Home / Canada  / Կանադայում սունկ արտադրողները ներգաղթյալ աշխատողների համար մշտական բնակության իրավունք են ուզում

Կանադայում սունկ արտադրողները ներգաղթյալ աշխատողների համար մշտական բնակության իրավունք են ուզում

 

Կանադայում 1 մլրդ դոլարի սնկային արդյունաբերությունը կանգնած է աշխատուժի պակասի խնդրի առաջ եւ աճի համար կայուն աշխատուժի կարիք ունի, ըստ նոր զեկույցի:

 

Սնկային արտադրությամբ զբաղվող գործարարները հորդորում են Օտտավայի կառավարությանը  870 աշխատանքային միգրանտների համար մշտական բնակության հնարավորություն ստեղծել, որպեսզի կարողանան լրացնել առկա թափուր աշխատատեղերը եւ պահպանել արտադրության աճը:

 

Առանց ներգաղթյալ աշխատողների՝ այս ոլորտը, որը 4,330 աշխատատեղ է ապահովում, կարող է վտանգի ենթարկվել։ Այս մասին ասված է երկուշաբթի հրապարակած զեկույցում:

 

Կանադայում սնկային արտադրությամբ զբաղվող ընկերության նախագահ Գրահամ Ջորջը նշել է, որ սնկային տնտեսությունները ապահովում են մշտական աշխատատեղեր, բարձր աշխատավարձ եւ ցանկանում են ընդունել հմուտ աշխատողներին Կանադա, ովքեր այստեղ մշտական բնակություն կհաստատեն։

 

Համաձայն զեկույցի` ոլորտը,ունենալով երկրում 194 ֆերմերային տնտեսություններ, ունի  մոտ 9,7 տոկոս թափուր աշխատատեղ, իսկ աշխատուժի ավելի քան քառորդ մասը ներգաղթյալներ են:

 

Կանադայի սնկի արտադրության կեսը իրականացվում է Օնտարիոյում՝ կենտրոնացած է Moose Creek, Stoney Creek, Hamilton, Burlington, Osgoode, Ashburn, Leamington, Kingsville եւ Wellington գյուղերում:

 

Կանադական սնկի արտահանման ոլորտում Միացյալ Նահանգները եւ Ճապոնիան առաջատար շուկաներն են: Միայն անցյալ տարի կանադական սնկերի արտահանումը դեպի ԱՄՆ կազմել է 194 մլն դոլար: