Home / Armenia  / Վեռնոյի «Մայրիկ»-ը մնաց անգերազանցելի. Հանդիսատեսի անկեղծ արձագանքները «Խոստումը» ֆիլմի մասին

Վեռնոյի «Մայրիկ»-ը մնաց անգերազանցելի. Հանդիսատեսի անկեղծ արձագանքները «Խոստումը» ֆիլմի մասին

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Տորոնտո, Երևան, Մոսկվա (Նորանոր) _ Քըրք Քըրքորյանի նախաձեռնած հիմնադրամի միջոցներով էկրանավորված հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմը խոստանում էր լինել անգերազանցելի:  Մինչ ցուցադրությունը մեծ աղմուկ հանած ֆիլմի գովազդային արշավին միացան աշխարհահռչակ անձինք՝ ավելի մեծացնելով դրա հանդեպ հետաքրքրությունը:

 

Ոգևորությունն ու աղմուկը, սակայն, որոշակիորեն նվազեց «Խոստում»-ի ցուցադրությունից հետո, երբ սկսեցին հակասական կարծիքներ շրջանառվել: Փորձենք առանձնացնել դրանցից մի քանիսը՝ մեր տեսակետը զուգորդելով հանդիսատեսի կարծիքի հետ:

 

  • Հոլիվուդյան դասական ավանդույթներով ֆիլմում հանդիպում են դրվագներ, որոնք բնորոշ են հնդկական կինոարտադրությանը, խոսքն ինչպես զուտ տեսողական հնարքների, այնպես էլ սցենարում որոշ զարգացումների մասին է:
  • Համաշխարհային հանրությանը հասու դարձնելու նպատակով Հայոց Ցեղասպանության պատմական դեպքերն ընթանում են սիրային եռանկյունու ֆոնին, սակայն կերպարները թույլ են, ոչ համոզիչ ու ներկայացվող ժամանակաշրջանին ոչ բնորոշ մտածելակերպով:
  • Ներկայացվող ժամանակաշրջանին անհամապատասխան միջավայր, օրինակ՝ ֆիլմի սկզբում հանդիսատեսի մոտ այնպիսի տպավորություն է, թե Միքայելը մեկնել է ոչ թե Կոստանդնուպոլիս, այլ, օրինակ, Փարիզ:

 

Սրանք հիմնական, բայց ոչ բոլոր նկատառումներն են, որ առանձնացրել է Noranor.ca-ն՝ իր զրուցակիցների կարծիքները համադրելով: Նրանց թվում են ինչպես հայաստանցիներ, այնպես էլ կանադահայեր ու Ռուսաստանում բնակվող հայրենակիցներ, որտեղ ևս արդեն ցուցադրվում է «Խոստումը»:

 

ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԸ ՎԵՐԱՑՎՈՒՄ ԵՆ

Ինչպես Հյուսիսային Ամերիկայում, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունում թուրքական ընկերությունները փորձում են տապալել ֆիլմի ցուցադրությունը՝ խոչընդոտելով տոմսերի վաճառքը: Այս մասին բազմաթիվ ահազանգեր են հնչել, սակայն դրանք ևս կանխվել են, մեզ հետ զրույցում սա իր օրինակով հաստատեց ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներից մեկը՝ Սոֆի Թանկյանը, ով կարողացել է ձեռք բերել տոմսը: Ասում է. «Ես օնլայն գնել եմ տոմս՝ առանց որեւէ խնդրի»:

 

Գնել է, սակայն դեռ չի դիտել, կարծում է, որ յուրաքանչյուր հայի պարտականությունն է տեսնել Հայոց Ցեղասպանության մասին պատմող ֆիլմը, որի մասին մինչ այժմ միայն դրական կարծիքներ է լսել, ամբողջացնում է դրանք՝ ասելով. «Ընկերներս շատ են գովել «Խոստումը», դրա համար մեծ ոգևորությամբ սպասում եմ, ասում են, որ շատ լավն է»:

 

Մոսկվաբնակ Սոֆին եւս կկիսի՞ ընկերների կարծիքը, թե՞ կհիասթափվի ֆիլմից, պարզ կդառնա օրեր անց, իսկ կանադահայերից ոմանք դժգոհություն են հայտնում՝ հրաժարվելով իրենց կարծիքը բարձրաձայնել:

 

100 մլն-ը չգիտեմ, թե որտեղ է ծախսվել

 

Նրանց այս մոտեցումը հասկանալի է. Հայոց Ցեղասպանության մասին պատմող ֆիլմը քննադատելը տեղին չէ, նախընտրում են լռել, նրանցից մեկը, ով չցանկացավ հրապարակել իր անունը, նման կերպ արտայատվեց. «100 մլն-ը չգիտեմ, թե որտեղ է ծախսվել»:

 

Նման տեսակետ ունի նաեւ Հայաստանում բնակվող երիտասարդ հաշվապահ Բելլան, ում ակնկալիքները ֆիլմից չեն արդարացել: Սպասում էր տեսնել հոլիվուդյան գերժամանակակից արտադրանք, սակայն ֆիլմի շուրջ եղած աղմուկը, ըստ նրա, սին էր:

 

Տեսա թույլ, արհեստական դերասանական խաղ, ոչ այդքան հաջող սցենար

 

«Անկեղծ ավելիին էի սպասում, բայց տեսա թույլ, արհեստական դերասանական խաղ, ոչ այդքան հաջող 12512619_671921162950691_6883942086647248209_nսցենար: Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմը մնաց անգերազանցելի»,-շատերի արտահայտած այս կարծիքը բարձրաձայնեց նաև Բելլան:

 

ԳԼԽԱՎՈՐ ԿԵՐՊԱՐՆԵՐԸ

Բացակայում են ուժեղ, կամային կերպարները, փոխարենը թերի ու ոչ լիարժեք են գլխավոր հերոսների մարդկային տեսակները, բացառությամբ Քրիս Մայերսի կերպարի, որը երիտասարդ հաշվապահը առանձնացնում է: Սիրային եռանկյունու մեջ նա աչքի է ընկնում ուժեղ տղամարդուն բնորոշ հատկանիշներով:

 

Screen Shot 2017-05-02 at 10.21.46 AM

«Մայերսի կերպարը միակ տպավորիչն էր, և ոչ թե որպես լրագրող, այլ որպես տղամարդ: Եւ կուզեմ նշել, որ միայն ես չեմ նման կարծիքի: Ի՞նչ եք կարծում՝ շատ տղամարդիկ կան, որ նման կերպ կվարվեն: Անկեղծ, չեմ հավատում, և արդարացնում եմ իրեն»,-արտահայտվում է երիտասարդ հանդիսականը:

Նա ֆիլմին կտար «Մուսա Լեռան 40 օրը» վերնագիրը: Անվանումը, շատ այլ հանդիսականների կարծիքով, միայն մի դրվագն է, իսկ այս ֆիլմի առանձնահատկությունը կայանում է հենց նրանում, որ ամբողջացնում է Հայոց Ցեղասպանության մասին պատմող մի քանի դրվագներ:

 

ԱՐԴԱՐԱՑՎԱԾ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ17361947_1504356482937239_8917195589610074248_n

Հանդիսականներից ոմանք կինոցուցադրությունից հեռացել են գոհ և բավարարված, արդարացել են նրանց բոլոր սպասելիքները: Տորոնտոբնակ ուսանողուհի, ապագա քաղաքագետ Մարիամ Բաղդասարյանը ֆիլմի դիտմանը հրավիրել է նաեւ օտարազգի ընկերներին: «Խոստումը» ինչպես իր, այնպես էլ նրանց վրա լավագույն ազդեցություն է թողել:

 

««Խոստումը» տարբերվեց Եղեռնի մասին պատմող մնացած բոլոր ֆիլմերից, քանի որ պատմությունը հետաքրքիր էր և ներկայացված ոչ այնքան սրտաճմլիկ, ինչու չէ առանձնացավ իր անկրկնելի դերասանական խաղով և հետաքրքիր զարգացումներով։ Հրավիրել էի կինոդիտման մի քանի օտարազգի ընկերների, և կարևոր էր, որ ֆիլմը ճիշտ ընդգծի պատմությունը, չլինի կողմնակալ, այլ փոխարենը լինի կրթական և ազդեցիկ։Կարծում եմ բոլորը գոհ մնացին»,-պատմեց Մարիամը։

 

Արդյո՞ք խոստումը պահելու գաղափարը կտարածվի աշխարհասփյուռ հայ ժողովրդի ու օտարազգիների շրջանում, պարզ կդառնա, եթե «Խոստումը» դիմանա ժամանակի փորձությանն ու անցնի նույնպիսի ճանապարհ, ինչպիսին անցավ ու դեռ անցնելու է Վեռնոյի «Մայրիկը»: