸ ՀՈԳ ՉԷ

Ռիտա Մարկոսյանը ևս լավ ծանոթ չէ քաղաքական ուժերին, թեև քաղաքացիական պարտքը կատարելու ցանկություն ունի․ Սիրիայում գոնե այս հարցում ակտիվ է եղել, իսկ Հայաստանում մասնակցելու իրավունք չունի: «Ես ՀՀ քաղաքացիություն չունեմ, դիմած եմ, բայց դեռ չեմ ստացած, ստանամ, այն ատեն կմտածեմ»,–նշում է կինը:

 

Թեև ընտանիքն արդեն երկուսուկես տարի է, ինչ Հայաստանում է, բայց դեռ քաղաքացիություն չի ստացել: Ասում է՝ ընտանիքի հոգսերով ծանրաբեռնված՝ չեն մտածել այդ մասին, կձգտի մինչև ընտրություններ ձեռք բերել այն, եթե չստացվի էլ, շատ չի մտահոգվի: