Home / Canadahye  / «Հայ-կանադական հարաբերությունները վերընթաց սլացքով առաջ են գնում»․ Կանադայում ՀՀ դեսպան

«Հայ-կանադական հարաբերությունները վերընթաց սլացքով առաջ են գնում»․ Կանադայում ՀՀ դեսպան

 

Այս տարին հիշարժան է նաև նրանով, որ նշվում է Հայաստանի և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Այս մասին նշել է Կանադայում ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյանը՝  Հայաստանի Հանրապետության Անկախության 26-ամյակի առիթով  ունեցած իր ելույթում։

 

Դեսպանի խոսքով՝ հայ-կանադական հարաբերությունները վերընթաց սլացքով առաջ են գնում քաղաքական, տնտեսական, մշակութային և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մյուս ոլորտներում: Ակտիվ փոխգործակցություն է հաստատված մի շարք միջազգային կազմակերպությունների, այդ թվում` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում: Այդ կազմակերպությունում իր իրականացրած ակտիվ աշխատանքի շնորհիվ  Հայաստանն արժանացել է 2018թ. անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը Երևանում կազմակերպելու պատվին: Լեւոն Մարտիրոսյանը նշել է, որ ի թիվս այլ պաշտոնական պատվիրակությունների, Երևանում սպասելու են նաև կանադական պատվիրակությանը` վարչապետ Ջասթին Թրյուդոյի գլխավորությամբ:

 

Անդրադառնալով տնտեսական կապերի զարգացմանը ՀՀ դեսպանը նշել է, որ Հայաստանը առանձնահատուկ կարևորություն է տալիս երկու երկրների միջև տնտեսական կապերի զարգացմանը: Այս ոլորտում թեև ձեռքբերումներն ակնհայտ են, սակայն եղածը չի բավարարում: Կանադական կապիտալով Հայաստանում աշխատող ընկերությունների թվի ավելացումը լինելու է դեսպանի աշխատանքի առանցքային ուղղություններից մեկը:

 

Անդրադառնալով Կանադայում Հայ համայնքին, դեսպանը նշել է, որ այն հանդիսանում է Հայաստանը և Կանադան կապող յուրահատուկ և կարևոր օղակ: Վանկուվերից մինչև Մոնրեալ` Կանադայի տարբեր հատվածներում բնակվող շուրջ հարյուր հազար հայրենակիցներն իրենց ամենօրյա տքնաջան աշխատանքով և նվիրվածությամբ ապացուցել են, որ հանդիսանում են միաժամանակ հպարտ հայեր և հպարտ կանադացիներ:

 

Դեսպանը, խոսելով Արցախյան հակամարտության շուրջ ներկայիս զարգացումների մասին, նշել է, որ Հայաստանը ըմբռնումով է մոտենում հակամարտության կարգավորման վերաբերյալ Կանադայի չեզոք դիրքորոշմանը և շնորհակալ է վերջինիս` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին աջակցելու համար:

 

«Սեպտեմբերի 21-ը իրավմամբ հանդիսանում է հայոց ժամանակակից պետականության զարթոնքի օրը: Մեր բոլորիս առաքելությունն է` այդ օրն ամեն տարի նշելով` արձանագրած նորանոր հաջողություններ ունենալ»,- եզրափակել է դեսպանը:

 

Ելույթն ամբողջությամբ՝ այստեղ։