Home / Armenia  / «Ինչո՞ւ պիտի ադրբեջանցին մեր վատը տեսնի». փողոցային երաժիշտ Վլադիկ Ստեփանյանը հավատում է, որ հայաստանցին էլի լավ է ապրելու

«Ինչո՞ւ պիտի ադրբեջանցին մեր վատը տեսնի». փողոցային երաժիշտ Վլադիկ Ստեփանյանը հավատում է, որ հայաստանցին էլի լավ է ապրելու

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Երևան (Նորանոր) — Երևանյան մետրոյի կայարաններից մեկում՝ Հանրապետության հրապարակին հարող գետնանցումի տարածքում արևոտ օրերին տարածվում են քամանչայի հնչյունները, Սայաթ-Նովայի երգերը ոչ թե վրացական կայսեր պալատում, այլ Երևանի սրտում են հնչում: 67-ամյա երաժիշտը՝ Վլադիկ Ստեփանյանն է աշուղական երգերը հինավուրց քամանչայով հնչեցնում, խոսում սիրո, անարդարության ու հայրենիքի մասին:

 

ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ԳՆՎԱԾ ՔԱՄԱՆՉԱՆ

Քամանչան վարպետ Վլադիկի նվագարաններից մեկն է, նվագում է նաև թառ և ուդ, վերջիններս հարմար են միայն նվագախմբային ելույթների ժամանակ, իսկ դրսում իր մշտական ուղեկիցը քամանչան է՝ մի գործիք, որի ձայնը հանդարտ տարածվում է, խաղում զգացմունքների հետ, թարմացնում հիշողություններն ու վերականգնում հայ ժողովրդի պատմությունը: Թեև այդ պատմությունը ներկայացնելու համար օգտագործում է այն գործիքը, որը դեռ կես դար առաջ գնել է Ադրբեջանից:

 

«Էս գործիքս առել եմ Ադրբեջանից, այն ժամանակ այնտեղ բարեկամներ ունեի, գնացել էի հորքուրիս տուն, հայեր շատ էին ապրում էնտեղ էն ժամանակ, առա ու մինչև այսօր էլ նվագում եմ»,– ասում է Վլադիկ Ստեփանյանը:

 

Երևանում ապրող ու արվեստի միջոցով սոցիալական խնդիրները հոգացող երաժիշտներ շատ կան, ովքեր հաճախ գանգատվում են սոցիալական վիճակից, դժգոհում իշխանություններից, որ ստիպված են այսկերպ ապրուստի միջոց վաստակել: Ի տարբերություն նրանց, Վլադիկ Ստեփանյանը հաճույքով է անում իր գործը, թեև ինքն էլ սոցիալական խնդիրներ ունի, բայց երբեք չի տրտնջում, ավելին, հավատում է, որ ապագան շատ ավելի լավն է լինելու:

 

Ով որ խելոք է, ապրում է, ով որ հիմար է, տուժում է

 

«Կյանքը կլավանա, սենց չի մնա, մենք էլի ենք լավ ապրելու: Ով որ խելոք է, ապրում է, ով որ հիմար է, տուժում է, մարդ, որ տուժում է, իր խելքից է տուժում: Ամեն մեկիս Աստված մի բաժին տալիս է, որ դրանով ապրենք: Էսքան է ինձ հասնում, իմ բաժինն էս ա, ես գոհ եմ»,– ասում է լավատես քաղաքացին:

 

Վլադիկ Ստեփանյանը ծնվել և երկար տարիներ ապրել է Սյունիքի մարզի Կապան քաղաքում, զբաղվել է երաժշտությամբ, մոտ 50 տարի նվագել տարբեր նվագախմբերում, արժանացել տարբեր մրցանակների ու մեդալների, 12 տարի առաջ է տեղափոխվել Երևան, որտեղ վարձակալած բնակարանում է ապրում՝ կնոջ և թոռնուհու հետ:

 

ՀԱՆՈՒՆ ԹՈՌՆԻԿԻ ՈՒՍՄԱՆ

Տարեց երաժիշտի համար դյուրին չէ ընտանիքի հոգսերը հոգալ միայն թոշակով. բնակարանի վարձ են վճարում, կենցաղային հարցեր լուծում, դրան գումարած թոռան ուսման վարձավճարը:

 

«Թոռնիկս համալսարանում է սովորում՝ իսպաներենի բաժնում, դրա համար եմ դուրս եկել, ամեն օր նվագում եմ, որ կարողանամ իր վճարը փակեմ, մի քանի տեղ դիմել եմ, որ ընդառաջեն, տենց էլ ոչ մի բան չստացվեց, պետք է այնպես անեմ, որ երեխան ավարտի, սովորող երեխա է: Հաճույքով եմ անում, բայց հոգնում եմ, տարիքս մեծացել է, էլ առողջություն չունեմ, հանգստանալ եմ ուզում»,– անկեղծանում է երաժիշտը:

 

Հանուն թոռնիկի կրթության պատրաստ է կրել դժվարություններ, նա ևս իր երկրի ապագայի կրողն է, իսկ երկրի ապագան լավ ձեռքերում է, վստահ է երաժիշտը: Այսօրվա երիտասարդությունը հայրենասեր է, սկզբունքային և պատրաստ ցանկացած հերոսության, իսկ զարգացած տեղեկատվական տեխնոլոգիաների շնորհիվ նրանք մի քանի քայլ առաջ են իրենցից:

 

Նույնիսկ աղջիկներն էլ այսօր զենք կվերցնեն, կգնան պատերազմի

 

«Լավ սերունդ է մեծանում` հայրենասերներ են, նվիրյալներ, մեր թոռնիկներն են ազգը պահում, մեր սահմաններում կանգնած զինվորները, մեր ուրախությունն ու հույսը էդ էրեխեքն են, շատ եմ ուրախանում նրանցով, որ նվիրված սահմանը պահում են, մենք էլ կարողանում ենք խաղաղ ապրել: Ես ուրախանում եմ, որ մեր հայ ազգը նվիրված ազգ է, նույնիսկ աղջիկներն էլ այսօր զենք կվերցնեն, կգնան պատերազմի»,– հպարտանում է 6 թոռների պապիկը:

 

ԻՆՉՈ՞Ւ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆ ՏԵՍՆԻ

Հայրենիքն էլ ընտանիքի նման է, որտեղ կարող են լինել և՛ լավ, և՛ վատ երեխաներ, սակայն երեխայի թերությունների մասին չի կարելի այնքան խոսել, որ թշնամու ականջին հասնի, վստահ է նախկին կապանցին: «Ես չեմ ընդունում, որ բողոքում են՝ էս ղեկավարը սենց է: Ղեկավարը մենակ ի՞նչ անի, մի մարդ մենակ չի կարող ամբողջը վերցնի իր ուսերին, մենք պետք է կարողանանք մեր լավը պահենք, վատն էլ այնպես պահենք, որ թշնամին չտեսնի, ադրբեջանցին չտեսնի: Ինչո՞ւ պիտի ադրբեջանցին մեր վատը տեսնի»,– ասում է մտահոգ քաղաքացին:

 

Բոլոր ժամանակներում են դժվարություններ եղել, բայց հայը ամուր կառչած է մնացել իր հողին, իսկ հիմա մարդիկ այլևս չեն ուզում դիմակայել, հեռանում են երկրից, սա երաժիշտ Ստեփանյանը ճիշտ չի համարում: Ասում է. «Չեմ կարող. թող մի կտոր ցամաք հաց ուտեմ, բայց իմ հայրենիքում»:

 

Երկիրը լքելու բազմաթիվ առիթներ է ունեցել, բայց չի գնացել: Կարելի է ապրել, ստեղծագործել և հավատալ, ինչն էլ սիրով անում է իր հայրենիքում՝ մշտապես վերհիշելով ու հիշեցնելով այն աշուղների խոսքերը, որոնց երգերի կատարողն է: «Սայաթ-Նովան դառը տարիները, վատ տարիները, դժվար կյանքն է պատկերում, իզուր չէ, որ ասում է՝ խալխի նոքար Սայաթ-Նովա: Այսօր էլ համարյա նույնն է, քիչ է փոխվել վիճակը, տեսնում ես՝ մարդիկ դժվար են ապրում, հացի փող չունեն, տուն չունեն, բնակարանները վաճառում, դրսում են մնում, աղբարկղներից ուտելիք են հավաքում, շատ դժվարություններով են մարդիկ ապրում»,– ցավով ասում է նա:

 

Մոտենում, ասում են՝ տատիկիս երգն եք երգում, պապիկիս սիրած երգն եք երգում

 

Կատարում է ոչ միայն Սայաթ-Նովայի, այլև աշուղ Շերամի, Ջիվանու, Հավասու, Աշոտի և այլոց երգերը, իսկ մարդիկ հաճույքով են ունկնդրում: Նման տպավորություններ է ստացել՝ տեսնելով նրանց վերաբերմունքը. «Մարդիկ բոլոր երգերն էլ սիրում են, իրենց տներում տատիկ-պապիկները որ երգել են, տպավորվել է, մոտենում, ասում են՝ տատիկիս երգն եք երգում, պապիկիս սիրած երգն եք երգում»:

 

Այս խոսքերը ոգևորում ու ուժ են տալիս լավատես երաժիշտին՝ նոր ոգով շարունակելու իր գործը՝ դրանով իր ներդրումն ունենալով ոչ միայն հարազատ թոռան կրթության, այլև երիտասարդ սերնդին աշուղական երգերի փոխանցման գործում: