Home / Canadahye  / Հայաստանից հեռու, ինչպես Հայաստանում. Հայերի Ամանորը Կալգարիում

Հայաստանից հեռու, ինչպես Հայաստանում. Հայերի Ամանորը Կալգարիում

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Կալգարի (Նորանոր) _ Նախատոնական եռուզեռն արդեն սկսված է. Տոնական գնումները՝ տանը ճոխ սեղան գցելու ու սպասվող հյուրերին ըստ պատշաճի դիմավորելու համար, բարձր տրամադրությունն էլ՝ հանդիսության համար, որը տեղի է ունենալու Տարեմուտի գիշերը միասնական ու համախմբված:

 

Սա բոլորովին էլ հայաստանյան իրավիճակի նկարագրություն չէ. Այս ամենը տեղի է ունենում Կանադայի հյուսիսային շրջաններից մեկում՝ Կալգարիի մերձակա Ռեդ Դիեռ քաղաքում, ոչ թե կանադացիներն են այսկերպ դիմավորում Ամանորը, այլ հայ համայնքը՝ 7 հայաստանցի և 3-4 պարսկահայ ընտանիքներով, հաճախ նաև հարակից Կալգարի և Էդմոնտոնի համայնքի հայերն են միանում տոնին, Տարեմուտի զանգերը համախմբում են բոլորին:

 

Էլ հաշիվ չէ՝ ով ումից է նեղացած, բաժակները խփում են, մի այնպիսի ջերմություն է… 

 

«Հենց զանգերը տալիս են, բոլորն իրար փաթաթվում, շնորհավորում են, էլ հաշիվ չէ՝ ով ումից է նեղացած, բաժակները խփում են, մի այնպիսի ջերմություն է… Սա Կրակնոդարը չէ, որ մի կես ժամում թռնեն-գան Հայաստան, մենք իրեր մեջ հարազատներ ենք տեսնում, քույր ու ախպեր ենք տեսնում, խորթ կլինի, եթե իրար չտեսնենք»,-անցած տարիների դեռ թարմ տպավորություններով պատմում է Հմայակ Միքայելյանը՝ միասնական տոնի կազմակերպիչներից մեկը:

 

Նրա ընտանիքը ավելի քան 10 տարի է՝ Հայաստանից տեղափոխվել է Կանադա՝ իր հետ տանելով հայկական մշակույթն ու ավանդույթները, որոնք նույնությամբ փորձում են պահպանել:

 

7 ՕՐԻՑ ՈՉ ՊԱԿԱՍ

Հայաստանում կան ավանդույթներ, որոնք օտարազգիների համար անսովոր կարող են համարվել, իսկ այժմ նաև հենց հայերն են անընդունելի համարում որոշ սովորույթներ, ինչպես օրինակ մեկ շաբաթ շարունակ տոնը նշելը, միմյանց այցելելը:

 

Պատահական չէ, որ Հայաստանում հետտոնական ազատ օրերը ձգվում են ոչ պակաս, քան 7 օր, մինչդեռ աշխարհի շատ երկրների բնակչության համար Նոր տարին աննկատ է անցնում: ՀՀ վարչապետը խոստացել է հաջորդ տարվանից կրճատել ոչ աշխատանքային օրերը, բայց արդյո՞ք դա կփոխի հայերի սովորությունները, դժվար է հավանալ: Օրինակ՝ Կանադայում ապրող հայերը, անկախ ծանրաբեռնված աշխատանքային ռեժիմից, շարունակում են, այսպես կոչված, հայավարի նշել Ամանորը:

 

Մարդիկ աշխատանքից տուն են գալիս, ասում են՝ բա չգնա՞նք, շնորհավորենք մի հատ

 

«Բոլորը աշխատում են, ամսի 31-ին էլ, շատերի համար այստեղ շաբաթ-կիրակի էլ չկա, ու ստացվում է, որ մարդիկ աշխատանքից տուն են գալիս, ասում են՝ բա չգնա՞նք, շնորհավորենք մի հատ: Մենք դրան ենք դեմ, որովհետև Հայաստանում սովոր ենք եղել, համարյա 10 օր տունն ենք եղել»,-պատմում է հայկական տոնակատարության կազմակերպիչը:

 

ԿԱՆԱԴԱՑԻՆԵՐԻ ՆՈՐ ՏԱՐԻՆ

«Ես Կանադայում չեմ տեսնում Նոր տարի անող որևէ մեկը, իրենք ժամը 11-ից քնում են, անգամ շատերը չեն էլ սպասում, որ Նոր տարի խփի, տարբեր տեղեր եմ ապրել, ոչ մի տեղ չեմ տեսել, որ արթուն սպասեն, որ 12-ը խփի».

 

Էլմիրա Չոբանյանը, ով պատմում է կանադացիների այս սովորության մասին, 15 տարի առաջ, երբ նոր էր Հայաստանից Կանադա տեղափոխվել, կզարմանար, բայց հիմա արդեն գիտի, որ դեկտեմբերի 31-ն էլ նրանց համար սովորական աշխատանքային օր է, շատերի համար աննկատ է անցնում, միայն հունվարի 1-ին ազատ են, հաջորդ օրվանից կյանքն իր սովորական հունի մեջ է մտնում: Եզակի մարդիկ գուցե որոշեն փոքր-ինչ արժեվորել տոնը: Պատմում է Հմայակը.

 

10-1 հետհաշվարկ են անում, գոռում են Happy New Year, մի քիչ էլ խմում են ու տներով, իրենց մոտ Նոր տարի նշել չկա

 

«Նոր տարի ասվածը, ոնց որ մենք ենք նշում, իրենք չեն անում, հիմնականում իրենք գնում են փաբերում, սպասում են մինչև ժամը 12-ին, 10-1 հետհաշվարկ են անում, գոռում են Happy New Year, մի քիչ էլ խմում են ու տներով, իրենց մոտ Նոր տարի նշել չկա, կա ռուսական, ուկրաինական համայնքներ, կարող է նշեն, բայց ովքեր որ մի քանի սրեունդներով ապրում են այստեղ, էլ չեն ընդունում Նոր տարին»:

 

Բայց սա չի նշանակում, թե այլազգիներին արգելում են տոնել ուրախությունը. Տասնյակ ազգերի համախմբած Կանադան յուրաքանչյուրին արտոնություն է տալիս նշել, ինչպես ցանկանում է: Տիկին Էլմիրան առիթ ունեցել է մասնակցել ուկրաինացիների Տարեմուտի տոնակատարությանը: Նշում է.

 

«Իրենք փորձում են ազգը պահել, երգ ու պարը պահում են, բայց լեզուն ՝չէ, բայց մենք լեզուն էլ պահում ենք, բոլորը հայերեն խոսում են, չեմ տեսել մի հայ, որ իր ընտանիքում հայերեն չխոսի, բալիկները կարող է իրար հետ անգլերեն խոսեն, բայց ծնողների հետ հայերեն են խոսում»:

 

Ի տարբերություն այլոց, հայկական Նոր տարին նշվում է մաքուր հայկական միջավայրում, կանադացին այստեղ անելիք չունի կամ միայն այն դեպքում, երբ պարտավորվել է ընդունել հայակական սովորույթը, տիկին Էլմիրան այս հարցում անդրդվելի է.

 

Երկու-երեք խառն ամուսնություն ունենք, հարմարվում են մեր ձևով և զարմանում են, որ մեծ շուքով նշում ենք

 

«Երբեք ոչ մեկի չենք կանչում, ամենաշատը փեսա, որ կանադացի լինի, նա մեզ հետ հարմարվում է, երկու-երեք խառն ամուսնություն ունենք, հարմարվում են մեր ձևով և զարմանում են, որ մեծ շուքով նշում ենք»,-ասում է նա:

 

ԴԵՐԵՐԻ ԲԱՇԽՈՒՄ

Տոնին պատրաստվելու հարցում ամեն ինչ այնքան էլ դյուրին չէ, որքան թվում է առաջին հայացքից. Յոթ ընտանիք են, մոտ 40 հայեր, որոնք բոլորն էլ ծանրաբեռնված աշխատում են, եթե դրան զուգահեռ ճիշտ չկազմակերպեն ամեն ինչ, դժվար թե հնարավոր լինի օրը տոն դարձնել, հետևաբար ամեն մարդ իր անելիքն ունի: Հմայակ Միքայելյանին հաջողվում է աշխատանքի բաժանում կատարել, վստահեցնում է.

 

Ես գեղարվեստական մասն եմ անում, Արթուրը, ասենք, խորովածն է սարքում, Արամը մարդկանց ճանապարհն է ասում՝ սենց գնացեք, առևտուրն է անում

 

«Բոլորովս իրար հետ համախմբված անում ենք. ես գեղարվեստական մասն եմ անում, Արթուրը, ասենք, խորովածն է սարքում, Արամը մարդկանց ճանապարհն է ասում՝ սենց գնացեք, առևտուրն է անում, այս ամենը մեկի վրա չէ, որ ամեն ինչ ինքն է անում, խումբ է, իրար վստահում ենք ու դրանով պահում ենք կազմակերպվածությունը»:

 

 

 

100 ԴՈԼԱՐԱՆՈՑ ՃՈԽ ՍԵՂԱՆ

Տոնն ուղեկցվում է ազգային երգ ու պարով, խաղերով ու բոլոր սովորույթներով, այսքանից հետո նաև ընտանիքներում են պահպանում ավանդույթները: Էլմիրա Չոբանյանը 15 տարի անց էլ նույն կերպ է պատրաստում տոնական սեղանը:

 

«Ամեն ինչը պատրաստվում է, նույնիսկ խոզի բուդը, սովորաբար կանադացին ցանկացած տոնակատարություն հնդկահավով է սկսում, բայց մենք դա էլ ենք անում և խոզի բդերը: Տղաները պատրաստում են, սեղանին դնում, հայկական թփով տոլման պատրաստվում է,  պասուց տոլման, բլինչիկը, Շատ- շատ բաներ անում ենք ճիշտ հայկական ձևով՝ բադրջանի, լոբով սալաթները, պատրաստում ենք նաև ստեղի կանաչիները, թթուները տանը դնում ենք, կանաչ պոմիդորները դնում, սեղանի վրա ամեն ինչ լինում է, Նոր տարվա սեղանին դնում ենք ճիշտ հայկական բաները, չիր ու չարազը»-նկարագրում է հայ տանտիկինը:

 

Երկար կարելի է թվարկել հայկական ճաշատեսակները, որոնք Կանադայի հյուսիսում հայաստանցու սեղանն են զարդարում, բայց եթե Հայաստանում այդ ամենի համար առնվազն 500 դոլար կպահանջվեր, ապա այնտեղ մի քանի անգամ էժան է արժենում, հավատացնում է կինը՝ ասելով.

 

Հետևում ենք զեղչերին, առնում ենք իջեցված գներով, հայերը էկոնոմիա կարողանում են անել

 

«Եթե մարդիկ ձեռք են բերում որոշ ժամանակ շուտ, խանութներում իջնում են գները, չարազը կարող ես ձեռք բերել 7 դոլարով, հետևում ենք զեղչերին, առնում ենք իջեցված գներով, հայերը էկոնոմիա կարողանում են անել»:

 

Խմիչքը թանկ է, սովորաբար ովքեր որ խմում են ալկոհոլ, իրենց հետ բերում են, որովհետև շատ թանկ է խմիչքը, մենք էդքան տեղ չենք տալիս

 

Իսկ փեսան հավելում է. «Նայած ինչ մասշտաբի, կարող է տան վրա 100 դոլար էլ չնստի, բայց խմիչքը թանկ է, սովորաբար ովքեր որ խմում են ալկոհոլ, իրենց հետ բերում են, որովհետև շատ թանկ է խմիչքը, մենք էդքան տեղ չենք տալիս»:

 

Անկախ սեղաններին խմիչքի առկայությունից, բարձր տրամադրությունը պահպանվում է հայկական ընտանիքներում, իսկ այս սովորույթները որքան կպահպանվեն, արդյո՞ք հաջորդ սերունդները պատրաստ են հայկական Նոր տարին տոնել իրենց նման, պատասխանը մեկն է. Այնքան, որքան կպահպանեն մայրենի լեզուն ու հայեցիությունը: