Home / Canadahye  / Հայաստանում ներդրում կատարելու իշխանությունների կոչերը ազդել են կանադահայ Վան Լապոյանի որոշման վրա. Նա Հայաստանում բիզնես կհիմնի

Հայաստանում ներդրում կատարելու իշխանությունների կոչերը ազդել են կանադահայ Վան Լապոյանի որոշման վրա. Նա Հայաստանում բիզնես կհիմնի

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Տորոնտո (Նորանոր) _ Մոտ 30 տարի առաջ, երբ լիբանանահայ Վան Լապոյանը հաստատվեց Տորոնտոյում, այս քաղաքը զարգացման հեռանկարներ էր խոստանում.  Այն ժամանակ էլ ներգաղթի ծավալները փոքր չէին, բնակչության հոսքը տարբեր երկրներից չէր դադարում, հետևաբար մասնագիտությամբ ինժեներ Լապոյանը որոշեց հենց շինարարության ոլորտում սկսել իր բիզնես-գործունեությունը:

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՆ

«ՎիԷյջԷլ դիվելոփմընթ» (VHL development) ընկերությունն այն ժամանակ փոքր էր, հետագայում ընդլայնեց գործունեությունը՝ հողատարածքի ձեռքբերումից մինչև բազմաբնակարանների շինարարություն ու վաճառք: Ավելի քան 50 հիմնական աշխատակիցներ ունեն, որից 7-ը կանադահայեր են:

 

«Տորոնտո մեծ քանակով էմիգրանտներ կուգան, որոնք հոս բնակարան կգնեն ու հոս կուզեն հաստատվել, աշխարհի ամեն կողմերից կու գան, Տորոնտոն կմեծնա երթալով: Ներկայիս 7-8 մլն ժողովուրդ կա և կավելանա, կամաց-կամաց բնակարանի պահանջարկը շատցավ Տորոնտոյի անշարժ գույքի վրա, տուների, հողերի, և մենք հասկացանք, որ շենքերու և անշարժ գույքի այս գործը շատ շահավետ է և շարունակեցինք»,- Noranor.ca-ի հետ զրույցում պատմում է Լապոյանը:

 

Հատկապես վերջին տասնամյակն ամենաշահավետն է եղել ընկերության համար, սակայն այժմ, երբ շուկայում որոշակի փոփոխություններ են տեղի ունենում, ընկերության հիմնադիր-տնօրենը որոշել է ընդարձակել այն: Սակայն գլխավոր պատճառը ոչ թե դա է, այլ Հայաստանում գործունեություն ծավալելու մտադրությունը:

 

Նշենք, որ կանադահայ հայտնի գործարար Վարուժան Լապոյանը իր տիկնոջ՝ Սիլվա Լապոյանի հետ անցած տարեվերջին մեծ նվիրատվություն էր կատարել Տորոնտոյի ՀՕՄ-ի ամենօրյա վարժարանին՝ հատկացնելով 1 մլն դոլար: Ի պատիվ նրանց՝ ՀՕՄ-ի երկրորդական վարժարանը վերանվանվեց «ՀՕՄ-ի Լապոյան երկրորդական վարժարան»:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՉԵՐԸ

Ինչ վերաբերում է Լապոյանի՝ Հայաստանյան ներդրմանը, ապա պարզվում է՝ հայաստանյան իշխանության ներկայացուցիչների կողմից Սփյուռքին ուղղված կոչերը մեծ ազդեցություն են ունեցել գործարարի որոշման վրա, իսկ երբ մեկ ամիս առաջ Հայաստան է ժամանել՝ մասնակցելու Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին, նկատել է իշխանության ներկայացուցիչների կողմից դրական տրամադրվածություն, թեև ոչ գործնական քայլեր. ամեն դեպքում որոշել է բիզնեսը ծավալել հենց հայրենիքում :

 

Հայաստան-Սփյուռք համագումարն էլ, «Ծագումով հայեր»-ի այդ իվենթները որ եղան, ինծի մեծ աշխուժություն տվին, որ որոշում առնեմ և Հայաստան ինվեստ անեմ

 

«Շատ մեծ ազդեցություն ունեցան Հայաստան ներդրում ընելու կոչերը, Հայաստան-Սփյուռք համագումարն էլ, «Ծագումով հայեր»-ի այդ իվենթները որ եղան, ինծի մեծ աշխուժություն տվին, որ որոշում առնեմ և Հայաստան ինվեստ անեմ»,-պատմում է ընկերության տնօրենը:

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ

Անկախ կոչերից, համաժողովը նրան հստակ վիճակագրությամբ ու անհրաժեշտ տեղեկատվությամբ չի ապահովել հետագայում իր անելիքները հեշտացնելու համար, թեև, հիշեցնենք, որ օրակարգի չորս կարևոր ուղղություններից մեկը հենց Հայաստանի զարգացման հեռանկարների քննարկումն էր:

 

Պոզիտիվ ձևով մտահոգված են գործակցությունը տեղ հասցնիլ, բայց կոնկրետ որոշումներ, կոնկրետ աշխատանքներ չեն եղած

 

«Շատ հստակ էր, որ շատ հուզված էր երկու կողմն ալ՝ թե սփյուռքահայությունը, թե Հայաստանը, մանավանդ կառավարությունը կուզեր, որ համագործակցություն լինի, պոզիտիվ ձևով մտահոգված են գործակցությունը տեղ հասցնիլ, բայց կոնկրետ որոշումներ, կոնկրետ աշխատանքներ չեն եղած, խոսակցություններ կային մեկ-կամ երկու գործիքների մասին, բայց ընդհանուր ուսումնասիրություն չկա, ամեն մեկ անձ, որ կերթա Հայաստան, իբրև գործարար կամ ներդրում անող, ինքը պետք է ուսումնասիրե, թե ինչ գործ ընե, ինչպես ընե, անշուշտ, պատրաստակամություն կա, բայց որևէ կոնկրետ բան չկա»,-ներկայացնում է կանադահայ գործարարը:

 

Իսկ ներդրումները ճիշտ ուղղորդելու համար կարևոր է վիճակագրության առկայությունը, թե որ բնագավառում ինչպիսի ռիսկեր ու հնարավորություններ կան, հնարավոր է պարզել միայն արդեն իսկ օրինակների հիման վրա կազմված վիճակագրության շնորհիվ, և այս խնդիրը ևս թողնվել է ներդրողի հույսին:

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ՞, ԹԵ՞ ԲԻԶՆԵՍԻ

Լապոյանն ինքը ևս ստիպված է այս աշխատանքներն անձամբ կատարել, թեև այդ փուլին դեռ չի հասել, առայժմ փաստաթղթերն են ձևակերպում:  Նշում է.

 

«Հավանական է, որ երկու-երեք ճամփորդություն ևս պիտի ընեմ, որ հասկանամ՝ ինչ տեսակի հնարավորություններ կան, կարելիություններ կան, տեսնել՝ որ մեկն է ամենաշատ ի նպաստ Հայաստանի և ընկերության, այդ ուսումնասիրությունները դեռ չվերջացան, բայց հավանական է, որ այս տարի պիտի կարողանանք ընել»:

 

Հանուն Հայաստանի՞, թե՞ սեփական բիզնեսի բարգավաճման. Ո՞րն է Հայաստանում գործունեություն ծավալելու գլխավոր դրդապատճառը: Մեկը մյուսին չի խանգարում, հավաստիացնում է գործարարը, հնարավորություն ուներ նաև Լիբանանում կամ մեկ այլ երկրում ծավալել բիզնեսը, բայց նախընտրեց հայրենիքը, որը նաև երիտասարդ երկիր է ու գործունեության լայն դաշտ ունի:

 

Նոր երկիրը շատ ավելի լավ հնարավորություններ կուդա, բացի ադ մեր երկիրն է, ավելի մեծ ազգին օգուտ կուդանք

 

«Ներկայիս շատ կարևոր է, որ որևէ մեկ հայ, որ եթե կարողություն ունի ներդրում ընել Հայաստանի մեջ, պարտականություն ունի, որ ընե այդ ներդրումը, որ օգտակար դառնա Հայաստանին, բայց ներկայիս Հայաստանը նոր սկսող երկիր է, նոր զարգացող շուկա է, 25 կյանք ունի, նոր երկիրը շատ ավելի լավ հնարավորություններ կուդա, բացի ադ մեր երկիրն է, ավելի մեծ ազգին օգուտ կուդանք»,-վստահ է շինարարական ընկերության ղեկավարը:

 

Եթե մենք ասենք՝ օկ, ժողովուրդը կերթա, երկիրը կդատարկվի, ուրեմն ի՞նչ իմաստ կա ներդրում ընելու Հայաստանի մեջ, այն ադեն մենք մեր հայի պարտականությունն ըրած չենք ըլլա

 

Նրա նպատակն է աշխատատեղերի ապահովումը, իսկ արտագաղթը պատճառ չէ, որպեսզի հետ կանգնի իր ձեռնարկից, ընդհակառակը սրանով փորձելու է մասամբ կանխել այն, նշում է. «Եթե մենք ասենք՝ օկ, ժողովուրդը կերթա, երկիրը կդատարկվի, ուրեմն ի՞նչ իմաստ կա ներդրում ընելու Հայաստանի մեջ, այն ադեն մենք մեր հայի պարտականությունն ըրած չենք ըլլա, ընդհակառակը մենք շատ լավ կհասկնանք, որ ներկայիս տնտեսական պայմաններու պատճառով հայ ժողովուրդը երկիրը կձգե, կերթա, ես գիտեմ, որ իրենք չեն կրնա բավական դրամ շահել, որ իրենց կյանքը դասավորեն, այդ պատճառը վերացնելու միջոցը կառավարության կողմեն ժողովրդի կենսամակարդակը բարձրացնելն է»,-համոզված է տորոնտոբնակ հայը:

 

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՔԱՅԼԵՐ

Ինչ վերաբերում է այլ խոչընդոտներին, ինչպիսին օրինակ երկրի՝ պատերազմական դրության մեջ գտնվելու հանգամանքն է, կարող է խանգարել օտարերկրացուն, բայց ոչ սփյուռքահային, վստահեցնում է գործարարը: Իսկ այլոց ներգրավվելու համար հարկավոր են կոնկրետ քայլեր ձեռնարկել, օրինակ է բերում.

 

«Այսօր կառավարության կողմից պետք է քաղաքականություն ըլլա ինվեստ ընողների համար, որ ով որ գուկա Հայաստանի մեջ, մենք իրմե տուգանք պիտի չառնենք, այսպիսի բան մը, որ կարողանան գրավել օտար ընկերությունները, մանավանդ որ Հայաստանում հող գնելու, գործարան գնելու դյուրությունները շատ ավելի շատ են, ավելի մատչելի են, կարելի է դյուրությամբ գործարաններ սարքել, պատճառ չգա, որ չգան»:

 

Ներդրում անելուց առաջ արդարությունն ու սեփական իրավունքների պաշտպանության հնարավորություն ունենալը գլխավոր մտահոգություններն են

 

Պատճառ կարող է լինել անարդարությունն ու իրավունքների ոտնահարումը. Խնդիրներ, որոնք պետք է վերացնել, համոզված է գործարար Լապոյանը, ում համար ներդրում անելուց առաջ արդարությունն ու սեփական իրավունքների պաշտպանության հնարավորություն ունենալը գլխավոր մտահոգություններն են: