Home / Armenia  / Օտտավայում բացվեց կանադահայ հռչակավոր լուսանկարիչ Յուսուֆ Քարշի կիսանդրին (տեսանյութ և լուսանկարներ)

Օտտավայում բացվեց կանադահայ հռչակավոր լուսանկարիչ Յուսուֆ Քարշի կիսանդրին (տեսանյութ և լուսանկարներ)

 

Կանադայի մայրաքաղաք Օտտավայի կենտրոնում hունիսի 9-ին Համադաշնության պուրակում, հայ-կանադական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի և Կանադայի Համադաշնության 150-ամյակի կապակցությամբ կայացել է կանադահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Յուսուֆ Քարշի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հաղորդում է ՀՀ Արտաքին Գործերի նախարարությունը:

 

karsh

 

Հուշարձանի բացումը կատարել են Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, Կանադայի Սենատի նախագահ Ջորջ Ֆյուրին և հուշարձանի հեղինակ, հանրահայտ կանադահայ քանդակագործ Մկրտիչ Տարագճյանը:

 

 

Բացման արարողությունից հետո Օտտավայի կենտրոնում գտնվող «Շատո Լորիե» հյուրանոցի «Կանադական» սրահում ՀՀ դեսպանության կազմակերպմամբ կայացել է պաշտոնական ընդունելություն, որին մասնակցել են Սենատի նախագահ Ջորջ Ֆյուրին, ՀՀ-ում Կանադայի դեսպան Ջոն Քըրը, կանադացի սենատորներ և պատգամավորներ, Կանադայում հավատարմագրված դեսպաններ, Կանադայի արտաքին գործերի և ժառանգության նախարարությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, դիվանագետներ, Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հայրեր, հայ համայնքային կառույցների ղեկավարներ, մեծ թվով կանադահայեր և լրագրողներ:

 

8383_hq

 

Դեսպան Եգանյանը միջոցառման ընթացքում իր ելույթում նշել է, որ Օտտավայի կենտրոնում Յուսուֆ Քարշի արձանի առկայությունը մշտապես լինելու է հայ-կանադական բարեկամական հարաբերությունների ամենագեղեցիկ խորհրդանիշներից մեկը: Դեսպանն ընդգծել է, որ հատկանշական է արձանի բացումը Համադաշնության պուրակում հենց այն տարում, երբ նշվում է Կանադայի Համադաշնության 150-ամյակը և հայ-կանադական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը: Իր խոսքում ՀՀ դեսպանը նաև շնորհակալություն հայտնեց Կանադայի կառավարությունը ներկայացնող պաշտոնյաներին և կանադահայ համայնքի անդամներին ու կազմակերպություններին, ովքեր իրենց ավանդն են ներդրել ծրագրի իրականացման գործում:

 

8382_hq

 

Կանադայի կառավարության անունից ելույթով հանդես  է եկել Կանադայի ժառանգության նախարարի խորհրդարանական քարտուղար Արիֆ Վիրանին, ով շնորհակալություն է հայտնել ՀՀ դեսպանությանը և հայ համայնքին` իրականացրած մեծածավալ աշխատանքի և Կանադայի 150-ամյակի առթիվ արված այս բացառիկ նվերի համար:

 

Ձեռնարկի ընթացքում Արմեն Եգանյանը հայ-կանադական հարաբերությունների զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար ՀՀ դեսպանության պատվոգրերով է պարգևատրել ՀՀ-ում Կանադայի դեսպան Ջոն Քըրին և Կանադայի արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի վարչության գլխավոր տնօրեն Էլիսոն ԼեՔլերին: ՀՀ դեսպանության պավտոգրեր են հանձնվել նաև Յուսուֆ Քարշի հուշարձանի հիմնման գործում առանձնահատուկ ներդրում ունեցած կանադահայ համայնքի մի շարք ներկայացուցիչների:

19029759_1230377463755823_6144241127796959908_n

 

Երեկոյի ընթացքում հայկական ազգային երաժշտությունն ու պարարվեստը ներկայացնող կատարումներով հանդես են եկալ կանադահայ համայնքի մի շարք շնորհաշատ ներկայացուցիչներ:

 

1603619e-3141-4022-83e8-d89764724b08

 

Կանադահայ հռչակավոր լուսանկարիչ Յուսուֆ Քարշը ծնվել է 1908 թվականին Օսմանյան կայսրության հարավ-արևելյան շրջանում գտնվող Մարդին քաղաքում: Ցեղասպանությունից փրկվելու համար ընտանիքը 1922 թվականին տեղափոխվել է Հալեպ, ինչից կարճ ժամանակ անց Յուսուֆ Քարշը հաստատվել է Կանադայում՝ լուսանկարիչ մորեղբոր մոտ: Կանադայում կրթություն է ստացել և աշխատել մորեղբոր լուսանկարչական ստուդիայում, այնուհետև մեկնել Բոսթոն՝ լուսանկարչություն ուսումնասիրելու:

 

4 տարի անց վերադարձել է Կանադա և Օտտավայի կենտրոնում ստեղծել իր ստուդիան։ Շուտով նրա աշխատանքները գրավել են բազմաթիվ հայտնի մարդկանց: Քարշը, սակայն, միջազգային ճանաչում է ստացել այն բանից հետո, երբ լուսանկարել է Ուինսթոն Չերչիլին՝ վերջինիս Օտտավա այցի ժամանակ։ Յուսուֆ Քարշը լուսանկարել է նաև Անգլիայի թագուհի Էլիզաբեթ Բ-ին, Ֆիդել Կաստրոյին, Նիկիտա Խրուշչովին, Էռնեստ Հեմինգուեյին, Բեռնարդ Շոուին և այլ հայտնի դեմքերի:

 

Յուսուֆ Քարշը Time ամսագրի կողմից ճանաչվել է 20-րդ դարի մեծագույն լուսանկարիչներից մեկը:  20-րդ դարի 100 ամենաակնառու մարդկանցից՝ ըստ International Who’s Who-ի՝ Քարշը լուսանկարել է 51-ին։ 1967 թվականին լուսանկարիչն արժանացել է Կանադայի բարձրագույն պարգևին՝ Կանադայի շքանշանին: Մահացել է 2002 թվականի հուլիսի 13-ին Բոստունում՝ 93 տարեկան հասակում: