Home / Armenia  / Հայ և կանադահայ երաժիշտներն ու կոմպոզիտորները կողմ են Հայաստանի օրհներգը փոխելուն, բայց դեմ են Շառլ Ազնավուրի առաջարկին

Հայ և կանադահայ երաժիշտներն ու կոմպոզիտորները կողմ են Հայաստանի օրհներգը փոխելուն, բայց դեմ են Շառլ Ազնավուրի առաջարկին

 

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Մոնրեալ, Երևան (Նորանոր) _ Աշխարհահռչակ երգիչ, հայ ժողովրդի հպարտություն Շառլ Ազնավուրը առաջարկեց Սերժ Սարգսյանին իր՝ «Քեզ համար, Հայաստան» երգը դարձնել Հայաստանի օրհներգ, մի երգ, որն արդեն ունի առաքելություն. Այն, ինչպես հայտնի է, նվիրված է 1988թ-ի երկրաշարժի զոհերի հիշատակին: Նախագահը բանավոր հավանություն է տվել շանսոնիեի առաջարկին, իսկ հայ երաժիշտների ու կոմպոզիտորների մեծ մասն այդ հարցը քննարկելն անգամ անիմաստ է համարում:

 

Անկախ Հայաստանի խորհրդանիշներից մեկը՝ հիմնը փոխելու հարցը քննարկվում է տարիներ շարունակ, նոր տարբերակների պակաս ևս չկա, սակայն հարցը վերջնական լուծում չի ստանում, իսկ վերջին առաջարկը, որը դեռ պարզ չէ, թե ինչ ընթացք կստանա, միանշանակ հավանության չարժանացավ, անկախ դրա հեղինակի հանդեպ ունեցած հարգանքի ու երախտագիտության զգացումներից:

 

Noranor.ca-ն հարցի վերաբերյալ լսել է հայ և կանադահայ երաժիշտների կարծիքները: Երկու դեպքում էլ նորանկախ Հայաստանի օրհներգը փոխելու անհրաժեշտությունը մեծ են համարում, իսկ թե որ հեղինակի որ գործը պետք է փոխարինի Բարսեղ Կանաչյանի երաժշտությամբ և Միքայել Նալբանդյանի խոսքերով գրված «Մեր հայրենիք»-ին, այս հարցում կարծիքները հակասական են:

 

ՍՓՅՈՒՌՔԻ ՆՈՍՏԱԼԳԻԿ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ

Նորանկախ Հայաստանի օրհներգին Սփյուռքահայությունը կապված է նույն զգացմունքային կապով, ինչ Հայաստանը խորհրդանշող ցանկացած նյութական կամ հոգևոր արժեքի: Կանադահայ կոմպոզիտոր Պետրոս Շուժունյանի տպավորությունն է, ով 40 տարի առաջ է Հայաստանից տեղափոխվել Կանադա, բայց նույն վերաբերմունքը չունի հիմնի հանդեպ: «Հիմիկվա օրհներգը շատ հարազատ է սփյուռքահայությանը, որովհետև տարիներով երգել են, բայց դա կայուն հիմք չունի, որպես երկիր, որպես միտք, որպես գոյություն ունեցող հավաքականություն՝ պետք է օրհներգը ավելի լուրջ և խորը տեսնենք»,-ասում է Շուժունյանը:

 

Փոփոխության անհրաժեշտությունը միայն օրհներգի խոսքերով չի պայմանավորված, որոնցում տեղ են գտել «թշվառ, անտեր» արտահայտությունները, այլև երաժշտությունը, որը զուրկ է ամբողջականությունից, քայլերթին բնորոշ խրոխտությունից ու վեհությունից:

 

Երաժշտականորեն շատ տկար է, այդ զգացումը չես ունենում, որ ոտքի կանգնես ու լսես այդ օրհներգը

 

«Երաժշտականորեն շատ տկար է, այդ զգացումը չես ունենում, որ ոտքի կանգնես ու լսես այդ օրհներգը, շատ պարզ, ռամիկ ձևով եղած գործ է, և, ըստ իս, ոչ թե նոր քայլերթ պետք է անենք, այլ վերցնենք մեր նախկին Սովետական Հայաստանի օրհներգը և բառերը փոխենք, որովհետև դրա երաժշտական ուժը շատ ավելի ազդեցիկ է և մաս է կազմել մեր Հայաստանի, դրա հետ մենք երկիր ենք կերտել, առաջ ենք գնացել, դրա մեջ ուժը տեսնում եմ »,-վստահ է կոմպոզիտորը, ով, ի դեպ, տեղին չի համարում որևէ այլ տարբերակի քննարկումը:

 

Իսկ տարբերակների պակաս տարիների ընթացքում չի եղել, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն է օրհներգ մշակել Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» խոսքերի հիման վրա, քննարկումների մեջ առաջ է քաշվել Կոմիտասի «Հայաստան երկիր»-ը, իսկ Ազնավուրի առաջարկը անսպասելի էր շատերի համար:

 

Պատկերացնում եք, ամեն անգամ, երբ հիմնը նվագեն, պետք է երկրաշարժը հիշենք

 

Նշենք, որ ներկայիս օրհներգը իր երգով փոխարինելու հավանականության մասին Շառլ Ազնավուրը խոսել է օրեր առաջ Le Club de Richard Findykian ռադիոհաղորդաշարի ժամանակ՝ նշելով, որ հնարավոր է, որ իր երգը դառնա  օրհներգ: «Այդ երգը երկրաշարժ տեսած ժողովրդին շատ պոզիտիվ զգացողություն փոխանցեց, բայց դա առնել և քայլել, պատկերացնում եք, ամեն անգամ նվագեն, պետք է երկրաշարժը հիշենք»,-կարծում է կանադահայ կոմպոզիտորը:

 

Անկախ Ազնավուրի հանդեպ ունեցած վերաբերմունքից, երգահանի համոզմամբ, երգը չունի հայկականության ջիղ, երկրի էությունը չի բնորոշում, ինչպես Մանսուրյանի տարբերակը, որը հեղինակի եվրոպական հակվածությունն է կրում:

 

«Մանսուրյանի տեսողությունը եվրոպական է, ես չեմ կարծում, որ դրա մեջ ազգային ջիղ կա, իսկ առաջին քայլերգի մեջ ազգային ջիղը շատ մեծ է, կարևորը, որ լսեն և ասեն՝ սա հայի քայլերգ է, հայի ոգին կա մեջը»,-ասում է նա՝ չհերքելով, որ իր մոտ Խորհրդային Հայաստանի հիմնի նստվածքն այնքան խորն է, որ այլ երգերի ուղղությամբ չի մտածում, այնինչ ինքն էլ, կոմպոզիտոր լինելով, կարող էր նորը ստեղծել:

 

ԾԻԾԱՂԵԼԻ ՈՒ ԱՆԻՄԱՍՏ

Այլ երգով փոխարինել ներկայիս օրհներգը անհրաժեշտ է ու պարտադիր, բայց որ որպես այդպիսին կարող էր քննարկվել Ազնավուրի երգը, օպերային երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանը անգամ ծիծաղելի է համարում՝ ասելով. «Անիմաստ է քննարկել այդ  հարցը, դա սենտիմենտալ վերաբերմունք է, ինչ կապ ունի օրհներգի հետ, ինքն արդեն ունի իր առաքելությունը, ինչու է պետք փոխել, օրհներգը դա տարբեր գաղափար ունեցող երգ է»:

 

Իսկ օրհներգին համապատասխան երգեր արդեն կան, համոզված է հայտնի օպերային երգիչը: Այդպիսիք նա համարում է երկու գործ. Արամ Խաչատրյան կամ Կոմիտաս, երրորդը ևս կարող է լինել, եթե գրվի մի նոր, փայլուն ստեղծագործություն: Իսկ «Մեր հայրենիք»-ը, որ 100 տարի առաջ նոր պետականության խորհրդանիշ դարձավ, այն ժամանակ ունեցավ իր դերը, բայց պետք է փոխարինվի մի նոր՝ հնչեղ գործով:

 

Այստեղից, այնտեղից կտրած-կպցրած մի բան է, մի մարմին չի

 

«Դա ողբերգ է, բառերը կապ չունեն երաժշտության հետ, դա սարքած է, այստեղից, այնտեղից կտրած-կպցրած մի բան է, մի մարմին չի, հարմարեցրել են բառերը, ստացել են օրհներգ»,-կարծում է Թումանյանը:

 

Դիրիժոր, երաժշտագետ Դանիել Երաժիշտը պատրաստ է իր առաջարկներով հանդես գալ, եթե հանձնաժողով ստեղծվի, լինեն մասնագիտական քննարկումներ, իսկ նման հարցի որոշման համար դա անհրաժեշտ է, այլապես մեկ անձի արտահայտած մտքով չի կարող համազգային նշանակության հարց որոշվել:

 

Ես պաշտում եմ Շառլ Ազնավուրին, պաշտում եմ Արամ Խաչատրյանին, հարգում եմ նրանց արվեստը, բայց կողմ և դեմ կարծիքները պետք է հիմնավորապես բացատրվեն

 

«Այստեղ էթիկական խնդիր է, հիշատակի խնդիր է, ավանդույթի խնդիր է, այդ բոլորը միանշանակ շատ դժվար է, ես պաշտում եմ Շառլ Ազնավուրին, պաշտում եմ Արամ Խաչատրյանին, հարգում եմ նրանց արվեստը, բայց կողմ և դեմ կարծիքները պետք է հիմնավորապես բացատրվեն, ինչին ես պատրաստ եմ, եթե լուրջ հանձնախումբ հավաքվի և քննարկեն»,-ասում է Դանիել Երաժիշտը, բայց այժմ զերծ է մնում ավելի մանրամասնել իր մոտեցումը թե որպես երաժշտագետ, թե որպես քաղաքացի: