Home / Canadahye  / Նոր դեսպան, նոր ակնկալիքներ ու անցնող տարվա ձեռքբերումներ. Կանադահայերի 2017թ-ը՝ ըստ ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Րաֆֆի Տոնապետյանի

Նոր դեսպան, նոր ակնկալիքներ ու անցնող տարվա ձեռքբերումներ. Կանադահայերի 2017թ-ը՝ ըստ ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Րաֆֆի Տոնապետյանի

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Մոնրեալ (Նորանոր) _ 2017թ-ին կանադահայ համայնքի համար հիշատակելի իրադարձություններ էին Կանադայի 150-ամյակը, որին ակտիվ մասնակցություն ունեցավ հայ համայնքը, Կանադայում ՀՀ դեսպանի փոփոխությունը, կանադացի պատգամավորների այցը Հայաստան, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք համաժողովը: Թերևս ուշադրության արժանի է մեկ բացասական գործարք, որն առնչվում է հայ-կանադական հարաբերություններին. Կանադական ընկերության կողմից Ադրբեջանին զինամթերք վաճառելու հանգամանքը:

 

Կանադահայ համայնքում իր նկատելի դերակատարումն ունեցող Հայ Դատի հանձնախումբն անմասն չի մնում այս զարգացումներին: Թե ի՞նչ էական ազդեցություն ունեն այս ամենը Հայոց Ցեղասպանության կամ Արցախյան հիմնահարցի լուծման, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հետագա զարգացումների վրա, այս մասին Noranor.ca-ը զրուցել է ՀՅԴ Կանադայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Րաֆֆի Տոնապետյանի հետ:

 

Հայ Դատի աշխատանքներից նա առանձնացնում է մի քանիսը, կարևորում է հատկապես կանադացի պատգամավորների այցը Հայաստան, որն իրականություն դարձավ նաև շնորհիվ   One Free World International միջազգային կազմակերպության:

 

Թոնի Քլեմենթը Արցախի գծով, մանավանդ ինչ կվերաբերի մարդկային իրավանց հարցով հայտարարությամբ դուրս եկավ Օտտավայի խորհրդարանեն ներս

 

«Շատ հաջող միջոցառում մըն էր, Հայաստանի մեջ առիթ ունեցան հանդիպելու զանազան քաղաքական դեմքերու, վարչապետի հետ, Արցախի նախագահին հետ և վերադարձին զեկուցում ներկայացուցած են Տորոնտոյի մեջ, մոտ ապագային Մոնրեալի մեջ պիտի ներկայացնեն, և Թոնի Քլեմենթը Արցախի գծով, մանավանդ ինչ կվերաբերի մարդկային իրավանց հարցով հայտարարությամբ դուրս եկավ Օտտավայի խորհրդարանեն ներս: Դա կարևոր աշխատանք էր»,-նշում է Տոնապետյանը:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ ԿԱՆԱԴԱՅՈՒՄ

Նա առանձնացնում է նաև Կանադա-Հայաստան բարեկամական խմբի վերակազմավորումը, երբ հանգամանքների բերումով ստիպված եղան նոր նախագահ ընտրել: Իսկ առավել ընդգրկուն էր կանադայի 150-ամյակի շրջանակներում Հայ Դատի հանձնախմբի կողմից մոտ 10 օր առաջ անցկացված գիտաժողովը այլ համայնքների ներկայացուցիչների հետ: Ներկա և համացանցային մասնակիցների թիվը հասել էր մոտ 400-ի:

 

Տարիներու ընթացքին կրցած են մասնակցիլ կանադական կյանքին և հարստացուցած են կանադական մշակույթը, քաղաքական ու տնտեսական կյանքը

 

«Հիմնական նպատակը բացահայտելն էր, թե ինչպես եղեռն ապրած ժողովուրդներու այն հատվածը, որ ապրած են այս ափերում, տարիներու ընթացքին կրցած են մասնակցիլ կանադական կյանքին և հարստացուցած են կանադական մշակույթը, քաղաքական ու տնտեսական կյանքը: Շատ հաջող արդյունք տվավ, մեր բոլոր գործընկերները մյուս համայնքներեն հպարտ էին»,-ներկայացնում է ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչը:

 

Անկախ այն կարևոր փաստից, որ Կանադան ամենաբարձր մակարդակով ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը, Հայ Դատի հանձնախմբի աշխատանքն այս ուղղությամբ կանադական իշխանությունների հետ կանգ չի առնում, փորձում են նաև ուշադրության կենտրոնում պահել Արցախի հարցը, որպեսզի Կանադան լինի Ադրբեջանի կողմից հարձակողական քաղաքականությունը մերժող ու դատապարտող երկրներից մեկը:

 

ԸՆԴՈՒՆԵԼԻ ՉԳՏԱՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Իսկ այն, որ Կանադական ընկերությունը հայկական կողմի համար անբարենպաստ բիզնես-գործարք իրականացրեց Ադրբեջանի հետ, Հայ Դատի հանձնախումբը չընդունեց ոչ միայն հենց փաստը, այլև այն արդարացնելու կառավարության հայտարարությունները, վստահեցնում է ՀՅԴ ներկայացուցիչը՝ նշելով.

 

Ճիշտ չենք գտնա, որ Կանադան այդպիսի զինտեխնիկա վաճառե երկրներու, որոնք կենսական, մադկային իրավանց հարցերու հանդեպ հարգանքի պակաս ունի, Ադրբեջանը այդ երկրներեն մեկն է

 

«Ադիկա մենք դատապարտելի գտանք և չընդունեցինք մեզի տված բացատրությունները, որպես թե պաշտպանության ոլորտի հետ կապ չունի, ոստիկանական ոլորտի հետ առնչվող հարց է: Ինչ որ կանադական կառավարությունը տվավ, մենք չբավարարվեցանք և տակավին կշարունակենք մեր բողոքները, որովհետև ճիշտ չենք գտնա, որ Կանադան այդպիսի զինտեխնիկա վաճառե երկրներու, որոնք կենսական մադկային իրավանց հարցերու հանդեպ հարգանքի պակաս ունի, Ադրբեջանը այդ երկրներեն մեկն է, ադիկա կդատապարտենք, որ ավելի ծավալ չառնե»:  Նա վստահ չէ, որ շարունակություն չի ունենա, սակայն իրենց աշխատանքը հենց ուղղված է լինելու նման գործարքների կանխմանը:

 

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԳԱՂԹՅԱԼՆԵՐԻՆ

Կանադան շարունակում է ներգաղթի քաղաքականությունը, սիրիահայերի հարցում՝ թեև ոչ նույն ծավալներով: Ինչպես Միջին Արևելքից, այնպես էլ Հայաստանից շարունակում են քաղաքացիներ տեղափոխվել Կանադա: Տոնապետյանը վստահեցնում է, որ չեն քաջալերում հայերի արտագաղթը, բայց մյուս կողմից կանադահայ գաղութը չի կարող անտարբեր լինել արդեն իսկ մեկնած հայերի նկատմամբ, հետևաբար աջակցում են նրանց:

 

Ամեն ինչ կընենք, որ ժողովուրդը հոն կառչած մնա իր հողին: Ադ ըսելով հանդերձ, երբ ընտանիքները հոս հասնին, չենք ալ անտեսե

 

«Կհամարենք, որ մեր ազգային շահերին չի համապատասխանե Միջին Արևելքի դատարկումը կամ Հայաստանի արտագաղթը, ամեն ինչ կընենք, որ ժողովուրդը հոն կառչած մնա իր հողին: Ադ ըսելով հանդերձ, երբ ընտանիքները հոս հասնին, չենք ալ անտեսե: Դա վերջիվերջո իրենց որոշումն է, և եթե օժանդակության պետք ունին, բոլոր ձևերով կօժանդակենք, ասի հատկապես իրականություն է սիրիահայերու պարագային»,-ասում է Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչը:

ՆՈՐ ԴԵՍՊԱՆ, ՆՈՐ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ

Համայնքում կարևոր փոփոխություն էր Կանադայում Հայաստանի նոր դեսպանի նշանակումը: Արմեն Եգանյան, ով բավական հաջող գործունեություն էր ծավալել, փոխարինեց Լևոն Մարտիրոսյանը: Կհաջողվի՞ նրան ևս նույն հաջողությամբ զարգացնել հայ-կանադական հարաբերությունները, նպաստել կանադահայ համայնքի զարգացմանը, և ի վերջո, ի՞նչ ակնկալիքներ ունեն նոր դեսպանից: Տոնապետյանը նշում է.

 

Նկատի առնելով, որ 2018թ-ին ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը պիտի տեղի ունենա Երևանին մեջ, պարոն Եգանյանի հետ կաշխատինք

 

«Պարոն Արմեն Եգանյանը բավականին լավ գործ տարավ, հաջող արդյունքներ ձեռք բերավ, իսկ մեր աշխատանքն իր հետ կշարունակվի՝ որպես պրոտոկոլի պատասխանատու, և նկատի առնելով, որ 2018թ-ին ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը պիտի տեղի ունենա Երևանին մեջ, պարոն Եգանյանի հետ կաշխատինք: Նոր դեսպանը՝ պարոն Մարտիրոսյանը, արդեն մի քանի ամիս է՝ գործին վրա է, ՀՀ անկախության տարեդարձին եղավ զանազան գաղութներ, ծանոթացավ պատասխանատուներուն, իսկ ադոր հաջորդեց ՊՆ այցը Վանկուվեր և Մոնրեալ, դեսպանը ընդունեց, գաղութը կրկին աշխատեց դեսպանատան հետ, որպեսզի բարվոք ձևով ընդունենք շքախումբը թե Վանկուվեր, թե Մոնրեալ»:

 

Սրանք որպես օրինակներ է ներկայացնում նոր դեսպանի աշխատանքի վերաբերյալ, իսկ Արմեն Եգանյանը, հիշեցնենք, որ Կանադայում Հայաստանի դեսպանի պաշտոնը թողնելուց հետո նշանակվել է ՀՀ ԱԳՆ «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետ:

 

ՊԱՇՏՈՆԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՅՑ

Վիգեն Սարգսյանի այցը Կանադա հատկապես կարևոր նշանկություն ստացավ՝ շատերի մոտ կարծիք ձևավորելով, թե նա է լինելու Հայաստանում հաջորդ ղեկավարը: Րաֆֆի Տոնապետյանը որևէ մեկնաբանություն տալ այս առնչությամբ  չի ցանկանում՝ շեշտելով, որ լինելով ՀՅԴ անդամ, տեղյակ չէ ՀՀԿ ծրագրերից, ինչ վերաբերում է ՀՀ Պաշտպանության նախարարի այցին, իրենք դրանում քաղաքական նպատակներ տեսնել չեն փորձում:

 

Չքաղաքականուցինք հարցը, ժողովուրդը առիթ ունեցավ նախարարին լսելու, զեկույցները շատ դրական էին, ներկաները՝ տպավորված

 

«Մենք Սփյուռքի մեջ, մանավանդ Կանադայի մեջ մեծ հարգանք ունինք բանակի հանդեպ, ՀՀ և Արցախի բանակը ազգային արժեք է, և պետք է ամբողջ հայությունը աջակցե բանակին, զինվորներուն, որոնք սահմանին վրա են, մենք այդ ձևով ընկալեցինք, չքաղաքականուցինք հարցը, ժողովուրդի հետաքրքրությունը մեծ էր, ժողովուրդը առիթ ունեցավ նախարարին լսելու, զեկույցները շատ դրական էին, ներկաները՝ տպավորված»,-պատմում է մեր զրուցակիցը՝ վստահեցնելով, որ հպարտացել են, երբ լսել են հայոց բանակի կատարելագործված լինելու ու այդ ուղղությամբ նախատեսված ապագա ծրագրերի մասին:

 

Վերջում, գնահատելով Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը, որին անձամբ մասնակցել է, վստահեցնում է, որ դրական միտումներ է տեսել, Կանադան ակտիվորեն մասնակցել է: Հաշվի առնելով հայ ժողովրդի առջւև ծառացած կարևոր մարտահրավերները՝ կարծում է, որ պետք է միասնականություն դրսևորեն բոլորը: Դա նկատելի կդառնա նաև 2018թ-ին, երբ Հայաստանի Առաջին Հանրապետության 100 և Երևան քաղաքի 2800-ամյակների կապակցությամբ ոչ միայն Կանադայում միջոցառումներ կանցկացնեն, այլև կփորձեն մասնակցություն ունենալ հայաստանյան միջոցառումներին: