Home / Canada  / Կանադական ընկերության ու Ադրբեջանի միջեւ կնքված ռազմական գործարքը նոր հարցեր է առաջ քաշում

Կանադական ընկերության ու Ադրբեջանի միջեւ կնքված ռազմական գործարքը նոր հարցեր է առաջ քաշում

 

Տորոնտո (Նորանոր) — Կանադական ընկերության ռազմական գործարքը Ադրբեջանի հետ նոր հարցեր է առաջ քաշում զենքի արտահանման վերահսկողության հետ կապված։ Այս մասին գրում է Radiօ Canada International-ը։

 

Տորոնտոյում գործող «INKAS» զրահապատ մեքենաների արտադրությամբ զբաղվող ընկերությունը գործարք է կնքել Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության հետ, որի համաձայն ընկերությունը արդեն արտահանել է «մի քանի» կանադական զրահապատ մեքենաներ։

 

Կանադական ընկերության գործարքը՝ զրահամեքենաներ արտահանելու ու Ադրբեջանի հետ ռազմական տեխնիկայի համատեղ արտադրության վերաբերյալ,  հերթական անգամ բարձրացնում է Կանադայի ռազմական տեխնիկայի արտահանման վերահսկողության արդյունավետության հարցը, գրում է պարբերականը։

 

«Մենք չենք կարող որեւէ բան արտահանել առանց թույլտվություն ստանալու։ Կանադայի իշխանությունները ստուգել են եւ հաստատել»,- ասել է ընկերության գործադիր տնօրեն Շիրմանովը։ Նա նշել է, որ ընկերությունը լիովին պահպանում է ռազմական արտադրանքի արտահանման բոլոր կանոնները։

 

Հոդվածագրի խոսքերով՝ արտահանման թույլտվության տրամադրումը կարծես թե նույնպես հակասում է կառավարության՝ սեփական արտադրանքի արտահանման նպատակների վերահսկման սկզբունքին, որը նախատեսում է, որ Կանադական ռազմական տեխնիկայի արտահանումը չպիտի նպաստի ազգային կամ տարածաշրջանային հակամարտություններին ու դրանց անկայունացմանը։

 

«Տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը՝ ներառյալ քաղաքացիական հակամարտություններն ու մարդու իրավունքները հաշվի են առնվում», – ասել է Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Natasha Nystrom-ը։

 

Այնուամենայնիվ, Կանադայի կառավարությունը թույլատրել է ընկերությանը համագործակցել Ադրբեջանի հետ՝ չնայած Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակին։

 

Amnesty International ու Human Rights Watch կազմակերպությունները քննադատել են Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ արձանագրությունները՝ մեղադրելով Ադրբեջանին երկրում տարակարծությունը ճնշելու, ինչպես նաեւ իրավապաշտպան կազմակերպությունների կողմից արձանագրված խոշտանգումների ու այլ իրավախախտումների համար։

 

Նշենք, որ 2016 թվականի ապրիլին Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին լարվածությունը կրկին սրվեց։ Ադրբեջանական ուժերը անակնկալ կերպով հարձակվեցին հայկական ուժերի վրա՝ խախտելով 1994 թվականին հաստատված հրադադարի ռեժիմը։