Home / Armenia  / Հայաստանում հաստատված հալեպահայ լողի սպորտի վարպետը պատրաստ է առողջական խնդիրներ ունեցող երեխաների հետ բուժական լող պարապել

Հայաստանում հաստատված հալեպահայ լողի սպորտի վարպետը պատրաստ է առողջական խնդիրներ ունեցող երեխաների հետ բուժական լող պարապել

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Երևան (Նորանոր) — Լողի սպորտի վարպետ Մարինա Հաճինարինյանը Հայաստան տեղափոխվելուց հետո ստիպված եղավ թողնել մարզչական աշխատանքը, որով Սիրիայում սկսել էր զբաղվել դեռ 15 տարեկանից: Երիտասարդ լողորդուհին, բազմաթիվ մրցումներում 1-ին կարգի մրցանակակիրը Հայաստանում աշխատանք չկարողացավ գտնել. Սիրիայում ուսումը չի հասցրել ավարտել, հետևաբար որևէ գործատու չհամաձայնեց նրան աշխատանքի ընդունել:

 

ԵԹԵ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԼԻՆԵՐ…

Մարինան որոշեց Հայաստանում ավարտել ուսումը՝ ուսանում է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի լողի ֆակուլտետում, սովորում է ոչ թե մարզվելու, այլ միայն մարզելու համար: Պատերազմը նրանից խլեց որպես մարզիկ առաջ գնալու հնարավորությունը: «Եթե պատերազմը չլիներ, ես արդեն արաբական աշխարհի մրցումներին պիտի մասնակցեի, բայց չստացվեց, որովհետև պատերազմի պատճառով ամեն ինչ իրար անցավ»,– ցավով ասում է Մարինան:

 

Հետևելով լողի միջազգային վարպետ մեծ քույրիկի օրինակին՝ Մարինան դեռ վաղ տարիքից հաճախում է լողի, մասնակցում մրցումների, հաղթահարում բազմաթիվ դժվարություններ: Ինչպես պատմում է՝ արաբական աշխարհում հայկական ակումբներին նույնքան առաջնություն չէր տրվում, որքան սիրիական ակումբներին, բայց մարզչի օգնությամբ կարողացել է հաղթահարել բոլոր դժվարությունները, 2010-13թթ-ին դարձել առաջին մրցանակակիր: Երազանքներն անավարտ են մնացել, երբ 2012-ին իր մարզիչն ստիպված է եղել հեռանալ Սիրիայից:

 

«Մեր մարզիկի գնալուց հետո ես սկսեցի զբաղվել մարզչական աշխատանքով և էդպես շարունակվեց, որովհետև տեսնում եմ, որ որպես մարզիկ՝ հետ եմ մնացել»,– ափսոսում է 24-ամյա աղջիկը:

 

ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ԼՈՂՈՐԴԻ ՕՐԻՆԱԿՈՎ

Մարզչական աշխատանքը նույնքան հարազատ է, նույնքան ոգևորող, երբ աչքիդ առաջ ունենում ես աշխարհահռչակ մարզիկների օրինակներ: Մարինան, ինչպես ինքն է ժամանակին ոգևորվել, հետագայում էլ իր սաներին քաջալերել է հայտնի լողորդ Մայքլ Ֆելպսի օրինակով:

 

«Ես երբ իմ երեխաներիս հետ պարապում էի, իր վիդեոներն էի ցույց տալիս, որովհետև ինքը լավ մարզիկ է, և ցույց էի տալիս, որ իրենց էլ այդ մրցակցության ոգին փոխանցվի, որ հաղթեն, ինչպես որ ես ստացել եմ. 23 ոսկե մեդալ ունի Մայքլ Ֆիլպսը»,– պատմում է մարզուհին՝ շեշտելով, որ լողով զբաղվելը մարդուն համբերությամբ է զինում, տալիս պայքարելու ձգտում:

 

«Կարևոր է ոչ թե մենակ մրցանակային տեղը զբաղեցնելը, այլ նաև ժամանակում առաջ անցնելը: Ես ասենք հաղթեցի մրցումին, բայց ձգտում էի վայրկենաչափով ավելի քիչ ժամանակում անցնեի տարածությունը»,– ասում է մարզուհին, ով թեև բարդ, բայց կարևոր ու լուրջ նպատակ ունի:

 

ՀԱՆՈՒՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ

«Ուզում եմ, որ ոչ միայն առողջ երեխաներին լողալ սովորեցնեմ, այլև ավելի բուժական լողով զբաղվեմ, որովհետև դա ինձ վերջին շրջանում ավելի հետաքրքրեց: Հոգնեցուցիչ գործ է, բայց ես սիրում եմ այդ աշխատանքը: Կուզեմ մի տեղ հասնեմ, որ մի բան անեմ այդ երեխաների համար»,– ասում է Ֆիզկուլտուրայի ինստիտուտի ուսանողուհին:

 

Թեև փորձառություն չունի բուժական լողի ասպարեզում, բայց պատրաստ է կրթությունը շարունակել այդ ասպարեզում, ցանկություն ունի ավարտական աշխատանքում հմտանալ այդ ուղղությամբ: Այս բարդ աշխատանքը պատրաստ է հաճույքով կատարել, եթե իրեն աշխատանքի հնարավորություն տրվի, սակայն դեռևս նման որևէ առիթ չի ընձեռնվել:

 

Այս պատերազմը մեզ սովորեցուց, որ շատ առաջ չգնաս մտածումներուդ մեջ

 

«Այս պատերազմը մեզ սովորեցուց, որ շատ առաջ չգնաս մտածումներուդ մեջ, առաջին քայլս՝ ավարտեմ, դիպլոմ ստանամ, երկրորդ հանգրվանս այն ժամանակ կմտածեմ, դրա համար պատասխան չունեմ, թե ինչպես պիտի լինի»,– ասում է մարզիչը, ում ընտանիքը պատերազմի պատճառով ստիպված եղավ կիսվել:

 

ՍԻՐԻԱՅԻՑ՝ ՀԱՅԱՍՏԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻՑ՝ ԴՈՒԲԱՅ

2015-ին Մարինայի ընտանիքը եկավ Հայաստան, սակայն քույրն ու եղբայրը, այստեղ աշխատանք չգտնելով, ստիպված եղան տեղափոխվել Դուբայ, իսկ ինքը ծնողների հետ դեռևս հայրենիքում է, բայց չի բացառվում, որ իրենք ևս հեռանան երկրից, ասում է. «Ես դեռ պիտի սովորեմ, առայժմ գնալու միտք չկա, բայց եթե անհրաժեշտ պարագաներ լինեն, պիտի մեկնեմ, որովհետև չեմ կարա ընտանիքիս հետ չլինեմ»:

 

Ամուսնացած եղբայրը արհեստավոր է, քույրը տնտեսագետի մասնագիտություն էլ է ստացել, բայց հայրենիքում դժվարացել են աշխատանք գտնել: Լքել են երկիրը, որը շատ են սիրել, որտեղ ապրելը երազանք են համարել:

 

Շատերը իրենց բերած փողերը ծախսեցվին ու այլ ելք չկա

 

«Մենք հայ ենք, սա մեր հայրենիքն է, էդքան տարիներ չես կարա պատկերացնես՝ ինչքան կխոսանք Հայաստանի մասին, որ մեր հայրենիքն է, այդ ամբողջ դասախոսությունները ստանում ես և երբ գալիս ես, այդ զգացումն է, որը իմ մոտ անձամբ թեթևացավ, գուցե որ բնակվում եմ այստեղ, դրա՞ համար, բայց ապրելակերպը դժվար է, բոլոր սիրիահայերի համար դժվար է, որովհետև մարդիկ կան, որ կարողացան աշխատել և իրենց գործերը գտան, բայց շատերը իրենց բերած փողերը ծախսեցվին ու այլ ելք չկա»,– ներկայացնում է երիտասարդ հալեպահայը, ով պատրաստ է աշխատանքի առաջարկի դեպքում մնալ ու իր սպորտային հմտություններով ներդրումն ունենալ բուժական լողի զարգացման գործում:

 

«Եթե առաջարկներ գան ակումբներից կամ լողավազաններից, գնամ աշխատեմ, այդ ժամանակ կրնամ ասեմ՝ կարծիքս փոխեցի, կարող է ես այստեղ իմ բնագավառիս մեջ առաջընթաց տեսնեմ»,– ասում է 24-ամյա աղջիկը:

 

Նա և իր ընտանիքը երբևէ չեն պատկերացրել, որ հայրենիքում ապրելն ու աշխատանք գտնելը դժվար կլինի, երբ բախվել են խնդրին, մտածել են, որ ստիպված կլինեն հեռանալ, այն սիրիահայերը, ովքեր հաջողության են հասել, խրախուսման արժանի են, վստահ է երիտասարդ լողորդը, իսկ հայրենիքը վատաբանել չի կարող և չի ընդունում:

 

Մարդը, ով կկարողանա այս երկիրը ապրել, թող ապրի լավ, թող ապրի հանգիստ

 

«Մարդը, ով կկարողանա այս երկիրը ապրել, թող ապրի լավ, թող ապրի հանգիստ, մենք, օրինակ, չէինք պատկերացրել, որ էսպես պիտի լինի, բայց եղավ, եթե խոչընդոտներ լինեն կյանքի մեջ, չենք կարա, անկախ քեզանից այդ ամենը լինում է, ինչպես որ անկախ մեզանից Սիրիայից դուրս եկանք»,– եզրափակում է Մարինան: