Home / Canadahye  / Աշխարհահռչակ կանադահայ լուսանկարիչ Յուսուֆ Քարշի կիսանդրին կտեղադրվի Օտտավայում

Աշխարհահռչակ կանադահայ լուսանկարիչ Յուսուֆ Քարշի կիսանդրին կտեղադրվի Օտտավայում

 

Օտտավա (Նորանոր) — Հունիսի 9-ին Օտտավայում տեղի կունենա աշխարհահռչակ կանադահայ լուսանկարիչ Յուսուֆ Քարշի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը:

 

Այս կապակցությամբ Կանադայում ՀՀ դեսպանատունը ընդունելություն է կազմակերպում  Օտտավայի Շատո Լորիե հյուրանոցի Կանադական սրահում: Հենց այս հյուրանոցի առջև էլ` «Confederation» հրապարակում, կբացվի աշխարհահռչակ կանադահայի կիսանդրին: Միջոցառումը կտևի երկու ժամ՝ 14:00-ից մինչև 16:00-ին:

 

Ժամը 14:30-ին Կանադայի Համայնքների պալատի խոսնակ Ջեֆ Ռեգանը կողջունի ներկաներին, որից հետո Կանադայում ՀՀ արտակարգ և լրազոր դեսպան Արմեն Եգանյանի հետ միասին կկատարի Յուսուֆ Քարշի կիսանդրու բացման արարողությունը:

 

Սա հայ ժողովրդի նվերն է կանադացի ժողովրդին՝ Կանադայի 150-ամյակի և հայ-կանադական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ: Օտտավայում կանադահայ լուսանկարչի կիսանդրու տեղադրումը Կանադայում ՀՀ դեսպանատան նախաձեռնությունն է, որը իրականություն է դարձել կանադահայ համայնքի ֆինանսավորման, ինչպես նաև Կանադայի կառավարության՝ մասնավորապես Կանադայի Ժառանգության նախարարության և Մայրաքաղաքային հանձնաժողովի հետ սերտ համագործակցության արդյունքում:

 

Արարողությանը ներկա կգտնվեն մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:

 

Կանադահայ հռչակավոր լուսանկարիչ Յուսուֆ Քարշը ծնվել է 1908 թվականին Օսմանյան կայսրության հարավ-արևելյան շրջանում գտնվող Մարդին քաղաքում: Ցեղասպանությունից փրկվելու համար ընտանիքը 1922 թվականին տեղափոխվել է Հալեպ, ինչից կարճ ժամանակ անց Յուսուֆ Քարշը հաստատվել է Կանադայում՝ լուսանկարիչ մորեղբոր մոտ: Կանադայում կրթություն է ստացել և աշխատել մորեղբոր լուսանկարչական ստուդիայում, այնուհետև մեկնել Բոսթոն՝ լուսանկարչություն ուսումնասիրելու:

 

4 տարի անց վերադարձել է Կանադա և Օտտավայի կենտրոնում ստեղծել իր ստուդիան։ Շուտով նրա աշխատանքները գրավել են բազմաթիվ հայտնի մարդկանց: Քարշը, սակայն, միջազգային ճանաչում է ստացել այն բանից հետո, երբ լուսանկարել է Ուինսթոն Չերչիլին՝ վերջինիս Օտտավա այցի ժամանակ։ Յուսուֆ Քարշը լուսանկարել է նաև Անգլիայի թագուհի Էլիզաբեթ Բ-ին, Ֆիդել Կաստրոյին, Նիկիտա Խրուշչովին, Էռնեստ Հեմինգուեյին, Բեռնարդ Շոուին և այլ հայտնի դեմքերի:

 

Յուսուֆ Քարշը Time ամսագրի կողմից ճանաչվել է 20-րդ դարի մեծագույն լուսանկարիչներից մեկը:  20-րդ դարի 100 ամենաակնառու մարդկանցից՝ ըստ International Who’s Who-ի՝ Քարշը լուսանկարել է 51-ին։ 1967 թվականին լուսանկարիչն արժանացել է Կանադայի բարձրագույն պարգևին՝ Կանադայի շքանշանին: Մահացել է 2002 թվականի հուլիսի 13-ին Բոստունում՝ 93 տարեկան հասակում: