Home / Canada  / Մոտ 4,000 դիմորդ Կանադայի մշտական բնակիչ դառնալու հրավեր է ստացել

Մոտ 4,000 դիմորդ Կանադայի մշտական բնակիչ դառնալու հրավեր է ստացել

 

Օտտավա (Նորանոր) — Կանադայի Ներգաղթի, փախստականների և քաղաքացիության հարցերի նախարարությունն իրականացրել է մշտական բնակության համար դիմորդներին հրավեր ուղարկելու հերթական փուլը: Այս մասին հաղորդում է Immigration.ca-ն:

 

Express Entry համակարգով Կանադա ներգաղթելու նպատակով դիմում հայտ լրացրած և համապատասխան միավորի շեմը հաղթահարած 3,749 թեկնածու մշտական բնակիչ դառնալու հրավեր է ստացել:

 

Այս անգամ դիմորդներից պահանջվել է հավաքել նվազագույնը 441 միավոր, որը հաշվարկվում է  Համապարփակ գնահատման համակարգով (CRS): Ի տարբերություն նախորդ փուլի՝ միավորների նվազագույն շեմը մի փոքր բարձրացել է՝ կազմելով 441: Նշենք, որ մարտի սկզբին պահանջվող նվազագույն միավորը 434-ն էր:

 

Սա մշտական բնակության իրավունք ստանալու հրավերների՝ 2017 թվականի 7-րդ և ընդհանուր՝ 57-րդ փուլն էր:

 

Express Entry-ն Կանադայի կառավարության կողմից 2015 թվականի հունվարի 1-ից գործարկվող ներգաղթային  համակարգ է, որով ուսումնասիրվում են որակավորում, աշխատանքային փորձ ունեցող պոտենցիալ ներգաղթյալների դիմում-հայտերը և համապատասխան որոշում կայացվում՝ հրավեր ուղարկելու կամ այն մերժելու վերաբերյալ:

 

Սպասվում է, որ 2017 թվականի առաջին 6 ամիսներին Կանադայի մշտական բնակիչ դառնալու հրավեր կստանա 30,000 դիմորդ:

 

500-ից ցածր CRS միավոր սահմանելը Կանադայի կառավարությանը հնարավորություն է տալիս ապահովելու 2017 թվականի համար սահմանվող ներգաղթյալների թիվը:

 

Միավորների ցածր շեմը Կանադա ներգաղթել ցանկացող բավականին մեծ թվով դիմորդների հնարավորություն է տալիս մշտական բնակիչ դառնալու հրավեր ստանալ առանց աշխատանքի առաջարկի:

 

Հրավիրված թեկնածուները իրենց դիմում-հայտը լրացնելու և անհրաժեշտ փաստաթղթերը կցելու համար 90 օր ժամանակ ունեն: Կանադայի Ներգաղթի, փախստականների և քաղաքացիության հարցերի նախարարության կողմից դիմում-հայտը հաստատելուց հետո Կանադայում մշտական բնակության իրավունք ստանալու գործընթացը տևում է սովորաբար մինչև 6 ամիս: Գործընթացի ավարտին դիմորդները՝ դիմում-հայտում նշված իրենց ընտանիքի անդամների հետ կարող են մշտական բնակություն հաստատել Կանադայում: