Home / Canadahye  / Արիս Պապիկյանը՝ Օնտարիոյում Պահպանողական կուսակցության թեկնածու (Հարցազրույց)

Արիս Պապիկյանը՝ Օնտարիոյում Պահպանողական կուսակցության թեկնածու (Հարցազրույց)

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Տորոնտո (Նորանոր) — Ապրիլի 1-ին Տորոնտո քաղաքի Սքարբորոու-Էջընկորթ ընտրատարածքում Պահպանողական կուսակցության ընտրություններում ձայների մեծամասնությամբ հաղթանակ է տարել հայազգի թեկնածու Արիս Պապիկյանը: Նա ստացել է 770 քվե, իսկ նրա մրցակիցը՝ կանադա-լիբանանցի Կոզետ Ջիանինին՝ 535 քվե: Այսպիսով, 2018 թվականի հունիսի 7-ին կայանալիք երեսփոխանական ընտրություններում Պահպանողական կուսակցությունը կներկայացնի Արիս Պապիկյանը:

 

Ինչպիսի՞ն է եղել մրցակցությունը կուսակցության թեկնածուների միջև, որքանո՞վ են արդարացվել սպասելիքները, որո՞նք են եղել գլխավոր մտահոգությունները և դեռևս ի՞նչ դժվարություններ ու անելիքներ կան առջևում՝ հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: Այս և այլ հարցերի շուրջ Noranor.ca կայքը զրուցել է Արիս Պապիկյանի և նրա ընտրարշավի օժանդակ կենտրոնական հանձնախմբի անդամ Արմեն Մելքոնյանի հետ:

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՂԹԱՆԱԿՆ Է

Թեև նախապես արձանագրված քաղաքացիների միայն 80 տոկոսն է ներկայացել ընտրություններին, բայց այսքանն էլ բավարար էր Պապիկյանի հաղթանակն ապահովելու համար: Եվս 105 քաղաքացի նախապես  անդամագրվել էր կուսակցությանը, բայց ընտրության չի ներկայացել: Արիս Պապիկյանին իրենց աջակցությունն էին հայտնել ու նրա հաղթանակի համար աշխատել հայկական բոլոր կազմակերպությունները, իսկ նման երևույթներ հաճախ տեղի չեն ունենում, հետևաբար Պապիկյանը մեզ հետ զրույցում հպարտորեն նշում է.

rsz_17620351_335480606850110_967219683271909499_o1

«Մեր ժողովուրդի 80 տոկոսը ներկա գտնվեցավ, եւ ասիկա միայն Արիս Պապիկյանի հաղթանակը չէ, ասիկա բոլոր իմ կողքիս եղած հայկական կազմակերպություններու հաղթանակն է, որոնք աջակցեցան: Պետք է ըսել, որ երկար ժամանակ է Տորոնտոյի պատմության մեջ ասանկ երեւույթ մը տեղի չէր ունեցած, բոլոր հայկական կազմակերպությունները եւ եկեղեցիները անխտրորեն աջակցեցան, մասնակցեցան եւ իրենց օգնությունը բերին, եւ այսօր իսկապես ալ մենք պետք է հպարտ զգանք, որ մեր ժողովուրդը անգամ մը կրցավ փաստել, որ ինքը կրնա իր իրավունքին տերը կանգնիլ»:

 

Հաղթանակը հայ թեկնածուին հեշտությամբ չի տրվել` մրցակիցն ու հակառակորդներն արել են ամեն ինչ նրան խանգարելու համար, դա եղել է ոչ միայն քարոզարշավի ընթացքում, այլև մինչև իսկ ընտրությունների ժամանակ: Եվ սա Պահպանողական կուսակցության հայազգի թեկնածուի ամենամեծ մտահոգությունն էր, որպեսզի վերացվեն խոչընդոտներն ու ուժերը կենտրոնացնելով՝ կանխեն ընտրախախտումները:

 

«Մեր խումբը շատ ուշադիր էր, բծախնդրորեն հետեւեցավ քվեարկության ընթացքին, որպեսզի ոչ-անդամներ գային քվեարկեին կամ կփորձեին տուփերը լեցնել իրենց քվեներով: Մենք հսկիչներ ունեինք բոլոր 8 կենտրոններուն վրա, եւ կրցանք այդ աշխատանքը նվազագույնին իջեցնել: 105 հոգի չեկան, եւ հակառակ ադ բանին նորեն կրցանք հաջողեցնել եւ պետք էր ըսել մեր արթունությունը, զգուշությունը մեծ դեր ունեցավ»,–ասում է հաղթող թեկնածուն:

 

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿ՝ ՆԱԽԿԻՆ ՄՐՑԱԿՑԻՆ

Պապիկյանի հաղթանակը երկարատև սկզբունքային ու նվիրված աշխատանքի արդյունք էր, որը երեսփոխանական ընտրություններում կրկնելու համար պետք է բազմապատկեն ջանքերը, քանի որ շատ ավելի լուրջ ու դժվար ընտրական գործընթաց է սպասվում: Նրանց աշխատանքներին Noranor.ca-ը նախկինում անդրադարձել է. մոտ մեկամսյա դադարից հետո կվերսկսկեն նոր թափով: Արդեն իսկ Արիս Պապիկյանը փորձում է համագործակցել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ, պատրաստ է անգամ Պահպանողական կուսակցության իր մրցակցի հետ աշխատանք տանել, քվեարկության արդյունքները հայտնելուց անմիջապես հետո նա համագործակցության ձեռք է մեկնել նախկին մրցակցին:

 

Ես իրեն ձեռքս երկարեցի եւ իր համակիրներու հետ համագործակցելու տրամադրություն ցույց տվի

 

«Ես իրեն ձեռքս երկարեցի եւ իր համակիրներու հետ համագործակցելու տրամադրություն ցույց տվի, այլեւս կախում կունենա իրմե՝ ինքը ինչպես պիտի ընդառաջե իմ այս փափագիս, ես կհուսամ՝ քիչ մը հանդարտելեն վերջը պիտի փորձեմ հետը հանդիպիլ եւ փորձենք այսօրվա էջը գոցել եւ ապագային նայել»,– ասում է նախկին քաղաքացիական դատավորը:

 

Կարկինը պիտի բանանք այսօր պատրաստվելու հաջորդ ընտրություններուն

 

Եթե ոչ մցակիցը, ապա նրա նախկին աջակիցները պատրաստ են օգնություն ցուցաբերել Արիս Պապիկյանին: «Իր ամենեն զորավոր համակիրներեն մեկը, որը Տորոնտոյի նախկին քաղաքապետ Ռոբ Ֆորդի եղբայրն է՝ Դուգ Ֆորդը, եկավ եւ ինծի անմիջապես առաջարկեց եւ հրապարակավ հաղթանակի խոսքին մեջը ըսավ, որ ես պատրաստ եմ Արիս Պապիկյանին օժանդակելու, իր հետը պիտի աշխատիմ հաջորդ ընտրություններուն, կհուսամ, որ մոտ օրը հանդիպում պիտի ունենամ, կարկինը պիտի բանանք այսօր պատրաստվելու հաջորդ ընտրություններուն»,– նշում է Պահպանողական կուսակցության թեկնածուն:

rsz_17758620_334604830271021_2173976448058347867_o1

ՍԻՐԻԱՀԱՅԵՐԸ ՉԵՆ ՔՎԵԱՐԿԻ

Իսկ հաջորդ ընտրություններում հաղթելու համար շատ ավելի մեծ ջանքեր կպահանջվեն՝ հարկ կլինի աշխատել ավելի մեծ թվով մարդկանց հետ, դռնեդուռ հանդիպել մոտ 110 հզր բնակչի հետ, ի դեպ, առաջիկա ընտրություններում սիրիահայերն այլևս մասնակցության իրավունք չեն ունենա:

 

Ներքին կուսակցական իմաստով կրնաս քվեարկել, բայց ընդհանուր երկրի հետ կապված ընտրություններուն մինչեւ քաղաքացիություն չունենաս, չես կրնա ընտրե

 

«Հաջորդ հանգրուանը ուրիշ դաշտ է, ուրիշ տեսակի ընտրություն է, որը տարբեր է, մեր ներկա հայությունը, որ վերջերս եկավ Սուրիայեն, ատոնք շատ դերակատարություն չեն ունենա: Սիրիացիներու ներկայությունը ազդեցություն չունենար: Գրին քարտով ենք մենք այստեղ, ներքին կուսակցական իմաստով կրնաս քվեարկել, բայց ընդհանուր երկրին հետ կապված ընտրություններուն մինչեւ քաղաքացիություն չունենաս, չես կրնար ընտրել»,– ներկայացնում է Պապիկյանի ընտրարշավի աջակից Արմեն Մելքոնյանը, ով ևս Սիրիայից է տեղափոխվել Կանադա:

 

Հաջորդ ընտրություններում հաջողություն գրանցելու համար նաև ֆինանսական լուրջ միջոցներ կպահանջվեն: «Պետք է սկսիլ դրամահավաք, որովհետեւ հաջորդ ընտրությունները ծախսալից են՝ մոտավորապես 80 հզր դոլարի պետքություն պիտի ունենանք հաջորդ պայքարը տանելու: Պետք է սկսինք դրամահավք ընել, որպեսզի պահեստ ունենանք հաջորդ ընտրությունները պատշաճ ձեւով տանելու եւ պետք է սկսինք կամուրջներ հիմնել բոլոր փոքրամասնություններու ներկայացուցիչներու հետ»,– նշում է երեսփոխանական ընտրությունների ապագա թեկնածուն:

 

Իսկ թե ինչպիսին կլինի մրցակցությունն այդ ընտրություններում, Արմեն Մելքոնյանը դժվարանում է նշել, դեռևս հայտնի չեն՝ ինչ ուժեր կմասնակցեն ընտրություններին, միայն հավելում է. «Ատիկա երկրի ներքին քաղաքականության հետ կապված խնդիր է, թե ինչպես ժողովուրդը կկողմնորոշվի, նախկին խորհրդարանի անդամներեն գո՞հ են, թե՞ չէ: Իրենց ակնկալած բաները եթե նախկին խորհրդարանը կատարեր է, ատիկա դերակատարություն կունենա ընտրություններու ընթացքին վրա, դեր կունենա, թե կշիռքը որ կողմը կըլլա»: