Home / Canada  / Ես նախանձում եմ Կանադան ընտրող ներգաղթյալներին. Ջասթին Թրյուդո

Ես նախանձում եմ Կանադան ընտրող ներգաղթյալներին. Ջասթին Թրյուդո

 

Օտտավա (Նորանոր) — Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ նախանձում է բոլոր այն անհատներին և ընտանիքներին, ովքեր Կանադա արտագաղթելու որոշում են կայացնում: Այս մասին հաղորդում է CIC News-ը:

 

Թրյուդոն ընդգծել է, որ ինչպես ինքն, այնպես էլ բոլոր կանադացի ծնվածներն ըստ արժանվույն չեն գնահատում կանադացի լինելու առավելությունները:

 

«Ամեն անգամ, երբ հանդիպում եմ մարդկանց, ովքեր կամ ում ծնողները կանխամտածված ընտրել են Կանադան՝ որպես տուն, իմ մեջ նախանձ է առաջանում. կարծում եմ իսկզբանե կանադացի լինելու փոխարեն կանադացի դառնալու կարողությունը Կանադայի մասնիկը դառնալու հիանալի վիճակ է. դուք ընտրում եք այս երկիրը, այն ավելի ձերն է, քան մյուսներինը, քանի որ մենք այն ստացել ենք ինքնըստինքյան»,- ասել է Թրյուդոն:

 

Կանադայի վարչապետը նաև շեշտել է, որ հիանալի է գիտակցել երկիր կառուցելու ուժը՝ երկիր, որը կառուցել են մարդիկ, ովքեր ընտրել են Կանադան, այլ ոչ թե ծնվել են որպես կանադացի: «Բազմազանությունը մեզ համար ուժի աղբյուր է»,- ասել է վարչապետը:

 

Հիշեցնենք, որ Թրյուդոյի վարչախումբը գարնանից սկսած բարեփոխումներ է կատարել Կանադայի ներգաղթային Express Entry համակարգում՝ դյուրացնելով Կանադայի քաղաքացիություն ստանալու գործընթացը: Կառավարությունը հաստատել էր նաև յուրաքանչյուր տարի առնվազն 300,000 հոգու մշտական բնակության իրավունք շնորհելու պլանը:

 

Ջասթին Թրյուդոն ընդգծել է, որ ինչպես քաղաքական կուսակցությունները, այնպես էլ կանադական հաստարակությունը մեծապես աջակցում է Կանադայի ներգաղթային քաղաքականությունը և ողջունում մեծաթիվ և բազմազան մարդկանց մուտքը Կանադա:

 

Նշենք, որ 150 տարիների ընթացքում Կանադա է ժամանել ավելի քան 17 միլիոն ներգաղթյալ, շատերն էլ Կանադայում են հաստատվել ժամանակավոր աշխատողի և/կամ միջազգային ուսանողի կարգավիճակով: Կանադայի բազմամշակութայնությունը, երկլեզու հասարակությունը, երկրի անվտանգությունը և տնտեսությունը պատճառերից մի քանիսն են ներգաղթյալների համար Կանադան որպես նոր տուն ընտրելու համար: