Home / Canadahye  / Եկեղեցին միայնակ շատ բան չի կարող անել, եթե հայ ընտանիքը ամբողջապես գործակից չէ. Ամենահայախոս Լավալի համայնքը միավորող Սուրբ խաչ եկեղեցին

Եկեղեցին միայնակ շատ բան չի կարող անել, եթե հայ ընտանիքը ամբողջապես գործակից չէ. Ամենահայախոս Լավալի համայնքը միավորող Սուրբ խաչ եկեղեցին

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Լավալ (Նորանոր) _ Լավալը՝ որպես քաղաք, «Մեծն Մոնրեալի» մաս է կազմում, հետևաբար այն չպետք է տարանջատել Մոնրեալից, շեշտում է Լավալի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Կոմիտաս քահանա Միրզախանյանը: Այս առանձնահատկությամբ են պայմանավորված 10-12 հզր-ոց հայ համայնք ունեցող քաղաքի մյուս կարևոր հատկությունները՝ համայնքի հայախոս լինելն ու եկեղեցու հետ ամուր կապ ունենալը:

 

Լավալահայ համայնքը եկեղեցասեր, հավատքով ու ազգային նկարագրով ապրող համայնք է

 

«Շնորհիվ իր եկեղեցիների, ամենօրյա հայկական վարժարանների, մշակութային կենտրոնների և կառույցների տարած աշխատանքների՝ մեր ժողովուրդն ապրում է համայնքային աշխույժ կյանքով: Կարող եմ ասել, որ Լավալը Կանադայում ամենախիտ բնակեցված հայկական համայնքն ունի: Հիմնականում հաստատված են Շոմեդի եւ Սեն-Դորոթե շրջաններում: Լավալահայ համայնքը եկեղեցասեր, հավատքով ու ազգային նկարագրով ապրող համայնք է»,-վստահեցում է Տեր Կոմիտասը:

 

Հոգևորականը համայնքը շատ լավ է ճանաչում, դեռ Կանադայում ծառայության անցնելուց առաջ է առիթ ունեցել որոշ ժամանակով ապրել Մոնրեալում, իսկ 2004թ-ից մինչ օրս Լավալի Սուրբ խաչ Հայաստանյայց եկեղեցու հոգևոր հովիվն է: Պատահական չէ, որ բազմակրոն ու բազմամշակութային հասարակության մեջ հայ համայնքը չի շեղվել իրական հավատքի ճանապարհից՝ հավատարիմ մնալով Մայր եկեղեցուն:

 

Եկեղեցին միայնակ շատ բան չի կարող անել, եթե հայ ընտանիքը ամբողջապես գործակից չէ 

 

«Հայրենիքից հեռու՝ Սփյուռքի մեջ, եկեղեցին է այն ապահով բերդը, որն իր հովանու ներքո է համախմբում մեր ժողովրդի զավակներին անխտիր: Եկեղեցին միայնակ շատ բան չի կարող անել, եթե հայ ընտանիքը ամբողջապես գործակից չէ իր զավակների առջև ծառացած մարտահրավերները միասնաբար դիմակայելու աշխատանքին»- Noranor.ca-ին ասում է համայնքի հոգևորականը:

 

Տեր Կոմիտասը դեռ 2000թ-ից է ծառայության կոչվել կանադահայոց թեմում՝ նախ ծառայելով տորոնտոյի Սբ Երրորդություն Հայց եկեղեցում՝ որպես հոգևոր հովվի օգնական, ապա Միսիսոկայի Սուրբ Վարդան Հայց Առաք. Եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ:

 

ԶԵՐԾ ՉԷ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՑ

Անկախ Տեր Կոմիտասի ներկայացրած առավելություններից, Լավալի հայ համայնքը ևս զերծ չի մնում այն մարտահրավերներից, որոնք բնորոշ են Սփյուռքին: Կանադայում մինչև չորրորդ սերունդ արմատներ ձգած հայ ժողովուրդը դժվարությամբ է դիմակայում մարտահրավերներին:

 

Որպես Եկեղեցի՝ մեզ համար այսօր մեծագույն մարտահրավեր է խառնամուսնությունների պարագան

 

«Որպես Եկեղեցի՝ մեզ համար այսօր մեծագույն մարտահրավեր է խառնամուսնությունների պարագան, մեր երիտասարդներին եկեղեցու եւ համայնքային կյանքի մեջ ավելի նոսր տեսնելը: Թեև մոնթրեալահայությունը ավելի հայախոս համայնք է, սակայն նոր սերունդի մոտ նկատելի է մայրենի լեզվից հեռացում: Մեր նպատակն է հատկապես երիտասարդներին ներգրավելու եկեղեցու եւ համայքի կյանքից ներս, ովքեր իրենց գիտությամբ ու փորձառությամբ նաև մեծ օգտակարություն կարող են բերել համայնքին»,-առանձնացնում է Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվը:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱԽՄԲՄԱՆ ՔԱՅԼԵՐԸ

Այս ամենը փոքր-ինչ հնարավոր է լինում կանխել այն միջոցառումներով ու ձեռնարկներով, որոնք պարբերաբար իրականացնում են եկեղեցին կամ հայկական կազմակերպությունները: Եկեղեցին նախաձեռնում է տարբեր մշակութային միջոցառումներ, դասախոսություններ, Ս. Գրքի սերտողություն, Ս. Խորանին ծառայող պատանի դպիրների և սարկավագների պատրաստության ծրագիր, ամառային ճամբար՝ 4-ից 12 տարեկան երեխաների համար և այլն:

 

Տարբեր թիրախային խմբերին ուղղված այս միջոցառումների շարքում  առանձնանում են տարեցներին ու հիվանդների խնամքի ու ժամանցի կազմակերպմանն ուղղված ծրագրերը, ոչ պակաս կարևոր է երիտասարդ ընտանիքներին եկեղեցական կյանքում ներգրավվելու քայլերը:

 

Այս բոլորը արվում է մեկ նպատակի համար՝ հայապահպանում, մեր երիտասարդներին ազգային գիտակցությամբ դաստիարակել, մեր լեզուն, մեր հավատքն ու մշակույթը պահպանել և փոխանցել

 

«Սբ. Խաչ Եկեղեցին մաս է կազմում նաեւ Միջհարանվանական եւ Քեբեկի Հայ Միացյալ հանձնախումբերին, ինչպես նաև «Հայաստան Համահայկական Հիմնադրամ»-ի Մոնթրեալի մասնաճյուղին, որոնց կազմակերպությամբ տեղի են ունենում ավելի մեծ տարողությամբ ձեռնարկներ, ինչպիսիք են օրինակ՝ Ապրիլ 24-ի միջոցառումները, Ցեղասպանության կանխարգելման տարեկան քայլարշավը, Հայաստանի Անկախության տոնախմբությունը և այլ համագաղութային միջոցառումներ և Հիմնադրամի ծրագրերին նպաստող ձեռնարկներ: Եւ այս բոլորը արվում է մեկ նպատակի համար՝ հայապահպանում, մեր երիտասարդներին ազգային գիտակցությամբ դաստիարակել, մեր լեզուն, մեր հավատքն ու մշակույթը պահպանել և փոխանցել»,-համոզմունք է հայտնում լավալահայ հոգևորականը:

 

Որպես եկեղեցու շուրջ համայնքի համախմբվածության օրինակներ՝ Տեր Կոմիտաս Միրզախանյանը թվարկում է վերջին երկու-երեք տարիների ընթացքում լավալահայության մասնակցությունը կարևոր համահայկական իրադարձություններին:

 

Սիրիահայության ներգաղթը Մոնթրեալ, երբ ողջ համայնքը իր օժանդակության ձեռքը երկարեց սուրիահայ մեր քույրերին ու եղբայրներին

 

«Ոչ հեռու անցյալից հիշում եմ Հայոց Ցեղասպանութեան 100-ամյակը, երբ հազարավոր հայորդիներ իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին Կանադայի Խորհրդարանի, ինչպես նաև Օտտավայում թրքական դեսպանատան առջև: Սիրիահայության ներգաղթը Մոնթրեալ, երբ ողջ համայնքը իր օժանդակության ձեռքը երկարեց սուրիահայ մեր քույրերին ու եղբայրներին: Կարելի է հիշել նաև Արցախի ապրիլեան պատերազմը , երբ դարձեալ համայնքը իր հնարավորությունների չափով քաջալերեց ու օժանդակեց հայ զինվորին»,-թվարկում է նա:

 

Հոգևորականը ցավ է ապրում, երբ խոսում է եկեղեցուց հեռացածների մասին, ցավոք նրանց թիվը ավելանում է, սակայն իրենց հավատը դրանից չի պակասում

 

Հոգևորականը ցավ է ապրում, երբ խոսում է եկեղեցուց հեռացածների մասին, ցավոք նրանց թիվը ավելանում է, սակայն իրենց հավատը դրանից չի պակասում, բոլոր գաղթօջախներում է նույն իրավիճակը, իսկ եկեղեցու առաքելությունը նրանց փնտրելն ու հոտին վերադարձնելն է, համոզված է Տեր Կոմիտասը: