Home / Canadahye  / Կանադահայ մանուկները հովանավոր հայ կարիքավոր ու ծնողազուրկ երեխաների համար. Հայաստանի երեխաների հիմնադրամի 29 տարիների աշխատանքը

Կանադահայ մանուկները հովանավոր հայ կարիքավոր ու ծնողազուրկ երեխաների համար. Հայաստանի երեխաների հիմնադրամի 29 տարիների աշխատանքը

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Մոնրեալ (Նորանոր) _Ամենամյա ամանորյա տոնահանդեսը Մոնրեալի փոքրիկների համար այս տարի դեկտեմբերի 3-ին էր: Հայ առաքելական եկեղեցու հովանու ներքո գործող Հայաստանի երեխաների հիմնադրամի այս տարվա հանգանակությունը ևս ուղեկցվել է տոնական միջոցառումով:

 

1988թ-ին ձևավորված հիմնադրամը, որի նպատակն էր օգնություն ցուցաբերել Սպիտակի երկրաշարժի հետևանքով ծնողազուրկ մնացած երեխաներին, 29 տարի՝ տարեկան 3-4 անգամ ֆինանսական օգնություն է ուղարկում հայրենիք: Եթե սկզբնական շրջանում այն ուղարկվում էր որբ երեխաներին, ապա տարիների ընթացքում ուղղությունը փոխեց: Հիմա օժանդակության հասցերատերերը սահմանամերձ գյուղերի կարիքավոր ընտանիքներն են:

 

Mrs MargritՄարգարիտա Ղազարյանը, ով ի սկզբանե հիմնադրամի կազմում էր, իսկ 10 տարուց ավելի է՝ատենապետն է, պատմում է, որ եղել են տարիներ, երբ նվիրաբերվող գումարը հասել է 70-80 հզր կանադական դոլարի: Անհատ բարերաներ կան, ովքեր հիմնադրամի միջոցով, բայց անձամբ ցանկանում են հովանավոր կանգնել երեխաներին: Նման անձանցից մեկը երկար տարիներ երկրաշարժից հետո օգնել է որդեգիր երեխաներին:

 

Կապը պահպանվեց, մինչև մեծցան, սկսավ ծրագիրը փոխել

 

«Խնամակալը ամեն տարի այն որբերին կհրավիրեր, դրամ կու տար, ինքը որդեգրած էր ձևով մը, հագուստ կուղարկեր, օգնություն, մինչև անգամ այցելություններ այնտեղեն այստեղ, այնպես որ կապը պահպանվեց, մինչև մեծցան, սկսավ ծրագիրը փոխել, որովհետև տեսան, որ մեծ են իրենք, ընտանիքներ ունին և օգնության կարիքը չեն զգար»

 

4 ԴՈԼԱՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

Այժմ էլ կանադահայ ընտանիքները, ոչ միայն Մոնրեալում, այլև Վանկուվերում ու Տորոնտոյում ոգևորությամբ են մասնակցում հանգանակություններին: Տիկին Մարգարիտը հատկապես հուզմունքով է խոսում վերջին միջոցառման ժամանակ տեղի ունեցած մի նվիրատվության մասին:

 

Շատ ազդվեցա երեխայի այդ քայլից, որ իր 4 դոլարը տվավ, բան մը չէր, բայց ինձ համար մեծ բան էր

 

CFFA

«Այս տարի երեխա մը եկավ, 4 դոլար դրավ, ըսավ՝ ասի իմ օգնությունս է, շատ ազդվեցա երեխայի այդ քայլից, որ իր 4 դոլարը տվավ, բան մը չէր, բայց ինձ համար մեծ բան էր: Վանկուվերում դպրոցներ կան, որ երեխաներն իրենք սպոնսեր են Հայաստանի երեխաներին, կրնա՞ք հավատալ»,-հիացմունքով է խոսում երեխաների տրամադրվածության մասին տիկին Մարգարիտը:

 

Երեխաներն իրենց գրպանի դրամեն հավաքում են, երրորդ տարին է, որ հանձնում են մեզի

 

Հետաքրքիրն այն է, որ սա ոչ թե ընտանիքների կամ մանկավարժական կազմի նախաձեռնությամբ է լինում, այլ հենց երեխաների: «Ընտանիքները զատ իրենց ներդրումը անում են, երեխաներն իրենց գրպանի դրամեն հավաքում են, երրորդ տարին է, որ հանձնում են մեզի»,-հավատացնում է երեխաների միջև միջնորդ կառույցի պատասխանատուն:

 

Սկսած 80-ականներից, երբ Իրանից տեղափոխվել է Կանադա, փորձել է իր ներդրումն ունենալ տարբեր կազմակերպություններում՝ եկեղեցում, միություններում, զբաղվել է տարբեր հարցերով՝ նյութական, ֆինանսական օգնություն, միգրացիոն խնդիրների լուծում և այլն: Եղել է Պարսկահայ միության անդամ, ապա հայ առաքելական եկեղեցու առաջնորդարանի խորհրդի կազմի անդամ, իսկ այնուհետև միացել Հայաստանի երեխաների հիմնադրամին:

 

ԱՅԼ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

Հիմա արդեն այլ ուղղությամբ են աշխատանք տանելու, մինչ այս Վայոց ձորի երեք սահմանամերձ գյուղերին էին ուղղում օժանդակությունը, հաջորդ տարվանից այլ գյուղեր կընտրեն, որպեսզի տարբեր ընտանիքներ կարողանան օգտվել: Իսկ տրամադրված օգնությունը հիմնականում գումարի տեսքով է:

 

«Նվեր չենք ուղարկում, օրինակ, մեկը բացած էր որբանոց, երբ որ հովանավորը տեսավ՝ սեղան-աթոռ չունեն, կաթսաների պակաս ունին, որբանոցը առավ, լցրավ: Հույս ունեմ, որ մինչև հիմա մնացել են»,-պատմում է Հայաստանի երեխաների հիմնադրամի ատենապետը:

 

 Անոնք, որ Երևան չէին տեսած, կյանքերու մեջ օդանավ չէին նստած, օդանավները նստան, գյուղերից գնացին Երևան

 

Առանձնացնում է մի կարևոր նախաձեռնություն ևս, պատմում է. «Այս տարի երեխաներին ուղարկեցինք ամառանոց, 15 օր երեխաները ամառանոցում անցկացրին: Անոնք, որ Երևան չէին տեսած, կյանքերու մեջ օդանավ չէին նստած, օդանավները նստան, գյուղերից գնացին Երևան»,-նկարագրում է նախկին իրանահայը:

 

Zvart TakvoryanՏԻԿՆԱՆՑ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲԸ

Հայ առաքելական եկեղեցու ներքո գործող մյուս կառույցի՝ Տիկնանց կենտրոնական վարչության առաքելությունը եկեղեցուն օժանդակելն է, տարեկան տոնավաճառներ են կազմակերպում, ճաշկերույթներ, որոնց ընթացքում հանգանակված միջոցներն ուղղվում են եկեղեցուն:

 

Հանձնախմբի ատենապետ Զվարթ Թագվորյանը պատմում է, որ փորձում են հնարավորինս օգտակար լինել հայ եկեղեցուն, որը օտար ափերում հայ ժողովրդի հավատի երաշխավորն է: Այսքանով չեն սահմանափակվում, նաև այցելում են ծերանոցներ ու հիվանդանոցներ: Ծերանոցների դեպքում կարևորում է հայ բնակիչներին օգնելը:

 

Մեր ծերերը ընդհանրապես լեզվի հարց կունենան, կջանանք անոնց օգտակար ըլլալ

 

«Մեր միակ նպատակը ծերերը ուրախացնել, հիվանդներուն օգտակար ըլլալն է, ես աշխատած եմ օտար համայնքի հետ ալ՝ հիվանդանոցները օգտակար եղած եմ, նորածին պստիկներուն խնամք կու տայի: Իսկ մեր ծերերը ընդհանրապես լեզվի հարց կունենան, կջանանք անոնց օգտակար ըլլալ, ծերանոցներու մեջ եղողները, այո, կրնան ընտանիքներն ունենալ, սակայն անընդհատ հո չեն կրնար այցելել, ամեն անգամ, որ կայցելենք, կուրախանա»,-պատմում է Զվարթ Թագվորյանը:

 

Լեզվական խնդիրներ Կանադա գաղթած միջին և երիտասարդ սերունդը չունի, սակայն տարեցները կրթություն չեն ստացել, հետևաբար դժվարություններ ունեն այս հարցում:

 

«Իմ տարիքիս մարդոց զավակներն ամենն ալ ուսում առած են, մեր ժամանակին եկողները, մենք ալ ուսում առած ենք, սակայն մեր ծնողները, ուրիշ երկրներեն եկած ըլլալով, լեզվի դժվարություններ կունենան, զորօրինակ Թուրքիայեն եկողները՝ թուրքահայերը, լեզվի հարց ունեն»,-նշում է Տիկնանց հանձնախմբի ատենապետը:

 

Ինքը ևս Թուրքիայից տեղափոխվածներից է, ով ուրախ է, որ այսօր ապրում են կանադայում և վերադառնալու մասին երբևէ չեն մտածել: