Home / Canadahye  / Հայ դատի հանձնախումբը կոչ է անում Կանադայի կառավարությանը պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին

Հայ դատի հանձնախումբը կոչ է անում Կանադայի կառավարությանը պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին

 

Օտտավա (Նորանոր)— Ադրբեջանի կողմից Նախիջևանում հայկական գերեզմանոցի ոչնչացման 12-րդ տարելիցին ընդառաջ՝ Կանադայի Հայ դատի հանձնախումբը կոչ է անում Կանադայի կառավարությանը պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին հայկական պատմական, մշակութային և կրոնական հուշարձանների ոչնչացման համար: Այս մասին ասվում է Կանադայի Հայ դատի հանձնախմբի հայտարարությունում:

 

Հայտարարության մեջ հիշեցվում է, որ 2005թ. դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի իշխանությունները սկսել են այժմ Ադրբեջանի տարածքում գտնվող հին հայկական Ջուղա քաղաքի  գերեզմանատան վերջնական ոչնչացումը, ինչի հետեւանքով ադրբեջանցիների կողմից ոչնչացվել է 10 հազար խաչքար:

 

Կանադայի Հայ դատի հանձնախումբը հիշեցրել է նաեւ, որ հայկական խաչքարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:

 

Չնայած հստակ ապացույցներին եւ միջազգային մարմինների կողմից դատապարտմանը՝ ադրբեջանական իշխանությունները շարունակում են հերքել այդ հանցագործությունը, մինչդեռ դեռեւս նպաստում են երկրի բոլոր հայկական կրոնական եւ մշակութային վայրերի ոչնչացմանը:

 

Կանադայի Հայ դատի հանձնախումբը Կանադայի կառավարությանը կոչ է անում ճնշում գործադրել Ադրբեջանի իշխանությունների վրա` վերջ դնելու նրանց կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությանը: