Home / Canadahye  / Կանադահայ մտավորական Սարգիս Համպոյանը երազում է զորավոր Հայաստան ունենալու մասին. Հայապահպանության նրա տեսլականն ու տարիների վաստակի համար պարգևատրումը

Կանադահայ մտավորական Սարգիս Համպոյանը երազում է զորավոր Հայաստան ունենալու մասին. Հայապահպանության նրա տեսլականն ու տարիների վաստակի համար պարգևատրումը

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Տորոնտո, Օքվիլ (Նորանոր) _ Նախ Հալեպ, ապա Բեյրութ, Կիպրոս և ի վերջո Կանադա… Այս երկրներից յուրաքանչյուրում ծնունդով հալեպցի կանադահայ Սարգիս Համպոյանը իր ծառայությունն է բերել այն ոլորտներում, որտեղ առավել զգացվել է իր կարիքը: Հայ երաժշտությունն ու հայ գրականությունը նրա համար հավասար հարթությունների վրա են, դեռ Բեյրութում ստեղծել է «Շողակաթ» երգչախումբը, որն զբաղվում էր ազգային եկեղեցական երգ-երաժշտության տարածմամբ:

 

Այնուհետև ինչպես Կիպրոսում, այնպես էլ Կանադայում 80-ամյա գործիչը զբաղվել է ուսուցչությամբ, գրադարանագիտությամբ, ղեկավարել դպրոց, եղել է Սուրբ Վարդան Հայ առաքելական եկեղեցու դպրապետն ու երգչախմբի ղեկավարը, ավելի քան 15 տարի է՝ նաև Տորոնտոյի երկսեռ «Նաիրի» երգչախմբի գեղարվեստական ղեկավարն ու խմբավարն է:

 

Այս ամենին զուգահեռ նա երկար տարիներ վարում է «Մեսրոպ Մարշտոց» գրական խմբակը, որն ամեն ամիս հանդիպումներ է կազմակերպում և ծանոթանում հայ գրականության լավագույն նմուշներին:

 

Այս բազմավաստակ գործունեության համար վերջերս Տորոնտոյի արվարձան համարվող Օքվիլ քաղաքում հաստատված Սարգիս Համպոյանը Միսսիսոգայի Սուրբ վարդան եկեղեցու կողմից պարգևատրվեց, նման գնահատականը կարևորում է ազգային գործիչը՝ նշելով.

 

«Ես անձնապես միշտ հեռու կեցած եմ այդ տեսակ հրապարակային գնահատականներեն, բայց այդ աշխատանքը, որ տարած եմ, ադիկա է, որ կգնահատվի, նշանակություն ու իմաստ կունենա ժողովուրդի համար, եկեղեցին մեզի համար շատ կարևոր հաստատություն է, ամեն ինչ պետք է անենք եկեղեցին ոտքի պահելու համար»:

 

ՈՐՈՇՈՒՄԸ՝ ԿԱՆԱԴԱ

Ավելի քան 50 տարի առաջ էր, երբ Սարգիս Համպոյանը որոշում կայացրեց Կիպրոսից տեղափոխվել, նոր էր ամուսնացել, ինքը մտադիր էր ԱՄՆ մեկնել, կինը՝ Կանադա, ընդհանուր համաձայնությամբ ի վերջո մեկնեցին Կանադա, չկար երրորդ տարբերակը՝ տեղափոխվել Հայաստան:

 

«1968 թ-ին էր, որ Կանադա եկա, այն ժամանակ սովետմիություն էր, և այդ մասին խոսք չկար, անկախ ըլլալլեն ետքն է, որ խոսվեցավ, և ադիկա չլուծված հարց մըն է»,- Noranor.ca-ի հետ զրույցում նշում է Համպոյանը:

 

Մինչ օրս էլ երբևէ նման առիթ չի ընձեռվել, մտադրություն էլ չկար, քանի որ ինչպես ինքն է ասում, պայմանները չէին բավարարում, սակայն սա չի նշանակում, թե Սփյուռքում պակաս ծառայություն կարող է մատուցել հայրենիքին, ինչն էլ անում է իր ամենօրյա աշխատանքով և իր մեծագույն երազանքի մասին պատմում.

 

Արտասահմանի հայությունն է այստեղ զորավոր, որ Հայաստանն էլ Հայաստան է

 

«Որևէ հայու ի սրտե փափագն է, որ մենք ունենանք զորավոր Հայաստան մը, որ զորավոր ըլլա նախ և առաջ ամեն տեսակետով, ու նաև Հայաստան մը, ուր մեր հայերենը, ոչ միայն արևելահայերենը, այլև արևմտահայերենին ալ կարևորություն տրվի, արտասահմանի մեջ բավականին գործածություն կա, Հայաստանն էլ աշխատանք տանի, ոչ միայն իր գոյությունը պահելու համար, այլև արտասահմանի 7-8 մլն հայության հետ աշխատանք տանի: Արտասահմանի հայությունն է այստեղ զորավոր, որ Հայաստանն էլ Հայաստան է»:

 

ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՆ՝ ԹԻԿՈՒՆՔ

Իսկ Կանադան տվեց իր գիտելիքները լայնորեն կիրառելու, ազգային գործին ծառայելու լայն հնարավորություններ, ինչի համար գոհ է: Եվ երաժշտության, և գրականության ասպարազներում կարողանում է օգտակար լինել, իսկ կարևորն այն է, որ ծառայում է եկեղեցուն, որի պահպանումը Սփյուռքում, նրա վստահեցմամբ, կարևորագույն նպատակ պետք է լինի:

 

Եկեղեցական երգերը գլուխգործխոց երգեր են, և ադոնք պետք է, որ մեր ժողովորդին հրամցվի տարբեր կերպով

 

«Իմ մտահոգությունս այն է, մենք մեր եկեղեցիներուն թիկունք պետք է կանգնինք, մեր եկեղեցիները պետք է բարգավաճին, եկեղեցվո մեջ ինչ-որ կներկայացվի, երաժշտությունը, որ կներկայացվի, դպրաց դասերը պետք է շատ ավելի տպավորիչ կերպով լինեն, եկեղեցական երգերը գլուխգործխոց երգեր են, և ադոնք պետք է, որ մեր ժողովորդին հրամցվի տարբեր կերպով»,-նշում է եկեղեցական երգչախմբի ղեկավարը:

 

ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴԸ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ՉԷ

Ափսոսում է, որ Բեյրութում իր հիմնած «Շողակաթ» երգչախումբը դադարեց գործել, բայց մեկ այլ գաղթավայրում է կարողանում շարունակել առաքելությունը, ցավում է, սակայն, որ այժմ շատ ավելի քիչ հայ երիտասարդներ են հետաքրքրվում դրանով:

 

«Դժբախտաբար նոր սերունդը շատ հետաքրքրված չէ մեր ազգային արժեքներով, ըլլա ադիկա մեր գրականությունը, մեր երաժշտությունը, ըլլա մեր եկեղեցիները և այլն, որևէ գիտակից հայ պետք է իր լավագույն աշխատանքը տանի, որպեսզի նոր սերունդին կարելի եղածի չափով հետաքրքրություն ստեղծվի, որ գնահատեն, գիտնան մեր եկեղեցիները, դպրոցները, գրականությունը, երաժշտությունը և այլն»,-կարծիք է հայտնում ազգային գործիչը:

 

Երիտասարդների հետաքրքրության պակասին ամեն օր է ականատես դառնում ոչ միայն երգչախմբի գործունեության ընթացքում, այլ նաև գրական հանդիպումների, երբ երիտասարդների հազվադեպ մասնակցությամբ մեծ ոգևորություն են ապրում:

 

Քաջալերականը երբեմն այն է, որ երիտասարդ աղջիկներ և տղաք կուգան և կարտասանեն հայկական ստեղծագործություններ, մենք խանդավառությամբ ընդունած ենք, բայց դժբախտաբար մեծ չափերի չէ

 

«Ամեն ամիս կհավաքվինք, հայ գրականության մասին կխոսինք, շուրջ 20-30 անձեր կուգան, բոլորն ալ տարեց մարդիկ են, քաջալերականը երբեմն այն է, որ երիտասարդ աղջիկներ և տղաք կուգան և կարտասանեն հայկական ստեղծագործություններ, ձևով մը մեզի կներկայացնեն հայ բանաստեղծություններ, մենք խանդավառությամբ ընդունած ենք, բայց դժբախտաբար մեծ չափերի չէ»,-ցավով նշում է արդեն 20-ամյա «Մաշտոց» խմբակի հիմնադիրը:

 

Նա հույս ունի, որ հայկական ամենօրյա ու շաբթօրյա դպրոցները կկարողանան պահել հայ սերնդի մեջ հայի ոգին, մեկ շաբաթօրյա վարժարան էլ գործում է Օքվիլում, բայց հավաստիացնում է, որ հետաքրքրությունը մեծ չէ այս կրթօջախի հանդեպ: Կանադահայ մտավորականի գլխավոր մոտեցումը մնում է այն, որ ոչ միայն հայկական կառույցները պետք է փորձեն հնարավորինս պահպանել հայեցիությունը, այլև հայ համայնքն էլ իր հերթին պետք է թև ու թիկունք դառնա հայկական կրթօջախներին ու եկեղեցուն: