Home / Canada  / Կանադայի էներգետիկ սեկտորի 8,700 աշխատատեղ վտանգի տակ է

Կանադայի էներգետիկ սեկտորի 8,700 աշխատատեղ վտանգի տակ է

 

Կալգարի (Նորանոր) — Կանադայի էներգետիկ սեկտորում աշխատատեղերը շարունակում են կախված մնալ նավթի լողացող գներից: Ըստ նոր ուսումնասիրության՝ եթե 1 բարել նավթի գինը երկար ժամանակ ցածր մնա 50 ԱՄՆ դոլարից, ապա էներգետիկ սետկորի 8,700 աշխատակից կկորցնի իր աշխատանքը: Այս մասին հաղորդում է Financial Post-ը:

 

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Կանադայի նավթարդյունաբերությունը 2015-2016 թվականների ընթացքում 52,500 աշխատատեղ է կորցրել: Հազարավոր աշխատատեղեր էլ փակվել են՝ ոլորտին անուղղակիորեն առնչություն ունենալու արդյունքում:

 

Հաղորդվում է նաև, որ նավթի և գազի արդյունաբերությամբ զբաղվող ընկերությունները իրենց կրճատված աշխատակիցներին կկարողանան կրկին աշխատանքով ապահովել 2018 թվականից ոչ շուտ:

 

Նշենք, որ հինգշաբթի օրվա առաջին կեսին մեկ բարել նավթի գինը բարձրացել է 1%-ով՝ կազմելով 50.22 ԱՄՆ դոլար:

 

Ըստ ուսումնասիրություն իրականացրած Enform ընկերության փոխնախագահ Քերոլ Հոուսի՝ այս պահին երկու հավանական զարգացում է հնարավոր. եթե գները ընկնեն, ապա կրճատումները կշարունակվեն, իսկ գները կարգավորվելու կամ բարձրանալու դեպքում արդյունաբերությունները կսկսեն փոքրաթիվ աշխատողների կրկին աշխատանքով ապահովել:

 

2015-16 թվականների կրճատումների արդյունքում Կանադայի էներգետիկ սեկտորի աշխատակիցների 25%-ը գործազուրկ է դարձել: Ընկերության գնահատմամբ՝ եթե նույնիսկ նավթի գները վերականգնվեն, կրճատված աշխատատեղերն ամբողջությամբ չեն վերականգնվի: Դրական շրջադարձի դեպքում, ըստ ուսումնասիրության, առաջիկա 5 տարիներին կրկին աշխատանքով կապահովվի 17,000 մարդ, ինչը կրճատված աշխատատեղերի ընդամենը 1/3-ն է: