Home / Canadahye  / Հայտնի երգչուհի Սիրուշոն՝ Կանադայում կայանալիք առաջիկա համերգի և Տորոնտոյից մնացած մանկության հիշողությունների մասին

Հայտնի երգչուհի Սիրուշոն՝ Կանադայում կայանալիք առաջիկա համերգի և Տորոնտոյից մնացած մանկության հիշողությունների մասին

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Երևան (Նորանոր) – Հուլիսի 7-9-ը Տորոնտոյում անցկացվելու է Ամառային ամենամյա փառատոնը, որը կազմակերպում է Տորոնտոյի Հայ կենտրոնը: Փառատոնին այս տարի իր մասնակցությունն է բերելու նաև հայտնի երգչուհի Սիրուշոն, ով այդ ընթացքում համերգային շրջագայություններով է հանդես գալու:

 

Սիրուշոն իր մանկության որոշ ժամանակաշրջանը ապրել է Տորոնտոյում, որտեղ տեղի է ունեցել նրա առաջին բեմելը, երբ մայրիկի՝ երգչուհի Սյուզան Մարգարյանի համերգի ընթացքում մի քանի երգեր է կատարել: Այսօր էլ երգչուհին սիրով ու հուզմունքով է հիշում այս քաղաքում ապրած իր տարիները, կապը պահպանում այնտեղ գտնվող հարազատների հետ, իսկ առաջիկա համերգին պատրաստվում է մեծ սիրով: Այս մասին Սիրուշոն պատմել է Noranor-ին:

 

Համերգներ լինելու են ոչ միայն Տորոնտոյում, այլև Մոնրեալում, երգչուհին համոզված է, որ դրանք լինելու են տպավորիչ և անմոռանալի, «համոզված ենք, որ հանդիսատեսի հետ անցկացնելու ենք անմոռանալի ժամանակ»,-նշում է Սիրուշոն:

 

ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՏՈՐՈՆՏՈՅՈՒՄ

Կանադայի քաղաքներում կայանալիք համերգների ժամանակ կներկայացվեն ազգային ոգով գրված նոր ու ժողովրդական երգերը,  ինչպես Սիրուշոն է ասում, ցանկություն ունի կանադահայերին փոխանցելու մի կարևոր զգացողություն, որպեսզի նրանք իրենց ավելի մոտ զգան հայրենիքին, իսկ ինքն էլ այսպիսով կվերագտնի այստեղ ապրած իր մանկության զգացողությունները, որոնք սիրով է վերհիշում:

 

«Տորոնտոն իմ ամենահարազատ քաղաքներից է, որովհետև 2 տարի ապրել եմ այստեղ ծնողներիս հետ միասին: Այստեղ ունեմ ընկերներ, հարազատներ, մեծացել եմ այստեղի հայ համայնքի հետ: Հաճախել եմ Arpi Meras Nursery-ն և մինչ օրս կապը պահում եմ բոլոր հարազատներիս հետ», -ասաց հայկական շոու-բիզնեսի սիրված ներկայացուցիչը:

 

ՍՓՅՈՒՌՔԻ ԿԱՐՈՏԸ՝ «ԱՐՄԱՏ»-ՈՒՄ

Երգչուհու ստեղծագործական կյանքը եղել է բուռն, ունեցել է բազմաթիվ շրջագայություններ, համերգներով հանդես է եկել տարբեր երկրներում ու տպավորվել այն կարոտով, որ կա աշխարհի ցանկացած երկրում ապրող հայի աչքերում: Նրա առայժմ վերջին՝ «Արմատ» ձայնասկավառակը իր այս բազմաթիվ շրջագայություններից ծնունդ առած աշխատանք է, որում արտահայտվում է սերն ու կարոտը, պատահական չէ, որ ցանկություն ունի դրանք տարածել ու ներկայացնել Սփյուռքում, որտեղ հատկապես մեծ է զգացմունքային կապը Հայաստանի հետ:

 

«Արմատ»ձայնասկավառակը ստեղծելիս  ինձ շատ է ոգեշնչել նաև Սփյուռքը՝ հայրենիքի հանդեպ տածած սիրով

 

«Ես փոքր տարիքից եմ համերգներով շրջել տարբեր երկրներով և տեսել եմ մարդկանց աչքերում մեծ կարոտ. ուզում եմ գոնե մի պահ լրացնել այդ կարոտը: «Արմատ» ձայնասկավառակը ստեղծելիս  ինձ շատ է ոգեշնչել նաև Սփյուռքը՝ հայրենիքի հանդեպ տածած սիրով: Այդ տեսակ սերը փորձել եմ ներկայացնել նոր երգերիս մեջ»:

 

Երգչուհին, ում երգացանկում կարևոր տեղ են զբաղեցնում ժողովրդական ու ազգային երգերը, կարևորում է ազգային արմատների հետ կապը, «Արմատ» ձայնասկավառակը դրա վկայությունն է, և այն հատկապես Սփյուռքում ապրող հայրենակիցների համար կարևոր նշանակություն ունի, դրանում տեղ գտած ազգային ու հայրենասիրական գաղափարները դրսևորվելու են նաև համերգների ժամանակ:

 

Նպատակներիցս մեկը այն է, որ ունկնդիրն իրեն ավելի հպարտ զգա իր «արմատների» համար

 

«Թե համերգները, թե “Արմատ” ձայնասկավառակը ներկայացնում են հայրենիքը այսօրվա երիտասարդության աչքերով, խոսում են արժեքների մասին, որոնցով հպարտանում ենք: Նպատակներիցս մեկը այն է, որ ունկնդիրն իրեն ավելի հպարտ զգա իր «արմատների» համար, ոգեշնչվի իր անցյալով, հասկանա, որ իր մեջ ուժ ունի և մենակ չէ»,-նշում է երգչուհին: