Home / Canada  / Քվեբեկում ներգաղթյալների իրավապաշտպանները դատապարտում են քաղաքացիության վրա հիմնված խտրականությունը

Քվեբեկում ներգաղթյալների իրավապաշտպանները դատապարտում են քաղաքացիության վրա հիմնված խտրականությունը

 

Մոնրեալ (Նորանոր) —  Ներգաղթյալների իրավապաշտպան խմբերը խիստ դատապարտում են Քվեբեկի Մարդու իրավունքների հանձնաժողովի որոշումը: Հանձնաժողովը որոշում է կայացրել չքննել հայիթցի մի կնոջ բողոքը՝ իր քաղաքացիության պատճառով աշխատանքից ազատվելու վերաբերյալ:  Այս մասին հաղորդում է Montreal Gazette-ն:

 

Իրավապաշտպանները մտավախություն ունեն, որ Մարդու իրավունքների հանձնաժողովի այս որոշումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ Քվեբեկ նահանգում ապրող հազարավոր ներգաղթյալների համար:

 

Կնոջ հետ կապված դեպքը տեղի է ունեցել դեռևս 2015 թվականին: Ոչ առևտրային կազմակերպությունում՝ Քվեբեկի դեղատների սեփականատերերի միությունում, որպես հաշվապահ աշխատանքի ընդունվելուց մեկ շաբաթ անց հայիթցի կինը հեռացվել էր աշխատանքից:

 

Քվեբեկի Մարդու իրավունքների հանձնաժողովի եզրակացության մեջ մասնավորապես ասվում է, որ թեև կինն իր նախահամալսարանական և համալսարանական կրթությունը ստացել է Քվեբեկում, ինչպես նաև Կանադայի մշտական բնակչի կարգավիճակ ունի, նա քաղաքացի չէ, ինչն էլ աշխատանքից հեռացման պատճառ է դարձել:

 

Կնոջ իրավապաշտպան Ֆո Նեիմին այսօր հայտարարել է, որ պատրաստվում է վիճարկել Մասնագիտական արհմիությունների մասին ակտը, որը խտրականության է ենթարկում ոչ քաղաքացիներին՝ աշխատանքի հարցում:

 

«Մարդու իրավունքների հանձնաժողովը հնացած այս օրենքը փոփոխելու վերաբերյալ գործողություններ ձեռնարկելու փոխարեն խթանում է Քվեբեկում բնակվող բոլոր ներգաղթյալների նկատմամբ նման խտրական վերաբերմունքը»,- ասել է իրավապաշտպանը:

 

Վերը նշված օրենքն արգելում է քաղաքացի չհանդիսացող անձանց աշխատել Քվեբեկի թվով 1,740 միություններում և ոչ առևտրային կազմակերպություններում: