Home / Canadahye  / ՀԲԸՄ դերը Սփյուռքում՝ երեկ և այսօր. Չենք թուլացած. կանգուն ենք. Տորոնտոյի մասնաճյուղի տնօրեն Սալբի Տեր-Ղազարյան

ՀԲԸՄ դերը Սփյուռքում՝ երեկ և այսօր. Չենք թուլացած. կանգուն ենք. Տորոնտոյի մասնաճյուղի տնօրեն Սալբի Տեր-Ղազարյան

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Տորոնտո (Նորանոր) _ ՀԲԸՄ Տորոնտոյի մասնաճյուղի ամենապահանջված մասը մարզասրահն է՝ մեծ, հարմարավետ, գեղեցիկ, որտեղ ամբողջ տարին հաճախում են 8-60 տարեկան տորոնտոհայերը, մարզվում, ֆուտբոլ ու բասկետբոլ խաղում, իսկ կամավոր մարզիչները պատրաստակամ են իրենց գիտելիքները փոխանցել: Միայն մարզումներով չեն բավարարվում, երբեմն նաև մրցումների մասնակցելու առիթներ են լինում:

 

Մասնաճյուղի 30 տարիների տնօրեն Սալբի Տեր-Ղազարյանը հպարտությամբ է խոսում միության այս ուղղության մասին, որը կանադահայերին համախմբելու լավագույն միջոցն է:

 

«Մարզիչները բոլորը կամավոր են ու շատ լավ աշխատանք կտանին: Մեր աշխատանքները քով քովի բերելու ամենահաջող միջոցը բասկետբոլն է, մենք ալ ադոր ուժ կու տանք, որ հայ երիտասարդությունը քով քովի գա, և երիտասարդները տարվա մեջ մի քանի մրցումներու կերթան տարբեր մասնաճյուղերու, տարբեր երկրների տղոց հետ»,- Noranor.ca-ի հետ զրուցում պատմում է Սալբի Տեր-Ղազարյանը:

 

Ավելի քան 110 տարվա պատմություն ունեցող ՀԲԸՄ տարիներ շարունակ Սփյուռքում փորձել է ապահովել հայ ժողովրդի հոգևոր և մշակութային զարգացումը, նպաստել ու աջակցել է հայ ժողովրդին՝ նյութական ու ֆինանսական աջակցություն ցուցաբերելով հայրենակիցներին: Արդյո՞ք վերջին շրջանում փոխվել է համահայկական այս կառույցի դերը, զիջե՞լ է դիրքերը, թե՞ շարունակում է նույն առաքելությունը:

 

Տորոնտոյի մասնաճյուղի տնօրենը չի թաքցնում խնդիրները, ամփոփելով անցնող տարվա ընթացքում կատարած աշխատանքները՝ հետադարձ հայացք է գցում նաև իր աշխատանքի 30 տարիներին և հաստատում, որ իրենց աշխատանքի ծավալները փոխվել են, համեմատաբար նվազել, բայց, ըստ նրա, սա չի նշանակում, որ Բարեգործականի դիրքերը թուլացել են:

 

ՆՈՒՅՆ ԾՐԱԳՐԵՐԸ՝ ՏԱՐԲԵՐ ԾԱՎԱԼՆԵՐՈՎ

Անցնող տարում էլ իրականացրել են բոլոր այն մշակութային, մարզական, կրթական ու բարեգործական ծրագրերը, որոնք ամեն տարի են կատարում: Սեմինար-հանդիպումներ համալսարանավարտ երիտասարդների համար, որի շնորհիվ նորավարտ համալսարանականները շփվելու, ծանոթանալու ու համագործակցելու հնարավորություն են ունենում, դասախոսություններ հայտնի բանախոսների մասնակցությամբ, ցուցահանդեսներ, հայերենի ուսուցման կրթական ծրագրեր:

 

Օրինակ հայ երիտասարդներ որ ամուսնացած են օտարի հետ, և այդ օտարը կուզե հայերեն սորվի, ունինք դասընթաց, որ կու գան շաբվաթը մին մը, կխոսին ու մի քիչ ալ տառերը կճանաչեն

 

«Ունինք չափահասներու համար հայերեն դասեր, շաբաթը մեկ անգամ, օրինակ հայ երիտասարդներ որ ամուսնացած են օտարի հետ, և այդ օտարը կուզե հայերեն սորվի, ունինք դասընթաց, որ կու գան շաբվաթը մին մը, կխոսին ու մի քիչ ալ տառերը կճանաչեն»,-ներկայացնում է Տորոնտոյի մասնաճյուղի տնօրենը:

 

Երաժշտական միջոցառումներն ապահովում են տարբեր համույթների ելույթներով, այդ թվում նաև Հայաստանից են հրավիրվում երգիչ-երաժիշտներ: Սալբի Տեր-Ղազարյանը վստահեցնում է, որ տորոնտոհայերը հաճույքով են մասնակցում այս միջոցառումներին:

 

«Այս տարի Էլիբեկյաններու ցուցահանդեսը կազմակերպեցինք, համեգներ կընենք, երբեմն Հայաստանե կամ ուրիշ քաղաքներե շատ պրոֆեսիոնալ երաժիշտներ կամ երգիչներ կհրավիրենք: Օրինակ այս տարի կանչեցինք Իրինա Զաքյանը Հայաստանից, և արտիստները այստեղեն էին»,-ներկայացնում է նախաձեռնությունների հեղինակը:

 

Ծրագրերի շարքում իր հատուկ տեղն ունի բարեգործական նախաձեռնությունները, որոնց նպատակն է ֆինանսական միջոցներ հավաքագրել հայրենիքին օգնելու նպատակով: Տարեկան մի քանի անգամ լինում են նման ձեռնարկներ: Վերջին շրջանում նաև սիրիահայերին աջակցելու նպատակով են նման նախաձեռնությամբ հանդես եկել:

 

Դրամահավաք կկազմակերպենք ու կօգնենք Հայաստանի Բարեգործականի կենտրոնական ծրագրերուն: Այս տարի օրինակ, սիրիահայերու համար հավաքվեցավ

 

«Փորձեցինք սիրիահայերը քով քովի բերել, և բավական հաջող էր, պարզապես, որ նորեն իրարու տեսնենք, ուրիշ բան մըն ալ կընենք, որ շատ կարևոր է, դրամահավաք կկազմակերպենք ու կօգնենք Հայաստանի Բարեգործականի կենտրոնական ծրագրերուն: Այս տարի օրինակ, սիրիահայերու համար հավաքվեցավ, կամ Արցախի համար, դեղորայք կամ այլ բան գնելու, մենք կհայտարարենք ժողովրդին, որ այս տարվա կարևոր պետքերը աս են, ժողովուրդը կօգնե, այդ ձևով հայրենիքին կօգնենք»,-պատմում է ՀԲԸՄ Տորոնտոյի մասնաճյուղի պատասխանատուն:

 

ԳԱՂՈՒԹԸ ՄԵԾՑԱՎ, ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՏՑԱՆ

Սակայն վերջին տարիներին նույն մասնակցությունը ապահովել չի հաջողվում, ինչ, ասենք, 30 տարի առաջ էր: Հիմա Սփյուռքում հայկական կազմակերպությունների պատկերը փոխվել է, նախկինում եզակի համարվող ՀԲԸՄ-ի ու Հայ կենտրոնի կողքին ավելացել են տասնյակ միություններ, որոնք նույն նպատակն են հետապնդում, այս ամենը չէր կարող չանդրադառնալ իրենց գործունեության վրա, ասում է Տորոնտոյի ներկայացուցիչը՝ նշելով.

 

Օրինակի համար,ժամանակին այստեղ իր օգնությունը կցուցաբերեր, կազմակերպությունը բացած է, անշուշտ ադոր միջոցով պիտի օգնե

 

«Գաղութը մեծցավ, եկան Իրաքեն, Պարսկաստանեն, Լիբանանեն, Հայաստանեն, հիմա ալ Սիրիայեն, միությունները շատցան ու բոլորն ալ նույն բաները կընեն, անշուշտ պիտի ազդե, մի կողմեն լավ է, որ շատ միություններ կան, բայց մյուս կողմեն էլ, այո, կազդե մեր վրա: Մենք մեր գործը կշարունակենք ընել, եթե պարսկահայ մը, օրինակի համար,ժամանակին այստեղ իր օգնությունը կցուցաբերեր, կազմակերպությունը բացած է, անշուշտ ադոր միջոցով ալ պիտի օգնե, բայց մենք կշարունկենք մեր աշխատանքները, և որովհետև բարեգործականը շատ լավ նախաձեռնություններ ունի, մանավանդ Հայաստանի մեջ, մեր օգնությունը կստանանք»:

 

ԿԵՆՏՐՈՆԱՑԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆ

Առավելություններից մեկը հենց մարզասրահն է, որի շնորհիվ Բարեգործականի հաճախորդները հավատարիմ են մնում միությանը: Միայն վերջին 30 տարիներին էական փոփոխություններ է նկատել, ասում է.

 

Սփյուռքն ալ կարևոր է, անոր համար աս շենքը կպահենք, բայց ամբողջ նվիրատվությունները կկենտրոնան Հայաստանի պետքերուն

 

«Երկրաշարժեն առաջ բոլորովին տարբեր էր դրությունը, հիմա ամեն ինչ կենտրոնացած է դեպի Հայաստան, նվիրատվությունները: Երկրաշարժեն հետո մեր աշխատանքներն ալ փոխվեցան, անշուշտ Սփյուռքն ալ կարևոր է, անոր համար աս շենքը կպահենք, բայց ամբողջ նվիրատվությունները կկենտրոնան Հայաստանի պետքերուն, նորեն ՀԲԸՄ-ի միջոցով»:

 

ՉԵՆՔ ԹՈՒԼԱՑԱԾ, ԿԱՆԳՈՒՆ ԵՆՔ

Շենքը պահելը հեշտ չի, սակայն հավատարիմ կամավորներ ունեն, որոնց շնորհիվ շարունակում են գործունեությունը, ու այս ամենը չի նշանակում, թե ՀԲԸՄ-ի դիրքերը թուլացել են Սփյուռքում, հավատացնում է վարիչ-տնօրենը՝ ասելով. «Աշխատանքը կա, պարզապես կենտրոնացումը մի քիչ փոխված է, 30 տարի առաջվանե, չենք թուլացած, կանգուն ենք»:

 

Կանգուն շարունակելու ենք աշխատանքը, հավատացնում է տիկին Սալբին՝ նշելով, որ հաջորդ տարի էլ պատրաստվում են մասնակցել համահայկական նշանակության բոլոր միջոցառումներին: Իսկ Ամանորի առիթով երկու մաղթանք ունի՝ մեկն ուղղված Սփյուռքի միություններին, մյուսը՝ կանադահայերին: Բարեմաղթում է.

 

Հայ ժողովուրդը շարունակե իր դիրքի մեջ, քով քովի գան, չտարածվին, չձուլվին: Աս է մեր մաղթանքը

 

«Ցանկությունը այն է, որ համերաշխորեն բոլոր միությունները միասնական աշխատին՝ ի փառս Հայաստանի և մեր շենքերուն, համերաշխություն պիտի ցանկանայի: Պոզիտիվ ենք միշտ, և մեր նպատակն ան է, որ հայ ժողովուրդը շարունակե իր դիրքի մեջ, քով քովի գան, չտարածվին, չձուլվին: Աս է մեր մաղթանքը»: