Home / Armenia  / Արցախյան հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը կարծում է, որ առաջիկայում Հայաստանին պատերազմի վտանգ չի սպառնում

Արցախյան հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը կարծում է, որ առաջիկայում Հայաստանին պատերազմի վտանգ չի սպառնում

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Երևան (Նորանոր) _ Ադրբեջանը հերթական զորավարժություններն է անցկացնում, որոնք հունվարի 19-24-ին նոր թափ կստանան, Ադրբեջանի բանակը նախատեսում է անցկացնել «մարտական իրավիճակին մոտեցված պայմաններում» զորքերի պատրաստականության ստուգման մարտավարական վարժանքներ, որոնց կներգրավվի շուրջ 23 հազար զինծառայող:

 

Հունիսի 19-ին նաև Բաքվում կկայանա Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը, որը հաջորդելու է արդեն իսկ Հայաստանում և Արցախում կայացած հանդիպումներին: Մինչ հանդիպումները ՌԴ արտգործնախարարի մամուլի խոսնակը հայտարարել էր, թե Մինսկի խմբի համանախագահները մտադիր են հստակեցնել «ղարաբաղյան հակամարտությունը»:

 

Ինչ ընթացք կստանա հարցը, արդյոք Ադրբեջանը նորից նախապատրաստվում է պատերազմի, և Քառօրյա պատերազմից մեկ տարի անց նոր պատերազմի վտանգը իսկապես մոտենում է, ինչպես օրեր առաջ հրապարակած իր զեկույցում կանխատեսել էր Միջազգային ճգնաժամային խումբը:

 

Գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս Արկադիր Տեր-Թադևոսյանը Noranor.ca-ին տված հարցազրույցում մանրամասնել է իրավիճակը, ներկայացրել իր դիրքորոշումը:

 

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽԱՂԸ

Միջազգային ճգնաժամային խմբի կանխատեսումները զուտ ամերիկյան քաղաքական խաղի արդյունք է, որով փորձում են տագնապային տրամադրություն ստեղծել տարածաշրջանում, էլ ավելի լարել ռուս-թուրքական հարաբերությունները, սա է Արկադի Տեր-Թադևոսյանի գնահատականը նման զեկույցին, հետևաբար, ըստ Շուշիի օպերացիայի հեղինակի, իզուր է անհանգստությունը, թե նոր պատերազմի վտանգը մոտ է:

 

«Դրա մասին ավելի շատ ամերիկյան մասնագետներն են գրում, ռազմական փորձագետները: Իմ կարծիքով այս բոլորը քաղաքական խաղեր են, ուղղված տարածաշրջանային երկրներում իրավիճակի լարման՝ Հայաստանի, դեմ, Ադրբեջանի դեմ, Թուրքիայի դեմ, Ռուսաստանի դեմ»,-ասաց Տեր-Թադևոսյանը:

 

2016-ԻՆ՝ ԳԱՂՏՆԻ, ԱՅԺՄ՝ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ

Մինչ Ապրիլյան պատերազմը ևս Ադրբեջանը զորավարժություններ էր անցկացնում և նախապատրաստվում հարձակման, հիմա դարձյալ լայնամասշտաբ պատրաստությունների մեջ է: Սա Հայաստանին չպետք է մտահոգի, զորավարժություններ անցկացվում են, բայց մարտավարությունն այլ է, կարծում է պատերազմի բովով անցած գեներալ-մայորը:

 

Այս զորավարժություններն ավելի վտանգավոր չեն, քան մինչ Ապրիլյան պատերազմը տեղի ունեցածը

 

«Գնում են զորավարժություններ, բայց սրանք գաղտնի չեն պահում, 2016-ի ապրիլի պատերազմից առաջ զորավարժությունների մասին ոչ մի լրատվամիջոց, ոչ մի զինվորական պաշտոնյա չէր հայտարարում ու ոչ մեկին էլ չէին ասում, զորամասերը սուսուփուս իրենց գործն արեցին, ձայն չհանեցին, մինչև ապրիլյան պատերազմը սկսվեց: Հիմա զորավարժությունները անում են, հայտարարում են այդ մասին, հրավիրում են զինվորական գործիչների, փորձագետների, ցույց են տալիս իրենց ռազմական հնարավորությունները, դա ավելի վտանգավոր չէ, քան մինչ Ապրիլյան պատերազմը տեղի ունեցած զորավարժությունները»,-պարզաբանում է իր համոզմունքը Արցախի հերոսը:

 

Շատ ավելի լուրջ վտանգ կարելի է սպասել այն ժամանակ, երբ ադրբեջանը չի բարձրաձայնում ռազմական գործիչների միջոցով, ինչպես անցած տարի էր, թեև այդ մասին Հայաստանում տեղյակ էին: Սա բոլորովին տարբերվում է անցած տարվանից նաև իր բնույթով:

 

«Այս զորավարժությունները միջազգային նորմերով են անցնում, սա նշանակում է, որ պետություններն իրենց հարցերն են լուծում, մենք նպատակը գիտենք, բայց իրենք ուզում են ցույց տալ, թե պատրաստվում են, բայց իրականում չեն հարձակվի»,-վստահեցնում է Կոմանդոսը:

 

 ՀՀ ՊՆ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐԸ

Անկախ մտադրություններից, տագնապելու հարկ չկա, առավել ևս, երբ Հայաստանի զինված ուժերը պատրաստ է դիմագրավելու ցանկացած հարձակման, վստահ է Ացախյան ազատամարտի մասնակիցը: Հիմա էլ զինուժը նոր ծրագրեր է իրականացնում, որոնց նպատակն է բարձրացնել զինվորական ծառայության նպշկատմամբ հետաքրքրությունը: Խոսքը «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի մասին է, որոնք Պաշտպանության նախարարությունը մտադիր է ներդնել:

 

Դրանց միջոցով շարքային զինծառայողները հնարավորություն կունենան կամավոր երկարաձգել մեկ տարով իրենց ծառայությունը, փոխարենը ֆինանսական ապահովություն ստանալ զինուժից: Սրանց մասին լայն քննարկումներ են գնում, նախարար Վիգեն սարգսյանը վերջերս էլ այս մասին հկ-ների հետ էր քննարկում կազմակերպել:

 

Ծրագրերի արդյունավետությունը հնարավոր չէ գնահատել, քանի դեռ չեն փորձարկվել, և հասարակության արձագանքը լսելի չի եղել, վստահ է Արկադի Տեր-Թադևոսյանը, բայց կարծում է նաև, որ դրանք իրագործելը դրական կանդրադառնա հայոց բանակի վրա: «Շատ լավ ծրագիր է, ուղղված է ավելի բարձրացնել մեր բանակի մարտական պատրաստվածությունը»,-եզրափակում է 78-ամյա կենդանի լեգենդը: