Home / Armenia  / Մեծ Հայրենականում Մարշալ Բաղրամյանի հետ նույն տանկում մարտ մղած 97-ամյա տանկիստը ապրում է խարխուլ տանը, բայց երբեք չի դժգոհում

Մեծ Հայրենականում Մարշալ Բաղրամյանի հետ նույն տանկում մարտ մղած 97-ամյա տանկիստը ապրում է խարխուլ տանը, բայց երբեք չի դժգոհում

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Երևան (Նորանոր) _ 97-ամյա Նորայր Առաքելյանը վերջին տարիներին միայն որդու ու թոռների ուղեկցությամբ է կարողանում հասնել Երևանի Հաղթանակ զբոսայգում գտնվող «Մայր Հայաստան» հուշահամալիր: Քայլելը վաղուց դժվարացել է նրա համար, խոսելն ու հուշերը պատմելը՝ ևս, թեև ավելի քան 70 տարվա վաղեմության հիշողությունները չեն խամրել:

 

Դրանք վերհիշելու համար է, որ ամեն մայիսի 9-ին բարձրանում է «Մայր Հայաստան», լուռ հետևում տոնական համերգին, ունկնդրում ռազմական երգերը, սիրով լուսանկարվում փոքրիկների հետ, ովքեր կենդանի հերոսներ են տեսնում իրենց կողքին:

 

Նախկին ռազմական տոկունությունից դեռ մնացել է, իսկ որ ուժեղ ու անվախ է եղել, վկայում են նրա պատերազմական գործողություններից մնացած պատմությունները: Հայաստանի Մեղրու շրջանի Շվանիձոր գյուղում ծնված Նորայր Առաքելյանը տանկիստ է եղել: Պատերազմական գործողությունների մասնակցել է մինչ Մեծ Հայրենականի սկսվելը, կռվել է Ֆիննական պատերազմի ժամանակ, ապա Խորհրդային միությանը Մերձբալթիկայի միավորմանն է մասնակցել, հետո միայն՝ Երկրորդ Համաշխարհային պատերազմին: Մարտական ուղին այստեղ սկսել է Արևմտյան Ուկրաինայից:

 

ԿՈՐՑՐԱԾ ՄԵԴԱԼՆԵՐԸ

Նորայր Առաքելյանը, ստանալով կրտսեր լեյտենանտի կոչում, շարունակում է իր ծառայությունն  անգամ Համաշխարհայինի ավարտից հետո՝ մինչև 1948թ-ը, իսկ մարտական գործողությունների ժամանակ աչքի է ընկել իր հմտություններով. Երբ մի անգամ ստիպված են եղել նահանջել, ինքն իր ձեռքով մի քանի մարտական ընկերների հետ է տանկ հավաքել և Ստալինգրադից շարունակել մարտը, հետո արդեն միացել հաղթական շքերթին: Նրա մարտական ուղու ապացույցը մեդալներն են, որոնցից ոչ բոլորն է կարողացել հասցնել մինչև մեր օրերը: Թոռնիկը՝ Կարենն է պատմում:

 

Երբ որ ընկել են շրջափակման մեջ, արագ մեդալները, պագոնները պոկել-գցել են, որպեսզի գերի ընկնելու դեպքում էլ տանջանքների չենթակվեն

 

«Ինքն ունեցել է նաեւ աստիճաններ, ինքը այս ամենով՝ մեդալներով, զվանյայով եթե գերի ընկներ, իրենց դաժան վերջաբան էր սպասվում, դրա համար երբ որ ընկել են շրջափակման մեջ, արագ մեդալները, պագոնները պոկել-գցել են, որպեսզի գերի ընկնելու դեպքում էլ տանջանքների չենթակվեն»:

 

Մի մասն այդպես, մի մասն էլ իրենց ձեռքով է անհետացել, երբ մանկության տարիներին, չհասկանով դրանց արժեքը, վերցրել ու կորցրել են, խոստովանում է Կարենը: Իսկ Նորիկ պապը ներողամտաբար ժպտում է, ապա ոգևորությամբ պատմում դրանցից մեկի մասին, որը ստացել է հատուկ բարդ հանձնարարություն կատարելու ժամանակ:

 

Մեր ջոկատի հետ մտանք թիկունք, նեմեցների թիկունքից մոտ 50 կմ էր հեռու, չափազանց վտանգավոր էր, բայց գնացինք ու կարողացանք Վլասովի տանկը հետ բերել

 

«Դավաճան Վլասովը, երբ  որ տանկով փախնում էր, բոլոր այդ քարտեզները տանում էր, որպեսզի հանձնի նեմեցներին: Մեզ հրաման տվեցին, որպեսզի գնանք այդ տանկը հետ բերենք: Մեր ջոկատի հետ մտանք թիկունք, նեմեցների թիկունքից մոտ 50 կմ էր հեռու, չափազանց վտանգավոր էր, բայց գնացինք ու կարողացանք Վլասովի տանկը հետ բերել, ռազվետչիկների հետ բերեցինք»:

ՄԱՐՇԱԼ ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ԿՈՂՔԻՆ

Իսկ թոռը հպարտությամբ լրացնում է, որ Նորայր Առաքելյանի համար ամենատպավորիչը մարշալ Հովհաննես Բաղրամյանի հետ նույն տանկում գտնված պահերն են եղել:

 

«Ինչ-որ ժամանակահատվածում, երբ որ ինքը փոքրիկ տանկային ջոկատի հրամանատար է եղել, էդ ժամանակ Բաղրամյանն իր տանկում է եղել»,-ասում է հերոսի թոռը: Մինչև հաղթական ավարտը ուրախությամբ հիշում է այն բոլոր հաջողությունները, որոնց շնորհիվ այսօր ամբողջանում է մայիսյան եռատոնը:

 

«Երկրորդ համաշխարհային պատերազմը… Դա եղել է Էստոնիա, Լատվիա, Լիտվիա, Մոլդովիա, Արևմտյան Բելոռուսիա, Արևմտյան Ուկրաինա: Ուկրաինան ազատագրել եմ, Մինսկը ազատագրել եմ: Մայիսի 1-ին զենքը վար են դրել, ստիպել են, որ նեմեցը զենքը վար դնի, մինչև ամսի 20-ը կռվեցինք, և այսօր մայիսի 9-ի տոնակատարությունը կատարում ենք ուրախությամբ»,-պատմում է Մեծ Հայրենականի մասնակիցը:

 

ԵՐԱԶԱՆՔԸ

Նրա հայրենասիրությունն ու ոգին փոխանցվել են սերնդեսերունդ, և սա միայն խոսքերով չէ: Մայիսյան եռատոնի կերտողներ են նաև նրա սերունդները, թոռը՝ Կարենը, պատմում է.

 

Մենք էլ պատրաստ ենք գնալու, կռվելու, բայց իմ երազանքն է, որ դրա կարիքը երբեք չլինի, ոչ մի երեխա, ոչ մի զինվոր չզոհվի

 

«Բացի իրենից, իմ հայրն էլ է կռվել, քեռիներն էլ, բոլորը կռվել են արդեն Արցախում, նրանք էլ ղարաբաղյան շարժման մասնակից են եղել, մեր ընտանիքում բոլորը զինվորականներ են կարելի է ասել, ու դրա համար է, որ հայրենիքը ինձ համար էլ ամեն ինչ է, մենք էլ պատրաստ ենք գնալու, կռվելու, բայց իմ երազանքն է, որ դրա կարիքը երբեք չլինի, ոչ մի երեխա, ոչ մի զինվոր չզոհվի»,-ասում է Մեծ Հայրենականի մասնակցի ժառանգը:

ԿԻՍԱԽԱՐԽՈՒԼ ՏԱՆԸ

Պատերազմի վետերանը Համաշխարհայինի ավարտից հետո նախ հարազատ գյուղում, հետո Պղնձամոլիբդենային գործարանում աշխատանքով կարողացել է լավ պահել բազմանդամ ընտանիքը, հրաժարվել է անգամ իրեն հասանելիք պարգևներից, իսկ այսօր նա ապրում է կիսախարխուլ տան պայմաններում՝ անաշխատունակ որդու հետ, և միակ եկամուտը կենսաթոշակն է: Աղջկա ամուսինը՝ Ռազմիկն է պատմում նրա սոցիալական ծանր վիճակի մասին:

 

«Նույնիսկ իր պարգևներից իրեն չի հասել, երեք հերթափոխով աշխատել է, այդպիսի բաների վրա ուշադրություն չի դարձրել, աշխատասեր, աշխատանքի լծված մարդ է եղել, իսկ այսօր խարխուլ տան մեջ են ապրում: Ներկա պայմաններում, քանի որ առողջական խնդիրներ ունի, մեր տանն է մնում, տարել ենք հիվանդանոց, նույնիսկ իրեն պառկեցրել ենք, որ օգնություն ցուցաբերեն, բայց ֆինանսի պատճառով չեն արել, ինքն էլ սովորություն չունի խնդրելու»:

 

97-ամյա վետերանը չի խնդրում և չի էլ դժգոհում, իր երիտասարդական ավյունը ներդրել ու մայիսյան հաղթանակներից մեկի կերտողն է դարձել, որոնք հպարտությամբ հիշում է արդեն 72 տարի: