Home / Canadahye  / Հայ դասականների ստեղծագործությունները՝ նոր մատուցմամբ. Ցեղասպանության 102-րդ տարելիցին ընդառաջ Մոնրեալում կկայանա Ջաբուրյան վեցյակի համերգը

Հայ դասականների ստեղծագործությունները՝ նոր մատուցմամբ. Ցեղասպանության 102-րդ տարելիցին ընդառաջ Մոնրեալում կկայանա Ջաբուրյան վեցյակի համերգը

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Մոնրեալ (Նորանոր) — Մոնրեալահայ երաժիշտ-կոմպոզիտոր Համբարձում Ջաբուրյանի համար Հայոց ցեղասպանության ցավն արտահայտվում է հայկական ծիրանափողի միջոցով: «Ցեղասպանությունն ինձ համար հայկական գործիքն է, դուդուկի ձայնն է»,– ասում է ամեն անգամ, երբ Ցեղասպանության որևէ տարելիցի առիթով իր մասնակցությամբ համերգներ են կազմակերպվում: Այդպիսիք եղել են 2015-ին, նաև անցյալ տարի:

 

Իսկ Ցեղասպանության 102-րդ տարելիցին ընդառաջ Ջաբուրյան վեցնյակի առաջիկա համերգը կկայանա ապրիլի 2-ին, Մոնրեալի Սուրբ Հակոբ եկեղեցում: Համազգային հայ կրթական և մշակութային միության նախաձեռնությամբ և Գերշ. Տեր Բաբկեն արքեպիսկոպոս Չարյանի հովանավորությամբ տեղի կունենա համերգային երեկո, որի ժամանակ Ջաբուրյան վեցնյակի կատարմամբ կհնչեն Կոմիտասի, Սպենդիարյանի, Տիգրանյանի, Խաչատրյանի և այլոց ստեղծագործությունները: Համբարձում Ջաբուրյանի դուդուկի ու կլարնետի կատարումներին կնվագակցեն երաժիշտներ Ռոբերտ Մարգարյանը, Յուպին Գիմը, Էկզավիե Լբաշ Պրոն, Կատերինա Ջաբրաժինան և Ռոման Մանոլաշը:

 

Ջաբուրյան սեքստետն իր գործունեությունը ծավալում է 2007 թվականից. այստեղ ընդգրկված են մի շարք հայազգի այլ երաժիշտներ ևս, որոնք համերգների ժամանակ հաճախ նվագակցում են խմբի ղեկավարին: Նրանցից են Տիգրան Մաթևոսյանը, Լևոն Մարկուպչյանը, Արմեն Թորոսյանը և այլոք, որոնց մասին հիացմունքով է խոսում Համբարձում Ջաբուրյանը, ով դեռ պատանեկան տարիքից՝ հորից ժառանգած երաժշտական գործիքն ու շնորհը ուրախությամբ ընդունելով, զարգացրել է երաժշտական ունակությունները:

 

Noranor.ca-ը մինչ համերգը զրուցել է մոնրեալահայ երաժիշտ Համբարձում Ջաբուրյանի հետ, ով պատմել է իր երաժշտական անցած ճանապարհի, հայ երաժշտության դերի ու Ցեղասպանության 102-րդ տարելիցի առիթով արվեստի միջոցով իր ասելիքի մասին:

 

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԸ՝ ԴՈՒԴՈՒԿԻ ՄԻՋՈՑՈՎ

Երաժիշտը ուրախությամբ է ընդունել համերգի հրավերը, առավել ևս, երբ առաջարկվել է դուդուկ նվագել: Այս գործիքի հանդեպ առանձնահատուկ ակնածանք ունի, այն արտահայտում է հայ ժողովրդի ցավը:

 

Ծիրանի ծառե ծնված այդ գործիքի առջեւ մեծ երաժիշտները գլխարկ կհանեն, եւ որքան որ լսվի, պիտի բավարար չըլլա

 

«Մենք ունինք 3000 տարվա պատմություն ունեցող հայկական գործիքը՝ դուդուկը, որի հրաշալի ձայնը այսօր կլսենք երկրագունդի բոլոր մասերեն, եւ նպատակը այն է, որ հայկական գործիքը լսվի ամբողջ ժողովուրդի մեջը եւ այն է, որ այդ առումով Ցեղասպանության մասին կպատմե, այդ գործիքին ձայնը, անուշությունը, ծիրանի ծառե ծնված այդ գործիքի առջեւ մեծ երաժիշտները գլխարկ կհանեն,  եւ որքան որ լսվի, պիտի բավարար չըլլա»,– ասում է դուդուկահարը:

 

Որևէ այլ երաժշտություն չի կարող ավելի լավ հնչել այս գործիքի միջոցով, որքան հայկականը, իսկ սպասվող համերգին Ջաբուրյանը ներկայացնելու է նոր ստեղծագործություններ, որպեսզի սերունդների համար պահպանվեն տարբեր աշխարհահռչակ հայ հեղինակների հանճարեղ գործերը:

 

17457559_1129702680485248_5723566215193529538_n«Արմեն Տիգրանյանի «Անուշ»-ի մեջ կան հատվածներ, որ մաս պիտի կազմեն, արժեք պիտի տան Խաչատուրյանի «Մասկարադ»-ին, դրանք կգործածեմ, որ միասին ամուսնանան, չմոռցվին երկուքն ալ, աս նորությունն է, որ պատրաստած եմ, նոր սերունդին համար չմոռցվի: Ունիմ Կոմիտաս «Քելե սոլեր», «Գոհար վարդ»-ը, ասոնք հարգանքի արժանի գործեր են, որ հիշվին, չմոռցվին»,– պատմում է երգահանը:

 

Դուդուկի միջոցով հնչում են նաև  Ջաբուրյանի նախնիների պատմությունները Եղեռնի օրերից: Նրանք ևս, գաղթի ճամփան բռնելով, հասել են Սիրիա, Եգիպտոս, իսկ ծնողները հաստատվել են Լիբանանում: Հայրը դեռ մանկուց երաժշտական կրթություն է ստացել և 40 տարի նվագել է Լիբանանի սիմֆոնիկ նվագախմբում:

 

ԿԵՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ՔԵՊԵՔԻ ՄԵՋ

«Ես ժառանգը կառնեմ իմ հորս գործիք եւ կսկսեմ կլարնետի դասընթացներուն հետեւիլ երաժշտանոցի մոտ, եւ պատճառ կդառնա 74-75-ի պատերազմը, որ ձգեմ դուրս ելլեմ համերգաշարքերու, 74-ի վերջը ադ պատերազմը պատճառ եղած է, չեմ վերադարձած, եւ կեցությունս որոշած եմ Քեպեքի մեջ ընել»,– պատմում է մոնրեալահայը, ով երաժշտական կրթություն է ստացել և հայրիկի գործը շարունակել արդեն մեկ այլ գաղթավայրում:

 

Այդ ձեռագիրները ինձ միշտ ըսած են՝ տղաս, մի մոռնար հայկական երաժշտությունը

 

«Տեղ մը գուկա, որ այլեւս դասական երաժշտությունեն կուզեմ վերանալ, որովհետեւ իմ հայրիկիս ամբողջ 60 տարվա աշխատանքներու ամբողջ ձեռագիրները պահված են, եւ այդ ձեռագիրները միշտ ինձ ըսած են՝ տղաս մի մոռնար մեր հայկական երաժշտությունը: Կոմիտասի գրությունները, Խաչատուրյանի, Սպենդիարյանի, Տիգրանյանի, այդ ամբողջ ձեռագիրները ուզեցի իրականացնել»,– ներկայացնում է մոնրեալահայ երաժիշտը, ում օգնում է եղբայրը՝ Գրիգոր Ջաբուրյանը: Այդ բոլոր գործերը ոչ միայն կյանք են ստանում, այլև հնչում են ինչպես Հյուսիսային Ամերիկայում, այնպես էլ՝ հայրենիքում: «Գրիգոր Ջաբուրյանն իմ մեկենաս եղած է այս երազս իրականացնելու եւ պատճառ եղած է, որ 15 անգամ Հայաստան գնամ-գամ»,– ասում է եղբայրը:

 

Իսկ ամեն այցելությունը Հայաստան ոչ միայն նոր ստեղծագործական աշխատանքների սկիզբ է դառնում, այլև երկարացնում իր կյանքը, վստահ է Համբարձում Ջաբուրյանը: 

 

«Ինծի հայրենիքս կպահե, հայկական երաժշտությունը՝ էստրադային, ջազային, դասական, միջնադարյան, ասոնք ամբողջ ինծի կպահե իմ հոգիիս մեջը եւ կապրեմ ես, երբ որ գուկամ եւ կտեսնեմ մաեստրո Երվանդ Թոփչյանը, ինծի համար մեծ արժեք է, Ռուբեն Ասատուրյանը, Դուրգարյանը, ասոնք են, որ ինծի առողջ կպահե, հայրենիք-երթալ գալը եւ կփորձեմ միշտ ներկա ըլլալ մշակութային իրադարձություններու, եւ իր հայրենիքի մեջ մարդ որքան երկար մնա, այնքան կյանքը կերակրի: Եթե կարենամ տարին մեկ անգամ այցելել, ինձ համար մեծ առողջություն կբերե»,– եզրափակում է երաժիշտը: