Home / Armenia  / Մենք տեսնելու ենք ավելի համարձակ Թուրքիա. Դավիթ Բաբայանը՝ Թուրքիայի սահմանադրական հանրաքվեի հետևանքների մասին

Մենք տեսնելու ենք ավելի համարձակ Թուրքիա. Դավիթ Բաբայանը՝ Թուրքիայի սահմանադրական հանրաքվեի հետևանքների մասին

 

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Ստեփանակերտ (Նորանոր) — Թուրքիայում կիրակի օրն անցկացվեց սահմանադրական հանրաքվե, որով երկիրն այսուհետ անցնելու է նախագահական համակարգի: Ձայների շատ քիչ հարաբերակցությամբ է ընդունվել նոր Սահմանադրությունը Հայաստանի հարևան երկրում: Մայր օրենքի ընդունմանը, նախնական տվյալներով, «այո» է ասել քաղաքացիների 51,3 տոկոսը, իսկ «ոչ»՝ 48,5 տոկոսը:

 

Այսպիսով, Թուրքիայում ու տարածաշրջանում սպասվում են նոր զարգացումներ, թե ինչպիսին կլինեն դրանք, թուրքագետներն առայժմ մոտավոր գնահատական են տալիս, իսկ ընդհանուր եզրակացությունն այն է, որ այս երկրում սկսվում է նոր ժամանակաշրջան: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սրանով օրենսդրորեն ամրագրեց իր միանձնյա կառավարումը՝ երկիրը վերածելով միապետության:

 

Մասնագետներն իրավիճակը որակեցին «հին Թուրքիայի անկում», «սուլթանական ռեժիմի հաստատում» և նմանատիպ արտահայտություններով, իսկ նշված իրավիճակը չի կարող անհետևանք մնալ տարածաշրջանի, ինչպես նաև Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի վրա: Թեմայի շուրջ Noranor.ca-ը զրուցել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար, քաղաքագետ, քաղաքական գործիչ Դավիթ Բաբայանի հետ:

 

ՆԱԽԱԳԱՀԱ-ՍՈՒԼԹԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Բաբայանը համոզված է, որ այն ամենը, ինչ կատարվում է Թուրքիայում, այս երկրի նախագահի վարած վերջին տարիների քաղաքականության շարունակությունն է: Այն ժամանակաշրջանից, ինչ Էրդողանը մուտք է գործել քաղաքականություն, սկսել է իրականացնել բարեփոխումներ, որոնք երկիրը տանում են նախագահա-սուլթանական կառավարման համակարգի, իսկ այս դեպքում երկրի ղեկավարի ձեռքերում է կուտակվում ամբողջ իշխանությունը:

 

«Այն հավասարակշռումը, որ կար՝ բանակի դերը, վարչապետ-նախագահ փոխհարաբերությունները, ԱԺ դերակատարությունը, հիմա այդ ամենը չեզոքացել է, և այն նպատակները, որոնք դրել է Էրդողանը դեռևս նոր իշխանության գալու ժամանակ, ստանում է տրամաբանական տեսքը, այդպես է ինքը տեսնում Թուրքիան, սա մի բան է, որը սկսվել է վաղուց, այլ խնդիր է՝ ինչքանով է դա ընդունելի հասարակության համար»,– վստահ է Բաբայանը:

 

Թուրքիան, որ առանց այդ էլ վարում էր նեոօսմանիզմի քաղաքականություն, կշարունակի նույն կերպ, այսինքն՝ աշխարհաքաղաքական զարգացումների էական տարբերություն չի լինելու, կարծում է քաղաքագետը՝ հավելելով.

 

Մենք տեսնելու ենք ավելի համարձակ Թուրքիա

 

«Մենք տեսնելու ենք ավելի համարձակ Թուրքիա, Թուրքիա, որը վարելու է ավելի ագրեսիվ քաղաքականություն, հարձակողական քաղաքականություն: Իհարկե, դա չի նշանակում, որ հաջողությունների է հասնելու այդ քաղաքականությունը, բայց որ լինելու է պրոբլեմատիկ, սա միանշանակ է»:

 

Իսկ Թուրքիայում նոր զարգացումները չեն բացառվում: Շեշտելով հանրաքվեի արդյունքների չնչին տարբերությունը՝ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը նշում է, որ հասարակությունը հանդարտորեն չի ընդունի նոր իրավիճակը, իսկ հանրաքվեն, վստահ է, անցել է լուրջ խախտումներով:

 

«Սա կարող է ազգամիջյան խնդիրների լարման պատճառ դառնալ Թուրքիայում, այդ ամենը մենք կտեսնենք բավական շուտով, բայց նորություն չէ, այսինքն՝ այս գործընթացները կանխատեսելի էին»,– նշում է նա:

 

ՄԵԿ ԱԶԳ, ԵՐԿՈՒ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Հիմա այլևս պետք է ինչպես տարածաշրջանի, այնպես էլ աշխարհաքաղաքական գլոբալ դերակատարների ուշադրության կենտրոնում լինեն Թուրքիայի զարգացումները, կարծում է քաղաքական գործիչը: Իսկ դրանք էականորեն կանդրադառնան Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի վրա: Ինչպես հայտնի է՝ Թուրքիայի դաշնակից Ադրբեջանը ակնկալում ու ստանում է այս երկրի աջակցությունը Հարավային Կովկասում իր գործունեության համար: Այս անգամ ևս ազդեցությունը նկատելի կլինի:

 

Ալիևը նույնպես սեփականաշնորհել է Ադրբեջան-պետությունը

 

«Այդ ազդեցությունը նոր ձև չի ստանա, որովհետև և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը դեռևս 1992-93 թթ-ին բոլոր իրենց նախագահների ղեկավարման ժամանակ հայտարարում էին, որ իրենք փորձում են իրականացնել «մեկ ազգ, երկու պետություն» գաղափարը, որից հետո միգուցե կլինի «մեկ ազգ, մեկ պետություն», մանավանդ, որ Ալիևը նույնպես սեփականաշնորհել է Ադրբեջան-պետությունը: Իհարկե, ի տարբերություն Թուրքիայի, Ալիևը շատ ավելի մեծ տոկոսներով է հասել հաջողությունների, իսկ Թուրքիայում ավելի խորը գործընթացներ են գնում»,– վստահ է Արցախի նախագահի մամուլի խոսնակը:

 

Վերջնարդյունքը երկու երկրներում էլ նույնն է՝ ձգտում են բռնապետական համակարգի ստեղծման, ինչն էլ ավելի է հզորացնում իշխանությունը, բայց դա նաև նոր ճեղքվածքներ կարող է առաջացնել:

 

«Ցանկացած ուժի կա հակաուժ, սա միգուցե վերջին ճիգերն են, որպեսզի Թուրքիան պահպանի իր տարածքային ամբողջականությունը, չնայած դա էլ է հարցական ու շատ դժվար է կանխատեսել՝ ինչ կլինի 10-15 տարի հետո, մանավանդ, որ տարածաշրջանում ընթանում են ազգային-ազատագրական կամ ինքնորոշման բավականին լուրջ գործընթացներ»,– եզրափակում է արցախցի գործիչը: